Ռուսաստանից մոտ 50.000 մարդ տեղափոխվել է Հայաստան. առաջին անգամ ականատես ենք լինում բիզնես էմիգրացիայի. Մարաշլյան
Որպեսզի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված քաղաքացիների համար մեր երկիրը դառնա հաբ և ոչ թե լոկ տրանզիտ անվտանգ տարածք, առավել ակտիվ պետք է լինի հատկապես մասնավոր հատվածը, որովհետև պետության մակարդակով տեսանելի ակտիվությունը կարող է Հայաստանին կանգնեցնել նաև որոշակի պատժամիջոցների առաջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Վարդան Մարաշլյանը՝ շեշտելով.
«Առաջին անգամ Հայաստանում ականատես ենք լինում որակյալ բիզնես էմիգրացիայի. խոսքը գնում է 40-50 հազար մարդու մասին, որոնք իրենց բիզնեսը Հայաստան են տեղափոխվել: Խոսքը գնում է հիմնականում բարձր տեխնոլոգիական և հարակից ոլորտների մասին։ ՀՀ տեղափոխվածները բախվում են բնակարան գտնելու, ինչպես նաև աշխատանքային միջավայրի փնտրտուքի, Հայաստանում կարգավիճակ ստանալու, բանկային գործարքների և ինտեգրման հետ կապված տարատեսակ խնդիրների հետ։
Այս խնդիրների լուծման հարցում հիմնական շեշտադրումը պետք է, սակայն, դրվի մասնավորի վրա, որովհետև եթե Արևմուտքը զգաց, որ Հայաստանի գործողությունների միջոցով ՌԴ-ի վրա պատժամիջոցների ազդեցությունը թուլանում է, կարող է մեր նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կիրառել, մյուս կողմից՝ Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ, որ հատկապես ՏՏ ոլորտի ընկերությունները տեղափոխվում են Հայաստան»։
Նրա խոսքով՝ այս խնդիրները լուծելու համար Արտաքին գործերի նախարարությունը պետք է աշխատի հինգ երկրի դեսպանատների հետ ՝ամենօրյա ռեժիմով, որպեսզի այս գործընթացն ընդունելի լինի հակամարտող կողմերի համար։
«Մենք պետք է կարողանանք Հայաստանը դարձնել ճիշտ կամուրջ, որ Հայաստանն ընդունելի լինի և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի համար այստեղ տեղափոխվող բիզնեսների ծավալման ու գործունեության հարցում։ Այստեղ է, որ բացառիկ դեր կարող է ունենալ մեր սփյուռքը, որն ունի լծակներ, ուստի հիմա դա պետք է օգտագործել»,- ասաց Մարաշլյանը։
Նրա փոխանցմամբ՝ պետությունը, զգուշավորություն ցուցաբերելուց զատ, սակայն, Ռուսաստանից տեղափոխվող բիզնեսները Հայաստանում պահպանելու համար պարտավոր է աջակցություն ցուցաբերել, օրինակ՝ ստեղծել այս բիզնեսների գործունեության համար պայմաններ՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ այլ ավելի ակտիվ քաղաքներում՝ Գյումրի, Դիլիջան և այլն՝ լուծելով դրանց հետ կապված խնդիրների իր մասը, մասնավորապես՝ լուծի, օրինակ, Հայաստան տեղափոխվողների կարգավիճակ ստանալու հարցը՝ մեկ պատուհանի սկզբունքով։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում