Կհասնի՞ ռուս ժողովրդի ընդերքից եկող «գռմռոցը» Հայաստան
Հարցազրույց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի հետ.
– Ի՞նչ կարծիք ունեք «Բարգավաճ Հայաստանի» հայտնի հայտարարության մասին:
– Եթե հարցին նայենք նեղ իմաստով, փաստորեն, այն գործընթացի շրջանակներում, որը մենք անվանում ենք ընտրություններ, ինչ-ինչ քայլեր կատարվեցին թե՛ արտաքին աշխարհում, թե՛ ներսում, որի արդյունքում մի օլիգարխիկ համակարգը դուրս մղվեց խաղից, և նրա մյուս թևը կարծես թե կարող է հրճվանք ապրել, որ լուծել է հարցերը և հիմա հանգիստ կարող է շարունակել իր կյանքը: Բայց սա շատ մակերեսային դիտարկում է. անգամ, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը, որն, անկասկած, կանգնած էր այդ ուժի ետևում, ավելի ճիշտ` դիտարկում էր նրան որպես գործիք, ինչ-ինչ շփումների, առևտրի մեջ մտնելով, ի վերջո, եկավ եզրակացության, որ արդեն կարելի է այդ գործիքը մի կողմ դնել և բավարարվել այն ամենով, ինչ կա: Հիմա թե ո՞վ նրան տեղեկացրեց այդ գործիքի մասին, արդյոք տեղացի՞ պաշտոնյա դա արեց, թե՞ դրսից ինչ-որ մեկը, սա չէ խնդիրը: Կարևորն այն է, որ ուժերից մեկը դուրս մնաց, և Հայաստանում ոչ մի ուժ թող խրախճանք չապրի դրանից, որովհետև խորքային իմաստով բոլորովին այլ բան է տեղի ունենում, և սպասվում են շատ մեծ անակնկալներ: Բոլոր քաղաքական ուժերը, որոնք, ինչպես բազմիցս նշել եմ, գիշատիչ աշխարհի տրամաբանության մեջ են (մեկը հաջողակն է, որովհետև արդեն թռցնում է, մյուսը` դեռևս անհաջողակը, որովհետև հույս ունի, որ ինքն էլ կդառնա թռցնող) և փորձում են շարունակել այս տրամաբանությունը Հայաստանում, պետք է հասկանան, որ այս տրամաբանությունն ավարտված է, ավարտված է բոլոր շերտերով և իմաստներով, աշխարհաքաղաքական բոլոր ուղղություններով` ճիշտ է, տարբեր տրամաբանության մեջ: Նրանք մոտակա 10 օրերի ընթացքում իրենց համագումարներով և հավաքներով պետք է որոշեն` այդ հեռացող աշխարհի՞ պահապաններն են, թե՞ այն աշխարհի, որը գալիս է: Այժմ ֆունդամենտալ հարցը, որը մոլորակային երևույթ է և սկսել է գործել, գռմռոցն է ռուս ժողովրդի ընդերքում: Այդ գռմռոցն արդեն ընկալել է Ռուսաստանի իշխանությունը, և մենք տեսնում ենք` իշխանությունը, լինելով բավական կոռումպացված և հափշտակող երևույթ, ինչպես մեր իշխանությունը, սկսել է կոռուպցիայի դեմ պայքարել. նա փորձում է գոյություն չունեցող ապստամբությանն ապացուցել, որ ինքն այդքան էլ վատը չէ և ի զորու է ի կատար ածել ժողովրդի իղձերը, և այսպիսի քաղաքական գիծ է որդեգրել: Սա ունենալու է հետևանքներ ոչ միայն ռուսաստանյան և հետխորհրդային տարածքների համար, այլև ընդհանրապես մոլորակային երևույթ է, քանի որ մոլորակը կանգնել էր եզրին: Մենք արդեն գիտենք որոշ աստղագետների և գուշակների կանխատեսումները, որ աշխարհի վերջն է գալու, այսինքն` այս աշխարհի վերջն է, և գալիս է նոր աշխարհ: Եվ հայտնի չէ, թե ո՞ր ուժն է դա իրականացնում: Ռուսաստանյան գռմռոցը ցույց տվեց, որ ռուս ժողովուրդը դրա հիմնական դերակատարներից է:
– Դուք հայտարարել էիք, թե Ռուսաստանը գործիք է փնտրում Հայաստանում և, ի դեմս ԲՀԿ-ի՝ ձեռք բերեց քաղաքական գործընկեր: Ի՞նչ կապ եք տեսնում եվրասիական անդամակցության հարցի շուրջ վերջին ակտիվության, ՀՀ նախագահ Սարգսյանի և ՌԴ նախագահ Պուտինի վերջին հանդիպման և ԲՀԿ-ի այս որոշման մեջ։ Մոսկվան այսպե՞ս օգտագործեց իր գործիքը:
– Թե ի՞նչ կարգի պայմանավորվածություններ են եղել՝ մենք կարող ենք միայն կռահել: Ապագան ցույց կտա, երբ տեսնենք` վերջիվերջո, ի՞նչ քայլեր են կատարվում: Բայց անգամ այս կտրվածքով` կուզենայի նշել, որ նույնիսկ, եթե ինչ-որ անձեր Ռուսաստանից և Հայաստանից խոսել են, պայմանավորվել են, միմյանց խոստումներ են տվել (միգուցե հայաստանյան ներկայացուցիչներն իրենց խոստումները համաձայնեցրել են իրենց արևմտյան գործընկերների հետ, որպեսզի նրանք չվիրավորվեն. Արևմտյան գործընկերներն այս մեռնող աշխարհի պատասխանատուներն են), միևնույն է՝ այս աշխարհը մեռնում է: Այս հեռացող աշխարհի պատասխանատուները կանգնել են հետևյալ իրողության առջև` Ռուսաստանից գալիս է մի երևույթ, որն արդեն կոտրում է այդ աշխարհի ներկայացուցչությունը Ռուսաստանում: Ներկայացուցչություն ասելով` նկատի ունեմ Ռուսաստանի ղեկավարության զգալի մասը, որն իրեն պահում է` որպես մեռնող աշխարհի ներկայացուցչություն, բայց նրան արդեն կոտրում է դեռ գոյություն չունեցող ժողովրդի շարժը:
– Իսկ եթե Ռուսաստանում, իրոք, այդպիսի ժողովրդական ընդվզում լինի, այն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:
– Ազդեցությունը լինելու է հսկայական, և Հայաստանի քաղաքական ընտրանու (իսկ քաղաքական ընտրանի մենք անվանում ենք տնտեսական խմբակներին, որոնց թյուրիմացաբար կուսակցություններ են կոչում) ներկայացուցիչները պետք է հասկանան, որ կանգնած են հետևյալ ընտրության առաջ. կա՛մ իրենք կզգան այդ միտումները և ինքնուրույն գործընթաց կսկսեն Հայաստանում` իրենք տանելով գիշատիչ աշխարհի կոտրման գործընթացը, կա՛մ հայ ժողովուրդը, ինչպես այլ ժողովուրդներ, իր փրկությունը կսպասի այլ տեղից: Ոչ ոք թող չմտածի, որ «11-րդ բանակը» պատահական մի երևույթ էր, որը եկավ Հայաստան: Ո՛չ, ժողովուրդներին շահագործելով` խեղդել, սպանել էին, և նրանք սպասում էին ազատագրման: Այն ժողովուրդը, որը կարողանում էր ինքն իրեն ազատագրել, ազատագրում էր, ում ընտրանիները կարողացան առաջնորդել, որ այդ տրամաբանությունն իրենց օգտին գնա, իրենցով գնաց, իսկ նրանք, ովքեր չկարողացան, եկավ «11-րդ բանակը»:
– Այսինքն` գտնում եք` «11-րդ բանակն» ազատագրե՞ց Հայաստանը, թե՞ հակառակը:
– Ես ներկայացնում եմ ժողովրդի մոտեցումը.ժողովուրդը սպասում է ազատագրման. ինքն իրե՞ն է ազատագրում` ապստամբելով, և այլն, թե՞ դրսից է գալիս ազատագրումը, դժվար է ասել: Իրավիճակը սպասողական է:
– Պարոն Մանուչարյան, իսկ այս ամբողջ գործընթացում` միջկուսակցական բանակցություններում և ներիշխանական հակամարտություններում, ո՞ւր մնաց հասարակության դերը:
– Հասարակությունը մտավ մի պայքարի մեջ, հետո հետ քաշվեց` համարելով, որ կրկին գնում են իրեն չվերաբերող խաղեր, դա իրոք այդպես է: Բայց դա չէր նշանակում, որ ինքը պետք է դուրս մնա: Այն, ինչ այսօր անվանում են հասարակության առավել ակտիվ մաս կամ քաղաքացիական հասարակություն, նա նույնպես, փաստորեն, ընտրանուն է պատկանում և նա նույնպես պետք է վերցնի իր վրա պատասխանատվությունը: Երբ ասում եմ` «11-րդ բանակ», որն այն ժամանակ բանակի ձևով ներկայացավգ այժմ ի՞նչ ձևով է լինելու, ոչ ոք չգիտի: Հարցը հետևյալն է` միջամտությունը պետք է լինի արտաքի՞ն ուժերի կողմից, թե՞ այստեղ առաջին հերթին` ընտրանին իր վրա կվերցնի պատասխանատվությունը: Ասում եմ` առաջին հերթին ընտրանին, որովհետև ժողովուրդն ավելի ամորֆ մի բան է` օվկիանոսի պես, և հիմա այդ ամորֆ բանը Ռուսաստանում թելադրում է իր կամքը: Հայաստանում նույնպես ժողովուրդն ամորֆ է, կարծես թե ոչինչ չկա, բայց խորքային համագործակցություն այդ ընդվզող ուժերի միջև անպայման լինելու է: Այսինքն` կարծում եմ, որ Ռուսաստանի ընդվզող ժողովուրդը` հայ ժողովրդի հետ միասին, շատ արագ կազմելու է մի համակարգ, և այսպիսի պղպջակային երևույթները, այսինքն` ցանկացած քաղաքական կամ քաղաքացիական կետ, որը չի համապատախանում, ուղղակի վերանալու է: «11-րդ բանակն» այսօր պատրաստում է Հայաստանի ընտրանին, որը կողոպտում և կեղեքում է ժողովրդին և պատրաստում է ցանկացած արտաքին գործոնի ազդեցություն: Ինչպիսի՞ն կլինի այդ ազդեցությունն այս անգամ, կանխագուշակել հնարավոր չէ: Ինչպես նշեցի, ռուս ժողովուրդն, ըստ էության, այժմ սկսում է մոլորակային գործընթաց, որը դեռ որևէ արտաքին դրսևորում չունի: Այն, ինչ կատարվում էր` «Բոլոտնայա» (հրապարակ Մոսկվայում, որտեղ տեղի էին ունենում Ռուսաստանի ընդդիմության ցույցերը.- Ա.Ս.) և այլն, դա հին աշխարհի ընդվզման ձևն էր, իսկ նոր աշխարհի դրսևորումն առայժմ տեսնում ենք մի բանում` ռուսական ընթացիկ ընտրանին արձագանքում է և փորձում է սանձել այդ ընդվզումը: Հայաստանում մեր ընտրանին դա չի զգում, որովհետև, կարծես թե, չկա այդ ընդվզումը: Բայց ժողովուրդներն այդպիսին չեն. ժողովուրդների մեջ խորը կերպով արմատավորված է միտքը` «այս կյանքը պետք է փոխվի», և այդ կյանքի բոլոր պահապանները խոշորագույն խնդիրների առաջ են կանգնելու, եթե չկարողացան հասկանալ, թե ինչ է կատարվում, և իրենք իրավիճակը փոխեն: Իսկ ամենավատը, որ նրանք կարող են անել` այսօրվա վիճակը կոնսերվացնելն է: