Ի՞նչ էր միջազգային հանրությունը պահանջում Փաշինյանից առաջ ու հիմա
Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում, ի թիվս մի շարք աղմկահարույց դիտարկումների, հայտարարեց, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ նշաձողը։
Նա մասնավորապես նշեց, որ միջազգային հանրությունը հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ոչ միայն վտանգ է Արցախի, այլև Հայաստանի համար: «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»,- ասել է նա:
Ուշագրավ կերպով՝ զուգահեռաբար Բաքվում Արցախի ադրբեջանական կարգավիճակից էր խոսել Իլհամ Ալիևը, նշելով, որ որքան շուտ արցախցիները հասկանան, որ ապրելու են ադրբեջանական դրոշի ներքո, այնքան լավ նրանց համար։ Այսինքն՝ գրեթե բաց տեքստով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բացում են Արցախի ապագայի հետ կապված բոլոր խաղաքարտերը։
Թե ինչ միջազգային հանրության և ինչ ռեկոմենդացիաների է հղում անում Նիկոլ Փաշինյանը, թերևս, հայտնի է միայն իրեն։ Սակայն կարելի է հիշել բաց աղբյուրներում դեռևս 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բողոքները, թե փակ դռների հետևում Ադրբեջանին ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
«Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»,- ասել էր Ալիևը, շարունակելով, որ Արցախի հարցում Ադրբեջանի դեմ ակտիվ քարոզչություն է տարվում։ «Արևմտյան լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ իրականացվող զրպարտանքի արշավի նպատակն է՝ ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քանի դեռ մենք ենք իշխանությունը, իսկ հանրաքվեն, փառք Աստծո, ցույց տվեց, որ մենք դեռ երկար կլինենք իշխանություն, Ադրբեջանը երբեք չի համաձայնի նման գործարքի գնալ»,- 2016 թվականի հոկտեմբերին նշել էր Իլհամ Ալիևը։
Սակայն Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված, հեղափոխությունից հետո բանակցային գործընթացի հիմքում դրված հայկական կողմի շեշտադրումները, տրամաբանությունը փորձեց փոխել, սկսել իբրև թե իր կետից, որից հետո գոնե ակնհայտորեն ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության հայտարարություններից հայամետ թեզերը դուրս մղվեցին, որոնք վերաբերում էին Արցախի ինքնորոշման իրավունքին, ինչն այս իշխանությունները յուրովի են մեկնաբանում։ Այնուամենայնիվ, այսպես կոչված, միջազգային հանրության դիրքորոշումն ավելի հայամետ էր, քան այս իշխանությունների դեպքում, քանի որ այս իշխանություններն ինքնակամ փոխեցին ՀՀ բոլոր դիրքորոշումներն ու դիվանագիտական տեքստերը։ Ուստի անհասկանալի է, թե ինչում են միջազգային հանրությանը մեղադրում ՀՀ իշխանությունները, եթե իրենք անձամբ զիջել են ՀՀ-ի համար նպաստավոր դիվանագիտական դիրքերը, ինքնորոշման իրավունքը հանել են տեքստերից, Վիեննայի պայմանավորվածությունները փոխարինել անհասկանալի Դուշանբեի պայմանավորվածություններով, և այդպես շարունակ։ ՀՀ-ի դիրքորոշումները դաշնակիցների մոտ, բանակցային գործընթացում և միջազգային հարաբերություններում առաջ մղելը բացառապես ՀՀ իշխանության պատասխանատվությունն է։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ նախ Հայաստանը պետք է ձևակերպեր ու իր քայլերով աջակցեր ԼՂ անկախության ճանաչման գաղափարին, որի մասին խոսել է նույնիսկ ՌԴ նախագահը։ Ըստ նրա, ՀՀ-ն դա չարեց ոչ պատերազմի ընթացքում, ոչ դրանից հետո, ուստի ավելորդ ակնկալիքներ չպետք է լինեն ոչ դաշնակիցներից, ոչ էլ այլ երկրներից։
Նրա խոսքով, բնականաբար, միջազգային հանրությունը, որը հստակ չէ, թե ով է, ցանկանում է, որ խնդիրները լուծվեն, և, բնականաբար, պատերազմ հաղթողի դիրքերը պատերազմից հետո ամուր են, հենց այդ պատճառով Ադրբեջանը շտապում է, ուստի միջազգային հանրությունը կամ առանձին երկրներ կարող են հանդես գալ առաջարկներով, խորհուրդներով, սակայն գլխավորը բանակցող կողմի դիրքորոշումն է, վճռականությունը։
Բայց վերլուծաբանի կարծիքով, իրենք՝ ՀՀ իշխանությունները, պետք է գործը անեին՝ այլ երկրներից ինչ-որ բան պահանջելու փոխարեն։ «Բնականաբար, այդ միջազգային հանրությունն իր տեսլականն ունի, իսկ երկրները՝ իրենց։ Իսկ Ռուսաստանը այս պահին իր խնդիրներն ունի, քիչ հավանական է, որ այս ամենի խորացված հետևում են, ուստի ՌԴ-ին, կարծում եմ, տեղին չի լինի այդ միջազգային հանրության շարքում դիտարկելը»,- նկատեց նա։
Ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ այսօր փոքր-ինչ բարդ է խոսել հավաքական միջազգային հանրությունից։ Ըստ նրա, երևի թե նկատի է առնվում Արևմուտքը, քանի որ նույնիսկ հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ-ն այլևս միակամություն չունի և չի կարողանում աշխատել, որևէ միասնական դիրքորոշում գոյություն չունի։ Իրավիճակի մյուս կողմը, նրա խոսքով, այն է, որ պատերազմից հետո ՀՀ դիրքերը թուլացել են, ինչն անդրադառնում է բանակցություններում կողմերի ու միջնորդների դիրքորոշումների վրա։
«Սակայն հակամարտությունները հենց դրանով են բարդ ու երկարաժամկետ, քանի որ յուրաքանչյուր կողմ առաջ է մղում իր դիրքորոշումը, որքան էլ այն ծայրահեղ թվա հակառակ կողմի համար։ Նման հակամարտությունները հենց այդ պատճառով երկարաձգված են, այս դեպքում միջազգային հանրության գործառույթը միջնորդ լինելն է, ոչ թե կողմերին ստիպելն անել ինչ-որ բան։ Կարելի է կանխատեսել, որ առաջիկա հնարավոր Խաղաղության համաձայնագրի շրջանակը մոտավոր պարզվում է, և փաստորեն դրանում չկան ըստ էության մեծ տարաձայնություններ Երևանի ու Բաքվի միջև»,- նկատեց նա։