«Մեծ հաշվով, Թուրքիան մեծ շահագրգռվածությամբ մեր երկրում մեծ ներդրումներ կկատարի, նույնը՝ Ադրբեջանը, սակայն այդ կապիտալի ներկայությունը մեր երկրում ուղղակիորեն ռումբ է՝ տնտեսության և երկրի անվտանգության տակ». Տնտեսագետ
Մոսկվայում կայացավ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ինչպես ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, հանդիպման օրակարգը նախապես պլանավորված է եղել, և այն կրում է տնտեսական բնույթ։
«Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:
Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ:
Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ:
Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը, և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,- գրել էր Նիկոլ Փաշինյանի խոսնակը:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն անդրադառնալով այս հանդիպմանը, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ կատարվելիք բեռնափոխադրումներին, նկատեց՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթում ըստ էության դժվար է տեսնել որևէ տնտեսական բաղադրիչ, այնտեղ ավելի շատ տարածքային ու տարածաշրջանային խնդիրներ են արծարծված, այն էլ՝ ոչ հստակ, ընդհանուր ձևակերպումներով։
«Կարծում եմ՝ այսօրվա հանդիպումը տնտեսական բնույթ չի կրում, իմ սպասումները մի փոքր այլ են։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում միջազգային առևտրին, բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաների ապաբլոկավորմանը, ապա դրանց ընդհանուր առմամբ նորմալ եմ վերաբերվում։ Բայց միևնույն ժամանակ՝ որոշակի վերապահումներ ունեմ, որովհետև ինձ համար անհասկանալի է մեր կառավարության դիրքորոշումը հարևան երկրների հետ հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով։ Մենք հունվարի 1-ից արգելեցինք թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան, միևնույն ժամանակ՝ Էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ մեծ հաշվով Հայաստանի համար ադրբեջանական շուկան է բացվում և ադրբեջանական տնտեսվարողների համար էլ՝ հայկական շուկան։ Այսինքն՝ ստացվում է, որ մի կողմից՝ մենք ճանապարհը փակում ենք թուրքական ծագում ունեցող ապրանքների համար, մյուս կողմից՝ ճանապարհ ենք բացում ադրբեջանական ապրանքի համար։ Այսինքն՝ սա ոչ համակարգված անորոշ տնտեսական քաղաքականության արդյունք է, սա է պատճառը, որ կանխատեսելի ու հասկանալի չէ պետության մոտեցումները, հետևաբար դժվար է մեկնաբանել, թե ինչ է պետք սպասել»,- շեշտեց տնտեսագետը։
Ըստ նրա, առհասարակ անհասկանալի է, թե ինչ է նշանակում Նախիջևանի երկաթուղով Հայաստանի կենտրոնական հատվածներով դեպի Սյունիք կատարվող բեռնափոխադրումներ, քանի որ այսօր, մեծ հաշվով, Հայաստանի կենտրոնական հատվածից դեպի Սյունիքի մարզ կա ներքին կոմունիկացիա, որով էլ բեռները տեղափոխվել են։
«Եթե պետք է այդ ճանապարհն ավելի երկարացվի և Նախիջևանի միջոցով Հայաստանի կենտրոնական հատվածներից գնան Սյունիքի մարզ, փաստացի մտահոգություններ են առաջանում Սյունիքի տարածքային ինչ-որ հատվածների առնչությամբ։ Թերևս, գոնե հասկանում եմ, որ Սյունիքի որոշ հատվածներ այդուհանդերձ պաշտոնապես պետք է հանձնվեն ադրբեջանական կողմի վերահսկողությանը, դրանք մեր վերահսկողության տակ չեն լինելու։ Հետևաբար՝ այդ ճանապարհները շրջանցելու համար հնարավորություն ենք ստանալու Նախիջևանով իրականացնել բեռնափոխադրումներ»,- հավելեց Կառլեն Խաչատրյանը։
Տնտեսագետի բնորոշմամբ, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ուղղակի մարտահրավեր է Հայաստանի տնտեսական և ընդհանուր անվտանգությանը։ Նա համոզված է, որ երկու երկրներն էլ շահագրգռված են տնտեսական հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ, աչքի առաջ ունի նաև թուրք-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման օրինակը։
«Այդ ամենի արդյունքում մենք տեսնում ենք, որ Վրաստանը որոշակի առումով, այդ թվում՝ քաղաքական որոշումներ կայացնելու իմաստով, դառնում է Թուրքիայից կախված։ Հիմա մեծ հաշվով Թուրքիան մեծ շահագրգռվածությամբ մեր երկրում մեծ ներդրումներ կկատարի, նույնը կարծում եմ՝ Ադրբեջանը, բայց մենք դա թույլ չպետք է տանք, որովհետև կրկնեմ՝ սա անվտանգային խնդիր է, և այդ կապիտալի ներկայությունը մեր երկրում ուղղակիորեն ռումբ է, որը դրվում է տնտեսության և առհասարակ երկրի անվտանգության տակ»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ, եթե Ադրբեջանը Սյունիքով ճանապարհ բացի դեպի Ադրբեջան, ապա տնտեսական առումով Հայաստանը որոշակիորեն կշահի, քանի որ Ադրբեջանը կսկսի մաքսատուրքեր վճարել Հայաստանին, Կառլեն Խաչատրյանը նշեց, որ որևէ մաքսատուրք չի վճարվելու, քանի որ ապրանքը չի մաքսազերծվելու, պարզապես Հայաստանը դառնալու է տարանցման երկիր, որի դեպքում վճարվում է որոշակի տուրքեր, ճանապարհային հարկ ու այլ վճարներ։ Սակայն դրանց ծավալն այնքան մեծ չի լինելու, որ տնտեսական ազդեցությունը Հայաստանը զգա։ Ստացվում է, որ մեծ իմաստով Հայաստանը էական ձեռքբերում, որպես այդպիսին, չի ունենալու, այդ ամենից, հակառակը՝ շահելու է Ադրբեջանը, որը երազում էր Սյունիքով ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակին, Կառլեն Խաչատրյանը նկատեց՝ տնտեսությունը բավականին ծանր վիճակում է գտնվում, դրա մասին վկայում են նաև Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, մոտավորապես 10 օրից կհրապարակվի նաև ընդհանուր տարեկան տվյալները, որտեղ ինքը կանխատեսել է մոտ 10 տոկոս տնտեսական անկում։
«Բոլոր տնտեսական իրողությունները հաշվի առնելով, մենք մոտ 10 տոկոսանոց տնտեսական անկում ենք ունենալու, ինչը բավականին մեծ է, և դրա ազդեցությունն էական է բնակչության կենսամակարդակի ու սոցիալական վիճակի վրա։ Փաստացի մենք 2021 թվական մտել ենք բավականին վատ մեկնարկային պայմաններում, այս իմաստով բազմաթիվ անելիքներ կան։ Ցավոք, չենք տեսնում որևէ ռեալ քայլ կառավարության, տնտեսական հատվածի պատասխանատուների կողմից, որը ցույց կտար, որ փոքրիշատե տրամադրվածություն կա այս ծանր վիճակը թեթևացնելու համար։ Կամ գոնե տեսլական կա, թե ինչ ճանապարհով է Կառավարությունը տեսնում տնտեսության աշխուժացումը։ Հակառակն ենք տեսնում՝ դեկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հարկային քաղաքականության ծրագիրը, որով փաստացի տարբեր ծառայություններ հարկվելու են ավելացված արժեքի հարկով։ Էապես քննարկվում է փոքր բիզնեսի համար ձևավորված շրջանառության հարկի ռեժիմում դրույքաչափերի բարձրացման տարբերակը։ Այս բոլորն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ բյուջեի ճեղքվածքը լրացնելու բեռը պետությունը փորձում է դնել փոքր բիզնեսի, ցածր եկամուտներ ունեցող խավի վրա, փոխանակ հակառակն անի։ Սա ավելի է մեծացնելու երկրում առանց այն էլ լարված սոցիալական վիճակը»,- եզրափակեց Կառլեն Խաչատրյանը։