Այդ դատավարություններն ապօրինի են. դրանց արդյունքները չեն կարող ճանաչվել ո՛չ մեր կողմից, և ո՛չ էլ միջազգայնորեն. Սիրանուշ Սահակյան

«Պաշտոնապես ընդունվածների թվաքանակը 45-ն է, բայց չհաստատված և ապացույցներով հիմնավորվող դեպքերը, բնականաբար, ավելի շատ են. մենք մոտավորապես 140 դեպքի մասին ենք խոսում, որ մեզ հայտնի են, և ապացույցներով կարողանում ենք հիմնավորել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների թվաքանակին՝ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Սիրանուշ Սահակյանը նաև տեղեկացրեց, որ Ֆեյսբուքում մեկ ամիս առաջ հայ զինծառայողների մասնակցությամբ հրապարակված տեսանյութերից հետո բազմաթիվ արձագանքներ են եղել ու նաև՝ գերիների նույնականացման դեպքեր են ի հայտ եկել:

«Ստուգվել է ներկայացված տեղեկությունը. մի մասը ֆիլտրվել է, մշակվել է,  և արդյունքում ունենք նոր նույնականացված դեպքեր»,- հավելեց նա:

Հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանում բեմականացվող դատավարություններին և այս դատավարությունում հայ գերիների պաշտպանությունը ստանձնելու հայ փաստաբանների պատրաստակամության մասին մեր հարցին ի պատասխան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչը շեշտեց՝ իրատեսական քայլ չէ, ապա մանրամասնեց.

«Օտարերկրյա փաստաբանները կարող են սահմանափակ դեպքերում ներգրավվել ներպետական ընթացակարգերում՝ այն էլ, եթե գործ ունենք օտարերկրյա իրավունքի մեկնաբանության կամ կիրառության հետ: Էթիկապես ևս ճիշտ չէ, որպեսզի ադրբեջանական օրենսդրությամբ ընթացող դատավարությունների մաս դառնան:

Այս առումով կարծեք թե կա նաև պաշտոնական պարզաբանում Ադրբեջանի կողմից, որով հայտնում են անհնարինության մասին. միջազգային պայմանագրի բացակայությունն ուղղակի բացառում է նման հնարավորության ընձեռումը հայ փաստաբաններին:

Ի սկզբանե այդ դատավարություններն ապօրինի են. դրանց արդյունքները չեն կարող ճանաչվել ո՛չ մեր կողմից, և ո՛չ էլ միջազգայնորեն, ուստի այդ դատավարություններին մաս դառնալն ընդամենը լեգիտիմացնելու է այդ գործընթացը, ինչն անթույլատրելի է:  Բայց մենք գործընթացի հետ կապված այս պահին մեծ ռիսկեր չենք տեսնում, որովհետև, առնվազն, այն անձինք, որոնք մեր վստահորդներն են, ուղղակի պատրաստակամ չեն համագործակցել այդ նախաձեռնության շրջանակներում, և նրանք չեն լիազորի որևէ փաստաբանի մեկնել Ադրբեջան և գործունեություն իրականացնել իրենց անունից: Դրա համար, թերևս, տեսականորեն հնարավոր է՝ այս նախաձեռնությունը գոյություն ունենա, բայց գործնականում որևէ դրական արդյունք չի կարող տալ»:

Հարցին՝ արդյոք առաջիկայում ականատես կլինե՞նք գերիների նոր խմբի վերադարձի, իրավապաշտպանը պատասխանեց.

«Հստակ օրերի մասին չեմ կարող խոսել, բայց վստահորեն հայրենադարձության նոր դեպքեր լինելու են, և դրանք հիմնականում պայմանավորված են լինելու որոշակի պահանջների կատարմամբ, այսինքն՝ տարբեր պետությունների միջնորդությամբ, փոխադարձ ընդհանուր շահեր են փորձ արվում դուրս բերել, և ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հաստատված ռազմագերիները ընթացքում կհայրենադարձվեն»:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ.  Հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ 

Տեսանյութեր

Լրահոս