Գագոն Լևոնի փողը չի տվել

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրեց չառաջադրվելու մասին իր որոշման մասին հայտնել ոչ թե ՀՀՇ համագումարում, որը բավական սոլիդ քաղաքական միջավայր էր նման որոշման հրապարակայնացման համար, այլ հարցազրույցի միջոցով: Համագումարում նա երևի չէր կարող ասել, որ 68 տարեկան է և, տարիքի բերումով, չի կարող առաջադրվել: Հնարավոր է, որ նրա կողմնակիցների համար այս հիմնավորումն այնքան էլ համոզիչ չթվար, և նրանք պնդեին, որ Տեր-Պետրոսյանը պարտավոր է առաջադրվել:

ՀԱԿ-ում կան մարդիկ, ովքեր ասում են, որ, եթե պատճառը միայն տարիքն էր, ապա նույն տրամաբանությամբ՝ նա պետք է հրաժարվեր գլխավորել ՀԱԿ համամասնական ցուցակը խորհրդարանական ընտրություններում, որովհետև այն ժամանակ էլ իրենք գնում էին ոչ թե 7 մանդատ ստանալու, այլ իշխանափոխության առաջին փուլն իրականացնելու: ՀԱԿ-ում կան մարդիկ, ովքեր պնդում են, թե գիտեն Տեր-Պետրոսյանի չառաջադրման իրական շարժառիթները: Ըստ նրանց, Տեր-Պետրոսյանը որոշել էր առաջադրվել, բայց վերջին պահին փոխեց իր որոշումը զուտ տեխնիկական պատճառով, որի մասին ակնարկել էր հարցազրույցում: Ի՞նչ տեխնիկական պատճառի մասին է խոսքը:

Պարզ է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: Առանց դրա նույնիսկ ամենամեծ ժողովրդականություն վայելող թեկնածուն չի կարող ընտրարշավ իրականացնել: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանին գումար տվողներ շատ կային, այդ թվում` իշխանական ճամբարից, քանի որ համարում էին, որ Տեր-Պետրոսյանի հաղթելու հավանականությունը բավական մեծ է, և հավանական հաղթողին ֆինանսավորելով՝ իրենք ապահովագրում են իրենց բիզնեսը նաև հաջորդ հավանական իշխանության տարիներին: Այս նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանը ֆինանսական աջակցություն կարող էր ակնկալել միայն մեկ հոգուց` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից:

Ճիշտ է, նա ևս Տեր-Պետրոսյանի հաղթելու հնարավորությունն  իրական չէր կարող գնահատել, բայց, չգիտես ինչու, ՀԱԿ-ում համարում էին, որ Գագիկ Ծառուկյանը պետք է աջակցի Տեր-Պետրոսյանին, նույնիսկ, եթե նրա հաղթելու հնարավորությունը շատ փոքր է. թերևս՝ «խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում» սկզբունքի շրջանակներում:

Ծառուկյանը Տեր-Պետրոսյանին ծածուկ աջակցություն ցույց տալու միայն մի միջոց ուներ. գաղտնի ճանապարհով փող տալ, այսինքն` ֆինանսավորել Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավը: Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներն ասում են, որ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀՇ համագումարի ժամանակ դեռ հավանականություն կար, որ Գագիկ Ծառուկյանը կֆինանսավորի Տեր-Պետրոսյանի ընտրարշավը: Եվ երբ Տեր-Պետրոսյանն ասում էր, թե ինքը դիմել է Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Ռուսաստանին և Չինաստանին, ու սպասում է պատասխանի, նա ընդամենը մեծարում էր Ծառուկյանին՝ նրան համեմատելով այդ գերտերությունների հետ, ում պատասխանից էր կախված իր առաջադրումը: ՀԱԿ-ում համոզված են, որ Ծառուկյանը հերթական անգամ գցեց իրենց. մի անգամ՝ չառաջադրվելով, երկրորդ անգամ` փող չտալով: Տեր-Պետրոսյանի թիմը հիմա ավելի շատ մեղադրում է Գագիկ Ծառուկյանին, քան Տեր-Պետրոսյանին:

ՀԱԿ անդրդվելի նվիրյալների մյուս մեղադրյալը Հրանտ Բագրատյանն է: Եթե Գագիկ Ծառուկյանը և նրա ժուժկալությունը չառաջադրման արտաքին պատճառն են, ապա ներքին պատճառը թիմի անհամերաշխությունն է, նրա ներսում «դավաճանների» առկայությունը: «Ինչպե՞ս կարող էր Տեր-Պետրոսյանն առաջադրվել, եթե թիմում չկար միասնականություն, եթե նույնիսկ ամենահավատարիմ համարվող մարդիկ դավաճանեցին Տեր-Պետրոսյանին»,- ասում են նրա հավատավոր կողմնակիցները:

Ըստ նրանց, Տեր-Պետրոսյանի համար ամենածանր հարվածը Հրանտ Բագրատյանի հայտարարությունն էր. նա ՀՀՇ համագումարից երկու օր առաջ հայտարարեց, որ կասեցնում է իր անդամակցությունը ՀԱԿ քաղխորհրդին, քանի որ մտադիր է առաջադրվել: ՀԱԿ անդամներն ասում են, որ Բագրատյանը Տեր-Պետրոսյանին խոստացած է եղել, որ առաջադրման մասին որևէ հայտարարություն չի անի, մինչև Տեր-Պետրոսյանը չորոշակիացնի իր առաջադրման հարցը: ՀԱԿ-ում նկատել են, որ ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես չմոտեցավ և չբարևեց Հրանտ Բագրատյանին:

Հիմա նա իշխանության «գործակալների և դավաճանների» ցանկում է, ովքեր հատուկ առաջադրանքի շրջանակներում քայքայում էին ՀԱԿ-ը: Եթե այսպես շարունակվի, ապա կարող է պարզվել, որ ՀԱԿ-ը ստեղծել էին գործակալները և դավաճանները. ովքեր կամաց-կամաց բացահայտվում են: «Ով մեզ հետ չէ՝ նա դավաճան է» սկզբունքը դարձել է ՀԱԿ մնացորդների կարգախոսը:

Հիմա ՀԱԿ-ը կանգնած է դժվար ընտրության առաջ. մի ճանապարհն ինքնալուծարումն է, քանի որ այն ստեղծվել էր Տեր-Պետրոսյանի անձի շուրջ: Թվում է, թե կա երկրորդ ճանապարհը. ՀԱԿ-ում համարում են, որ պետք է գտնել նոր գաղափար, նոր նպատակ, որը կարող է միավորող լինել այդ կառույցին մաս կազմող ուժերի և անհատների համար: Նման գաղափար կամ նպատակ դեռևս չկա: Որքան էլ երկար են քննարկում, թե ինչի շուրջ կարելի է միավորվել, դարձյալ վերադառնում են նույն կետին. հնարավոր է, որ Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, բայց շարունակի քաղաքական գործունեությունը:

Տեսանյութեր

Լրահոս