Գեղարքունիքում տեղացած ձյունը մասնագետները համարում են սպասված ու կարևոր
Գեղարքունիքի մարզում վերջին օրերին տեղացած ձյունը, մասնագետների գնահատմամբ, անչափ սպասված ու կարեւոր էր գյուղատնտեսության ու բնապահպանության համար։ Այդ կարծիքին են նաև գյուղի տարեցները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, վերջապես այս ձմռան ողջ ընթացքում առաջին անգամ մարզի ամբողջ տարածքում ձնածածկույթ է ձեւավորվել, որի շերտը կազմում է 15-40 սմ։
«Սակավ տեղումների պատճառով շատ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել գյուղատնտեսության ու բնապահպանության ոլորտներում։ Բավական է ասել, որ 2021 թվականի նոյեմբերից մինչեւ 2022 թվականի մարտ ամսի սկզբները ձյան ծածկույթ չէր ձեւավորվել ոչ միայն ցածրադիր գոտիներում, այլ նաեւ՝ լեռնային ու բարձրլեռնային հատվածներում։ Դա լուրջ վտանգ էր թե՛ աշնանացանի, թե՛ արոտներում ու խոտհարքերում բուսածածկույթի ձեւավորման ու աճի համար։ Մյուս կողմից՝ վտանգավոր էր գետերի, գետակների, աղբյուրների ցամաքեցման, իսկ վերջնական արդյունքում՝ Սեւանա լճի ջրային պաշարների նվազման եւ վերահաս երաշտի տեսանկյունից։ Այնպես որ, ձեւավորված ձյան շերտն արդեն փրկության պես մի բան էր, անփոխարինելի պարգեւ։ Առաջիկա օրերի կանխատեսումների համաձայն՝ սպասվում են ձյան նոր տեղումներ, որոնք ավելի կհարստացնեն մեր ջրային պաշարները եւ կչեզոքացնեն սպասված վտանգները՝ խոստանալով բարեբեր գյուղատնտեսական ու բնապահպանական տարի»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։