Ստրուկը

Հայաստանի խնդիրները՝ իրենց խորքում քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական ու սոցիալական լինելուց առաջ, նախ՝ մարդկային են։ Դրանք մարդու մասին են։ Մարդ լինելու ու մարդ չլինելու մասին են։

Հայաստանն ունի մարդկանց, սովորական, նորմալ մարդկանց դեֆիցիտ։ Երկրում, իհարկե, կան մարդիկ՝ մարդկային որակներ ու արժանիքներ ունեցող անձինք, որոնց դեմ էլ ուղղված են Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության գործողությունները։ Հայաստանում հիմա ընթանում է հակամարդկանց կամ չմարդկանց պատերազմը մարդկանց դեմ։ Եվ, մեծ հաշվով, Հայաստանի լինելիությունը կախված է հենց այդ պատերազմի ելքից։

Այս պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն այսբերգի երևացող կողմն է, գլխավոր կողմը, իհարկե։ Բայց խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, այլ այն մարդկանց հավաքականությունը, որոնք հնարավորություն են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը լինի այն, ինչ կա։

Երեկ Սյունիքում էին հարյուրավոր կամ հազարավոր ոստիկաններ՝ համակարգերի ղեկավարներով, կոչումներով ու ուսադիրներով մարդիկ։ Վստահաբար, նրանց մեծ մասն անհատապես կարող է հավակնել նորմալ մարդ համարվելու չափանիշերին։ Բայց իրականությունն այն է, որ նրանք անհատապես ու հավաքականորեն ծառայում են Նիկոլ Փաշինյանի կամայականություններին ու կամակորություններին, հակաօրինական ու հակահումանիստական վարքագծին։

Քննչական բաժնում հիվանդ մարդուն, ազատամարտիկին քարշ չի տալիս Նիկոլ Փաշինյանն անձամբ, ոչ էլ դա անում են Ալեն Սիմոնյանն ու Արփի Դավոյանները։ Այդ քստմնելի արարքը կատարում են քննչական մարմնի շարքային կամ ոչ այնքան  շարքային աշխատակիցները։ Անում են, որովհետև այդպես է հրամայված։

Բայց ցանկացած մարդ ցանկացած աշխատանքում ու պաշտոնում ունի ընտրության հնարավորություն։ Երբ մեկին հրամայվում կամ առաջարկվում է հանդես գալ՝ որպես հակամարդ, նա, ի վերջո, կա՛մ կատարում է հրամանը, կամ հրաժարվում է դրանից ու պայմանական աշխատավարձից։ Բայց Հայաստանում կան հարյուրավոր, հազարավոր մարդիկ, ովքեր մարդ-չմարդ երկընտրանքում ընտրում են չմարդուն։ Կարելի է դրա համար հայհոյել Նիկոլ Փաշինյանին, քարկոծել նրան այդ աստիճան ցածրանալու մեջ։

Բայց արդյո՞ք մեղավորը միայն Նիկոլ Փաշինյանն է, ով իշխանական բուրգի հիերարխիայով՝ վերևից ներքև, բոլորի առաջ դնում է հակամարդ դառնալու կամ մարդ մնալու ընտրություն։ Բնականաբար, ոչ։

Ստորացող մարդուն ստորացնողին մեղադրելն փարիսեցիություն է։ Ստորացումն ու նվաստացումը գիտակցված ընտրություն է, որը կատարել ու կատարում են հազարավոր մարդիկ։ Քննչական կոմիտեի շարքայինից ցածր աշխատակիցը, ով նկարահանում է հիվանդ մարդուն գետնին քարշ տալու տեսարանը, չի ապրում կառավարական ամառանոցում ու չի շրջում զրահապատ մեքենաներով։ Այդ մարդը Նիկոլ Փաշինյանը չէ և աշխատանքային ժամի ավարտից հետո երևի գնալու է տուն, նայելու է սեփական ծնողների ու երեխաների աչքերին, գուցե ներկայանալու է՝ որպես սիրալիր զավակ ու հայր։ Նա ինքը պղծվելու է սեփական երեխայի աչքերում՝ նրան, բնականաբար, չտեղեկացնելով, որ օրվա աշխատանքային ժամին նկարահանում էր մարդուն քարշ տալու զազրելի տեսարանը։

Նիկոլ Փաշինյանը բարոյականության ու արժանապատվության հետ հաշիվները մաքրել է վաղուց։ Նրան պետք է, որ հնարավորինս շատ լինեն իրնմանները, ինչով և զբաղված է հենց հիմա։ Հա հաջողում է այդ հարցում, քանի որ իրնմանները հաշվվում են հազարներով։ Նրանք այն մեկ մարդն են, ում այդքան սիրում էր հղում անել Նիկոլ Փաշինյանը։

Նրանք բոլորը Նիկոլ Փաշինյան են։ Նրանք բոլորն այն ստրուկն են, ում իր քաղաքական կարիերայի արշալույսին կոչ էր անում սպանել Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության ստրուկը, ով մոլորյալի նման կարծում է, թե ստրկատեր է։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս