Տեղյակ ենք նաև միջադեպերի մասին, երբ քարտեզները տրամադրվել են, բայց գերիները չեն վերադարձվել. Սիրանուշ Սահակյան
Թեև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-իհայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը, սակայն Նիկոլ Փաշինյանն օրերս տեղեկացրեց, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել ականապատված քարտեզների տրամադրման դիմաց: Ավելին՝ Փաշինյանն ասել է, որ պատրաստ են քայլի դիմաց քայլ անել, ասել է թե՝ նոր նախապայմանների, նոր քարտեզների տրամադրման դիմաց վերադարձնել գերիներին:
Նկատենք, որ քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներ մեկ անգամ չէ, որ մեղադրել են գործող իշխանություններին՝ ի սկզբանե գերիների վերադարձի բանակցությունները ձախողելու մեջ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետում չեն նշվել հստակ ժամկետներ՝ ի տարբերություն Ադրբեջանին հանձնվող շրջանների մասին կետի։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գերիներ վերադարձի գործընթացին, շեշտեց.
«Գերիների վերադարձն անպայմանական է. միակ պայմանը հակամարտության ավարտն է. եթե կոնֆլիկտի ակտիվ ֆազան ավարտվում է, ուրեմն առաջ է գալիս պարտականություն՝ վերադարձնել։ Այլ հարց է, որ մենք բազմիցս ասել ենք, որ գերիների հարցը կախվածության մեջ է դրվում քաղաքական օրակարգային խնդիրներից»:
Իսկ քաղաքական օրակարգային հարցերը, ըստ իրավապաշտպանի, կարող են քաղաքական տարբեր պահանջներ լինել, այդ թվում՝ քարտեզների տրամադրում, զորքերի դուրսբերում, տարածքների հանձնում և այլն:
Ի դեպ, Սիրանուշ Սահակյան տեղեկացրեց, որ գերիներ՝ քարտեզների դիմաց օրակարգն Ադրբեջանն առաջ է քաշել դեռևս դեկտեմբեր ամսից:
«Իրենց ռազմագերիներին ստանալուց հետո հաջորդող պայմանները կապված են եղել պահանջների հետ, այդ թվում՝ քարտեզների առնչությամբ»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, թե միշտ չէ, որ մեր զգայուն տեղեկատվության տրամադրումը հանգեցրել է Ադրբեջանի կողմից հանդիպակաց գործողությունների կատարման։
«Ադրբեջանն ինչպես պայմանագրի որոշ կետերի հարցում է գցել, նաև այդ պայմանավորվածությունների հարցում է գցել հայկական կողմին:
Կարծում եմ՝ այստեղ նոր ներգրավված սուբյեկտի գործոնն է, որ ապահովել է պայմանավորվածությունների չխախտումը, և քարտեզների տրամադրմանը զուգընթաց՝ կազմակերպվել է նաև վերադարձը, բայց մենք տեղյակ ենք նաև միջադեպերի, երբ քարտեզները տրամադրվել են, նաև ուժային կառույցների ներգրավվածությամբ, բայց գերիները չեն վերադարձվել»,- ասաց նա: