Գիտակցված քայլեր են. Քոչարյանը՝ Ալիևին քարտեզներ փոխանցելու՝ Փաշինյանի առաջարկի մասին

Հոկտեմբերի 3-ին Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և իր հետ տանել բոլոր այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ Նիկոլ Փաշինյանի պարզաբանմամբ՝ «խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում»։ Իսկ այդ քարտեզները  հանդիպմանը տանելու պայմանն էլ այն է, որ Ադրբեջանի նախագահն իր հետ տանի Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին:

«Տեսեք, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Ասեմ, որ դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա թարգմանաբար նշանակում է, և արտգործնախարարների մակարդակով, և վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սպասում է իր լուծմանը, և կարող եմ ասել, որ մի քանի անգամ արդեն ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որտեղ նրանք մի քանի անգամ արձանագրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ու այս նպատակով խաղաղ գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը»,- Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  մամուլի ասուլիսի ընթացքում 168.am-ը հարց ուղղեց նրան, թե ինչո՞ւ է հայկական կողմը նշված տարածքների քարտեզները հանձնում Ադրբեջանին հայ ռազմագերիների դիմաց, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գերիներին վերադարձնելու մասին հստակ կետ կա։ Արդյո՞ք այս քայլով ՀՀ իշխանությունը ևս մեկ անգամ չի ապացուցում, որ պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները։

Պատասխանելով հարցին, Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասաց. «Գիտեք, ես կարող եմ առնվազն ևս մի տասնյակ այլ օրինակներ բերել, որոնք ապացուցում են այն, ինչ  ասում եք։ Այո, ես որևէ տրամաբանություն այս ամեն ինչի մեջ չեմ տեսնում։ Ես չեմ հասկանում, թե ինչու մեկ տարի անց մենք ունենք ռազմագերիներ, ավելին՝ մենք չգիտեք, թե քանի ռազմագերի ունենք։ Պատերազմից մեկ տարի անց չիմանալով հստակ զոհվածների թիվը, չիմանալով անհետ կորածների, գերիների թիվը, մենք հանդուրժում ենք այս իշխանությանը, սա ուղղակի աբսուրդ է։ Ես չեմ հավատում, որ աշխարհում կա որևէ այլ օրինակ, որ գոնե զոհվածների թիվը հնարավոր էր հրապարակել։ Մարդկանց անուն, ազգանունը, հայրանունը, որտեղ է զոհվել, քանի տարեկան է եղել, իր տվյալներով, գոնե մի գիրք պետք է լինի։ Մենք պետք է հասկանանք, որ այս մարդիկ իրենց կյանքը տվել են հայրենիքի համար։ Չեմ ուզում այդ էմոցիոնալ դաշտի մեջ ընկնել, բայց այն, ինչ կատարվում է  արդեն մեկ տարի անց, հնարավոր չէ բացատրել անփորձությամբ կամ ապիկարությամբ։ Սրանք գիտակցված քայլեր են, որոնց նպատակներն ինձ համար հասկանալի չեն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս