Ինչո՞ւ է Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվում
Չնայած Ադրբեջանի իշխանություններն ամեն հնարավոր առիթով խոսում են ՀՀ իշխանությունների հետ բանակցային գործընթացը վերսկսելու, ինչպես նաև Խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, վերջին օրերին կտրուկ սրվել է իրավիճակն արցախաադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։
Արցախի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հաղորդեց, որ Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող։ Իսկ հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ հրադադարի խախտումն անսպասելի չէ, քանի որ պատերազմից առաջ 1994 թվականին ձեռք բերված հրադադարը մշտապես խախտվել է։
Սակայն, ըստ նրա, ներկա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ վերջին պատերազմից հետո հակամարտության գոտում տեղակայվել է ռուս խաղաղապահ կոնտինգենտ, ինչպես նաև ձևավորվել է ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն։
Խրամչիխինն ասաց, որ պատրանքներ չեն եղել, որ ուժ բացարձակ չի կիրառվի, քանի որ պատերազմն ավարտվել է հրադադարի և ոչ հաշտության պայմանագրով, որում ամրագրվում է բոլոր խնդիրների լուծումը կամ փոխընդունելի տարբերակը։
«Այս հակամարտության խնդիրների մեծ մասը մնացել է։ Այդ մասին իրենց ելույթներում խոսում են երկու ղեկավարները, և չկա քաղաքական գործընթաց, որում այդ խնդիրները կքննարկվեն։ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, Իրանը դեմ է կոմունիկացիաների բացմանը, որոնք Ադրբեջանն է ցանկանում, լարվածության օջախներ կան տարածաշրջանում, կան մի շարք ուղղություններով իրականացվելիք քայլերի մասին խոսակցություններ, սակայն ոչ մի գործողություն։ Մեծ դերակատարություն ունի աշխարհաքաղաքականությունը, որում Ռուսաստանը խաղացողներից միայն մեկն է։ Մենք տեսնում ենք, որ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանն անընդհատ ընդլայնում են իրենց ռազմատեխնիկական համատեղ կարողությունները, դա նշանակում է, որ դա հարկավոր է թե՛ դիվանագիտական զսպման, թե՛ ինչ-որ խնդիրների լուծման համար։ Կարծում եմ, Ռուսաստանն իր դիվանագիտական աշխատանքն անընդհատ տանում է, բայց հակամարտության գոտիներում կարող են խաղաղապահների ներկայության դեպքում ևս լինել միջադեպեր, նման բաներ պատահում են բոլոր հակամարտությունների դեպքում։
Կարծում եմ, Ղարաբաղյան հակամարտությունը դեռ շատ կշարունակվի կարգավիճակի հարցի շուրջ գլոբալ խաղացողների տարաձայնությունների պատճառով։ Սակայն վստահաբար կարելի է ասել, որ հրադադարի տևական խախտումներ չեն կարող լինել, միայն առանձին միջադեպեր, որոնց խաղաղապահները տեղում արձագանքում են, բայց սա միայն ռազմական հարց չէ, այլ քաղաքական և գեոքաղաքական։ Հրադադարի խախտումը մշտապես չլուծված քաղաքական խնդիրների մասին ազդանշան է»,- ասաց վերլուծաբանը։