Բաժիններ՝

«Փիրսինգը չի որոշում մարդու ով լինելը». Վահագն Մամյան

Փիրսինգը Հայաստանում դեռևս շարունակում է խորթ երևույթ մնալ: Պատճառը կարծրատիպերն են: Բայց այս ամենի հետ մեկտեղ, կան մարդիկ, ովքեր կոտրելով կարծրատիպերը, մարմնի տարբեր մասերում մի քանի զարդեր են կրում:

Վահագն Մամյանն, արդեն 6-7 տարի է, զբաղվում է փիրսինգով: Այս տարիների ընթացքում նրա և՛ հաճախորդների քանակն է շատացել, և՛ մարդիկ են սկսել մի փոքր ավելի շատ հետաքրքրվել փիրսինգով: Նա փիրսինգի հիմնական սկզբունքները սովորել է Ռուսաստանում, իսկ հետո կարդացել, ուսումնասիրել, տարբեր աղբյուրներից քաղված ինֆորմացիան համեմատել և տարբեր մասնագետների հետ է հաղորդակցվել: Իր խոսքով` ինքը մինչև այսօր էլ սովորում է:

– Վահագն, փիրսինգը Հայաստանում երբվանի՞ց է տարածվել:

– Հայաստանում փիրսինգը շատ վաղուց է եղել, հայ թագավորներից շատերն են օղեր կրել, հեթանոսական աստվածներն էլ պատկերված են օղերով: Շատ ազգերի մոտ ընդունված է եղել հիշարժան իրադարձությունների դեպքում ականջ ծակել:

Կարդացեք նաև

Օրինակ՝ երբ կազակ տղամարդիկ տղա երեխա են ունեցել, իրենց ականջն են ծակել: Ծովահենները, երբ նավ են գրավել, զավթած ոսկուց զարդեր են սարքել և ականջին անցկացրել: Ու ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանում Էլ կար նմանատիպ մի բան. հակառակ դեպքում՝ որտեղի՞ց կունենայինք «ականջիդ օղ արա» արտահայտությունը: Ինչ վերաբերում է ժամանակակից փիրսինգին, եթե ականջին 1-ից ավելի օղ ունենալը համարենք փիրսինգ, ապա 20-30 տարի է, ինչ կա, իսկ ունք-պորտ չափանիշով` 15 տարի հաստատ կա, ավելիի մասին համոզված չեմ, բայց չեմ բացառում, որ կարող է և լիներ:

– Քո հաճախորդներն ավելի շատ աղջիկնե՞ր են, թե՞ տղաներ, և հիմնականում ո՞ր մասերն են ծակում:

– Աղջիկներն ավելի շատ են: Հիմնականում պորտն են ծակում, ինչպես նաև՝ ունքն ու քիթը: Ավելի հազվադեպ՝ լեզուն և շրթունքը:

– Իսկ աղջիկների շատ լինելն ինչո՞վ ես բացատրում. նրանք ավելի համարձա՞կ են:

– Ոչ թե համարձակ են, այլ, երբ տեսնում են, որ աստղերն իրենց ինչ-որ տեղերը ծակել են, գալիս են և ասում՝ «Վայ, սրա-նրա նման ես էլ եմ ուզում»: Իսկ տղաներ քիչ են գալիս, քանի որ վախենում են կարծրատիպերից՝ ի՞նչ կմտածեն, ի՞նչ տղայի տեղ կդնեն…

– Փիրսինգ անելը որքանո՞վ է վտանգավոր:

– Այն ամենը, ինչն անմիջական շփում ունի արյան հետ,  կարող է պոտենցիալ  վտանգ ներկայացնել: Նույնիսկ, եթե մատդ փուշ է մտնում, ու դու կեղտոտ ձեռքերով բզբզում ես, վերքը կարող է բորբոքվել: Նույնն էլ փիրսինգը. եթե նորմալ մասնագետի մոտ ես անում, ով «իր գործը գիտի» և աշխատում է միանգամյա օգտագործման ստերիլ ասեղներով, ստերիլ զարդերով, և դու էլ քո հերթին՝ մաքուր ես պահում, խնամում, ապա ռիսկը մինիմալ է դառնում: Մաքրություն forever :D:

– Լինո՞ւմ են այնպիսի դեպքեր, երբ մաշկը զարդ չի ընդունում:

– Այո, իհարկե: Կան մաշկեր, որոնք ընդհանրապես ոչ մի զարդ չեն ընդունում և ժամանակի ընթացքում այն դուրս են գցում: Մաշկն ուղղակի ասում է` «Կներես, այս զարդն այստեղ չպետք է լինի»:

– Իսկ ո՞ր դեպքերում չի կարելի փիրսինգ անել:

– Փիրսինգ չի կարելի անել այն դեպքում, երբ մարդ արյան մակարդելիության հետ խնդիրներ ունի, ջերմություն ունի, հարբած է: Քրոնիկ հիվանդությունների դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ: Եթե նա թողնի՝ կարելի է անել, եթե ոչ՝ չի կարելի:

– Հայաստանում փիրսինգի ո՞ր տեսակներն ընդհանրապես տարածված չեն:

– Օրինակ՝ Հայաստանում ականջի կռճիկի որոշ տեղերում փիրսինգ չեն անում: Ինտիմ փիրսինգի որոշ տեսակներ էլ ընդհանրապես տարածված չեն: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են ինտիմ մասերում անել, բայց ամաչելով գալիս են ու այնպիսի հիմար հարցեր են տալիս, որ ես ինքս չեմ համաձայնում անել: Քեզ չեն ընդունում՝ որպես մասնագետ, այլ ընդունում են՝ որպես տղամարդ, ում մոտ պետք է հանվեն: Մնացած բոլոր տեսակները, քիչ թե շատ, տարածված են:

– Դու կորսետային փիրսինգ արե՞լ ես:

– Շատ եմ ցանկանում, բայց չի ստացվում՝ ցանկացողները հիմնականում 18-ից փոքր են լինում, ես չեմ համաձայնում: Կորսետային փիրսինգը մշտական փիրսինգ չէ, այն հիմնականում արվում է ֆոտոսեսիաների համար, հետո հանվում է: Մոտ ժամանակներս երևի թե կստացվի անել:

– Փիրսինգի հետ կապված ի՞նչ նպատակներ ունես:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

– Չեմ կարող ասել, որ ինչ-որ նպատակներ ունեմ, բայց կան հետաքրքիր գաղափարներ, որոնք կցանկանայի իրագործել: Կգա ժամանակը՝ կանեմ: Հայաստանում փիրսինգ անելն ավելի շատ հոբբի է, և մասնագիտություն դառնալու համար պետք է շատ զարգանա:

– Դու ևս փիրսինգներ ունես, քեզ նորմա՞լ են վերաբերվում:

– Տասը տարի առաջ այդքան էլ նորմալ չէին վերաբերվում, բայց հիմա բավականին նորմալ են արձագանքում:

– Եղե՞լ են դեպքեր, երբ եկել են փիրսինգ անելու, բայց դու չես համաձայնել:

– Այո, շատ են եղել նման դեպքեր: Եղել են այնպիսի դեպքեր, երբ 18-ը չլրացած մարդիկ են եղել, հետ եմ ուղարկել, եղել են այնպիսիները, ովքեր խմած կամ կեղտոտ են եղել, էլի չեմ համաձայնել: Եկել են նաև այնպիսի մարդիկ, ովքեր ցանկացել են պորտ ծակել, բայց չեմ արել, որովհետև իրենց կառուցվածքը հարմար չէր, և հավանականությունը մեծ էր, որ զարդը չէր մնա:

– Քեզ համար կարևո՞ր է, որ փիրսինգ անողը միայն դրա մեջ խորացած լինի և միաժամանակ դաջվածք չանի:

– Եթե կարողանում է երկուսն էլ լավ անել, ինչո՞ւ չանի: Եթե ոչ մեկը լավ չի անում, ավելի լավ է՝ ոչ մեկն էլ չանի:

– Շատերն են ցանկանում փիրսինգ անել, բայց ընտանիքի հետ համաձայնության չեն գալիս, ի՞նչ ես կարծում` այդ ժամանակ ի՞նչ պետք է անել:

– Հաճախ երիտասարդ աղջիկները բողոքում են, որ իրենց ծնողները չեն թողնում փիրսինգ անել: Նախևառաջ՝ պետք է կողմնորոշվել` ի՞նչն է ավելի թանկ՝ երկաթի կտո՞րը, որից ինչ-որ ժամանակ հետո հոգնելու ես և դեն գցելու, թե՞ ծնողներդ, ովքեր իրենց կյանքը քեզ են նվիրել: Ճիշտ է՝ կարող ես մտածել, որ ծնողներդ խառնվում են քո կյանքին, բայց այդ երկաթի կտորից ոչինչ քո կյանքում չի ավելանալու:

Ինչքան էլ ազատամիտ լինենք, մեկ է, հայ ենք, և կարևորվում է նախևառաջ՝ ընտանիքը, հետո՝ երկաթեղենն ու մնացած բաները: Կարելի է փորձել ծնողներին բացատրել, որ փիրսինգ անելով՝ ոչինչ չի փոխվելու, մնալու ես նույն աղջիկը: Ծնողները չեն համաձայնում, քանի որ գիտեն, որ գեղ մասսան նորմալ չի վերաբերվելու և անուն են կպցնելու:

– Ի՞նչ ես կարծում` մարդիկ ե՞րբ կսկսեն փիրսինգ անելուն նորմալ վերաբերվել:

– Մի տասը տարի հետո, երբ սերունդը փոխվի, խնդիր չի լինի, և մարդիկ նորմալ կվերաբերվեն: Բացի դրանից էլ, այսօր շատ են արտասահմանցիներ գալիս, և այստեղի մարդիկ էլ հաճախ են դուրս գնում, տեսնում են, որ փիրսինգ անելը շատ տարածված է, և այն ոչ մի վատ բան իրենից չի ներկայացնում: Պետք է հասկանալ, որ փիրսինգը չի որոշում մարդու ով լինելը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս