Ինձ համար Հայաստանի դրոշն արտերկրում ներկայացնելը պատվից ավելին է. Արթուր Բարսեղյան

Հայաստանը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի երկու լողորդ: Տղամարդկանց պայքարում Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ ոճում: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը հենց Արթուր Բարսեղյանն է: Նա ծնվել է 2002 թվականին և առաջին անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին: Մասնագետները Բարսեղյանի համար մեծ ապագա են կանխատեսում:

-Արթուր, պատմեք, թե ինչպես ծնվեց հետաքրքրությունը լողի նկատմամբ:

-Երեք տարեկանից եմ սկսել լողով զբաղվել և այդ տարիքում որպես այդպիսին հետաքրքրություն չկա: Ընթացքը տվել են տատիկս և պապիկս, ովքեր մտածելով ապագայի մասին, որ երեխան պետք է լողալ իմանալ:

-Արդյոք կա մի ժամանակահատված կամ մի մրցաշար, որից հետո ինքներդ Ձեզ ասել եք, որ, այո, լողն իմ մարզաձևն է:

-Անկեղծ եմ չէ՞ պատասխանում:

-Միանշանակ:

-2017 թվականն էր, երբ ես սիրահարվեցի ու երբ հասկացա, որ այդ աղջկան անընդհատ տեսնելու եմ միայն մրցաշարերին, դրանից հետո սկսեցի լողը սիրել (ծիծաղում է. հեղ.): Աղջիկը վրացի է, հիմա էլ չկա լողում:

-Դուք մասնակցել եք Պատանեկան Օլիմպիական խաղերին: Ի ՞ նչ տվեց այն ձեզ:

-Մեծ փորձ, գիտակցում, թե ինչ են իրենցից ներկայացնում մեծ փառատոնները: Թե ինչ է մեծ սպորտը, ինչ են ապրումները, նոր ծանոթությունները:

-Սրանք ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Ի ՞նչ ակնկալիքներ ունեք:

-Եթե անկեղծ հոգեբանորեն այնպիսինն եմ, որ եթե տրամադրվում եմ ինչ-որ բանի, հակառակն է ստացվում: Այդ իսկ պատճառով միայն մտածում եմ, որ պարզապես լավ է լինելու: Ամբողջ հույսս կապում եմ Աստծո կամեցողության հետ: Օլիմպիական խաղերի մասնակցությունն արդեն իսկ մեծ կետ է, որին հասել եմ: Երբ ընդհանուրի մեջ եմ նայում, ապա ամբողջ Հայաստանի 17 մարզիկներից եմ, ով մասնակցում է Օլիմպիական խաղերին: Սա ինչ-որ տեղ ոգեշնչում է հանուն մյուսների էլ լավ մասնակցել: Ինձ համար Հայաստանի դրոշն արտերկրում ներկայացնելը պատվից ավելին է:

-Արթուր, կա՞ մարզիկ, ով եղել է կամ ներկայումս Ձեզ համար ոգեշնչման աղբյուր է:

-Մինչև 17 տարեկանս ոգեշնչվել եմ Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների լավագույն մարզիկ Մայքլ Ֆելպսով: Բայց սպորտում կա նման մի բան, որ ոգեշնչման աղբյուրներիդ արդյունքներին մոտենալիս՝ քեզ համար հետոն անհետաքրքիր է դառնում: Իմ դեպքում ես ինքս իմ անձի դեմ պայքարելով եմ առաջ գնում:

-Երբ ուսումնասիրում էի Ձեր նախորդ հարցազրույցները բախվեցի մի նախադասության, որը տպավորեց. «Մեզնից յուրաքանչյուրն ազատ է այնքան, քանի դեռ ապրում է»: Ինչի ՞ց եք հանգել նման եզրակացության:

-Գիտեք, ես իմ էությամբ ազատ մարդ եմ, չեմ սիրում, երբ ինձ ասում են ինչը ոնց անեմ: Գուցե, սա է պատճառը:

-Յուրաքանչյուր մարզաձև իր ներքին գեղեցկությունն ունի, որը յուրաքանչյուր մարզիկ հասկանում է՝ երկար տարիներ մարզվելով: Ըստ ձեզ, ո՞րն է լողի գեղեցկությունը:

-Կարծում եմ՝ մարմնի կառուցվածքը, առողջ ապրելու հնարավորությունը: Լողը մարդուն տալիս է լիարժեք ապրելու հնարավորությունը, ուժ: Ինձ համար լողը շատ գեղեցիկ կնոջ է նման, որը ինձ փարվում է, և ես էլ դրանից ոգեշնչվում եմ, որ ավելի ու ավելի երկար ապրեմ իր հետ: Առանց ջրի ես չկամ:

-Սպորտում այսպես է՝ դու մեծ հաջողությունների հասնում ես տաղանդի կամ աշխատասիրության շնորհիվ: Դուք ձեզ տաղանդավոր ե՞ք համարում, թե՞ աշխատասեր:

-Ոմանք ծնվում են տաղանդով, բայց չեն օգտագործում այն: Օրեր առաջ մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը Բուդապեշտում, որը համարում եմ իմ կարիերայի վատագույն մրցաշարը մինչ օրս: Շատ վրդովված էի և ինքս ինձ խոսք եմ տվել, որ երբեք էլ նման արդյունք չեմ գրանցելու: Սրանից ելնելով կասեմ, որ աշխատասիրությունը միշտ պետք է գերադասի: Ջանասիրությունը միշտ գնահատվում է:

-Բնութագրեք խնդրեմ Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Ուրախ, մարդաշատ, մի ուրիշ աշխարհ:

-Լողից զատ այլ հետաքրքրություններ ունե ՞ք:

-Այս պահին չունեմ, քանի որ նախ զինվոր եմ: Բայց երաժշտությունը մեծ տեղ ունի իմ առօրյայում և, եթե ժամանակ եմ ունենում, բասկետբոլ եմ խաղում: Եվ բասկետբոլը միակ մարզաձևն է, որ կփոխեի լողի հետ:

-Մի քանի բլից հարցեր. լե՞ռ, թե՞ ծով:

-Լեռ:

-Թո՞մը, թե՞ Ջերին:

-Թոմը:

-Նարդի՞, թե՞ շախմատ:

-Շախմատ:

-Դոլմա՞, թե՞ խորոված:

-Խորոված:

-Պիցցա՞, թե՞ պաղպաղակ:

-Միանշանակ պիցցա:

-Գի՞րք, թե՞ ֆիլմ:

-Եթե ժամանակ ունենայի, գիրք, բայց՝ ֆիլմ:

-Սո՞ւրճ, թե՞ թեյ:

-Սուրճ:

-Բատերֆլա՞յ, թե ՞ թիկնալող:

-Բատերֆլայ:

-Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ՝ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:

Նախագծի հեղինակ՝ Վարվառա Հայրապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս