«Իրենք շատ լավ գիտեն, որ հայոց պետականության ողնաշարն Արցախն ու Սյունիքն են, և այդ ողնաշարը կոտրելուց հետո հայոց պետականություն չի մնա». Դավիթ Բաբայան

Արցախում ապրիլի 20-ին թշնամին կրակոցներ էր արձակել Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ։ Կրակոցներ  էին եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ:

Գրեթե նույն ժամանակահատվածում թշնամին կրակոցներ էր արձակել նաև Սյունիքի մարզում՝ Կապանի ուղղությամբ։

Արցախում թշնամու կրակոցների վերաբերյալ հայտարարություն էր տարածել Արցախի արտգործնախարարությունը՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն ահաբեկելու արցախցիներին, սակայն նման ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Արցախում թշնամու սադրիչ գործողություններին և խաղաղ բնակավայրերի վրա կրակոցներին, ասաց, որ Արցախի հետ կապված թշնամու նպատակները չեն փոխվել։

«Մենք պատմության և միջազգային հարաբերությունների մեջ ունենք շատ հետաքիքր և բացառիկ օրինակ, երբ թշնամին երբևիցե չի թաքցրել իր նպատակները։ Սա բացառիկ բան է, և այս տեսակետից Ադրբեջանն ու Թուրքիան բացառիկ են, որովհետև ամենաազնիվ թշնամիներն են, ուստի երբեք իրենց բուն նպատակը չեն թաքցնում։ Նրանք բացեիբաց ասում են, որ՝ մեր նպատակը ձեր կործանումն է, փաստորեն այդ ուղղությամբ էլ շարժվում են։ Որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է լինել, պետք է ճիշտ գնահատական տանք իրավիճակին, ինչպիսի՞ իրավիճակ է, ու այդ իրավիճակում Ադրբեջանն իրեն ինչպե՞ս պետք է պահի։ Իրավիճակը հետևյալն է՝ այս ծանր ու սարսափելի պատերազմից հետո, ռուս խաղաղապահները երբ տեղակայվեցին տարածաշրջանում, պարզ էր, որ նոր լայնածավալ պատերազմ Արցախի դեմ անհնար է, որովհետև պարզ էր, թե այն ինչի կարող էր բերել և այն լինելու էր ոչ թե Արցախի, այլ Ռուսաստանի դեմ»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ըստ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարի, այս համատեքստում հակառակորդի նպատակն Արցախի հայաթափումն է, և այդ ծրագրից նա չի հրաժարվել, ուստի դիմում է, իր կարծիքով, արդյունավետ մեթոդի՝ քիչ ծախսեր է անում, այսինքն՝ պետք չեն տանկեր ու բանակներ, պարզապես կրակոցներ, քարերով հարվածներ, որով փորձում է ստանալ արդյունք։

«Այսպիսով՝ Ադրբեջանը մտածում է, որ այն մարդիկ, ովքեր Արցախում են ապրում, կմտածեն, որ անվտանգ չէ, կմտածեն դուրս գալու համար։ Նաև այս ճանապարհով ավելի հեշտ է խուսափել քաղաքական պատասխանատվությունից, կհայտարարեն, որ սա իրենց պետական քաղաքականությունը չէ, այլ ինչ-որ անձանց քայլեր, որոնք հարբած են եղել կամ, օրինակ, խնդիրն ունեն ու դիմել են արկածախնդրության։ Այս ամենը նպատակ ունի նաև խարխլելու ռուս-հայկական եղբայրական հարաբերությունները, քանի որ նման սադրանքները նախ և առաջ ռուսական կողմի վրա են ինչ-որ տեղ բացասական ազդեցություն թողնում, կամ ոմանք կսկսեն ասել, թե ռուսներն ու ադրբեջանցիները մի ուժ են ու միասնական են գործում։ Ահա այսպիսի անհեթեթ բաներ են ցանկանում սերմանել հասարակության մեջ։ Մենք այդ սադրանքներին չպետք է տրվենք, համառ կեցվածք ցուցաբերենք ու ուժեղացնենք մեր երկիրը»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Սյունիքում հակառակորդի սադրանքներին և հարցին՝ կապ տեսնո՞ւմ է Արցախում ու Սյունիքում եղած կրակոցների միջև, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ անմիջական կապ կա։

«Եթե նույնիսկ մտածենք, որ այդ սադրանքներն ինչ-որ տեղ համընկել են, սակայն ռազմավարական առումով գիտեք՝ մեր ողբերգությունը որն է, որ մենք մոռանում ենք մեր պատմությունը, իսկ հակառակորդն այդ պատմությունը լավ գիտի։ Իրենք շատ լավ գիտեն, որ հայոց պետականության ողնաշարն Արցախն ու Սյունիքն են, և այդ ողնաշարը կոտրելուց հետո հայոց պետականություն չի մնա։

Հիշո՞ւմ եք, քանի-քանի մարդ էր ասում, թե Արցախն իրենց համար բեռ է, որ Հայաստանն առանց Արցախի լավ կզարգանա՝ չհասկանալով, որ Արցախը ոչ թե բեռ է, այլ զրահաբաճկոն ու վահան է Հայաստանի համար։ Թշնամին լավ գիտի, որ Արցախն ու Սյունիքը կործանելուց հետո, այն ինչ հետևանքներ կունենա հայոց պետականության համար, և՝ ոչ միայն, մեր տարածաշրջանում արմատական տեկտոնական, աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինելու՝ անկանխատեսելի հետևանքներով։ Թշնամին այս ամենը հաականում է և այդ ճանապարհով է գնում, մենք սա պետք է լավ հասկանանք ու մեր պատմությունը լավ իմանանք, մեր սրբություները չոտնահարենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս