
Ադրբեջանը բազմաթիվ անձանց գերեվարումը չի ընդունում, և հետաքննություն անցկացնելու անհրաժշետություն կա․ իրավապաշտպան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը ֆեյսբուքում հրապարակել են տեսանյութեր, որոնցում, ըստ նրանց, հավանական է լինեն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված զինծառայողներ։
«Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ»,- տեսանյութերին կից գրել է Արտակ Զեյնալյանը։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ կերպ նրանք ցանկանում են ներգրավվել ընտանիքի անդամներին, հարազատներին, համածառայակիցներին, ովքեր կկարողանան ճանաչել, նմանեցնել նրանց, կուղարկեն լուսանկարներ։
«Մենք նաև ունենք համագործակցություն՝ թե՛ տեղական, և թե՛ օտարերկրյա փորձագետների հետ, որոնց աջակցությամբ պետք է բացահայտենք և հաստատենք անձանց ինքնությունը։
Նույնականացման գործընթացն ենք ավարտում, ինչն այս փուլում հույժ կարևոր է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը բազմաթիվ անձանց գերեվարումը չի ընդունում, և հետաքննություն անցկացնելու անհրաժշետություն կա․ մենք ուղղակի ապացուցողական բազան ենք ուժեղացնում»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ տեսանյութերը հիմնականում արվել են հոկտեմբեր-նոյմեբեր ամիսներին։
Հարցին՝ արդյո՞ք երեկ տեղադրված հաղորդագրությունից հետո արդեն զանգեր ստացե՞լ են․ եղե՞լ են մարդիկ, որոնք ճանաչել են իրենց հարազատներին, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Այո արդեն ունենք արդյունքներ»։