Ո՞ւմ է ուզում մոլորության մեջ գցել… «Միջանցք» քաղաքագիտական և միջազգային հարաբերությունների մեջ հենց այն կոմունիկացիաներն են, որի մասին խոսվում է այդ չարաբաստիկ եռակողմ հայտարարության մեջ
Մինչ քաղաքական և հասարակական տարբեր շրջանակներ քննարկում են հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպման հնարավոր օրակարգը, Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ որոշել է բացել առաջիկա անելիքների փակագծերը. «Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթությունը հետևյալն է.
1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարևոր է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:
2. Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան:
Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն:
Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունն առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը»:
168.am–ը ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս գրառմամբ փորձ չի՞ արվում քաղաքականացնել գերիների, պատանդների, զոհվածների մարմինների փոխանակման հարցերը։ Ի պատասխան՝ Լարիսա Ալավերդյանը նշեց.
«Վարչապետն ինչ-որ անում է, նա անում է չարամտորեն՝ շատ լավ հասկանալով, որ դա չի կարելի անել: Շատերը մտածում են, թե դա սխալմունք է, կամ չի գիտակցում․ այդպես չէ:
Այդպիսի մարդասիրական իրավունքի ներքո, Ադրբեջանի պարտականությունների դիմաց բերել և այդ «միջանցք» բառին չարամտորեն սխալ մեկնաբանություն տալ, դա շարունակությունն է այն բոլոր հանցագործությունների, որոնց ականատեսն ենք մենք այսօր, որոնք ընկնում են ռազմական հանացագործություններ, խաղաղության դեմ հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործությունների բնութագրերի տակ: Այդ բոլոր հանցագործությունների նախաձեռնողն Ադրբեջանն է, և մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպասարկում է այդ բոլոր հանցագործությունները»:
Դիտարկմանը, թե հասարակության մի մասը կարծեք չի ընկալում վտանգները, և հարցին, թե ո՞րը պետք է լինի հասարակության անելիքը՝ հաշվի առնլով նաև, որ արդեն բարձր մակարդակով խոսվում է հունվարի 11-ին սպասվող հանդիպման ու դրա օրակարգի մասին, Լարիսա Ալավերդյանն արձագանքեց.
«Մենք ընկել ենք մի այնպիսի վիճակի մեջ, որ երկիրը և պետությունը տապալողների տոկոսը բավականին պատկառելի թիվ է կազմում, բայց այսօր կա մի խնդիր, որը պետք է հրատապ լուծվի, որպեսզի թույլ չտրվի նման անօրինական ճանապարհով որևէ փաստաթուղթ ստորագրվի»:
Իրավապաշտպանը մանրամասնեց, որ «տապալողներ» ասելով՝ նկատի ունի նրանց, ովքեր կա՛մ միամտաբար, կա՛մ չարամտորեն սատարում են տեղի ունեցող գործընթացներին, և որոնց վրա էլ մանիպուլյատիվ տեխնոլոգիաները շարունակում են աշխատել.
«Որովհետև այդքան անգրագետ բան ասելը, թե հայտնի փաստաթղթում չկա «միջանցք» կամ «Մեղրի» բառերը. կա գիտություն, կա լեզու, կա բառապաշար, դա միջազգային, քաղաքագիտական լեզուն է, որտեղ հստակ՝ այդ կոմունիկացիաները, այդ բոլոր տեսակի ճանապարհները և համապատասխան իրավական ձևակերպումները հենց նշանակում են այդ միջանցքը:
Եվ դա նշանակում է, որ կարծես թե հայ ժողովրդին բերել են նրան, որ առանց Հայաստանով ճանապարհի՝ Թուրքիան կամ Նախիջևանը չեն կարող կապվել Ադրբեջանի հետ. նա դրական հարաբերություններ ունի Իրանի հետ, թող Իրանով հարյուր ճանապարհ անցկացնեն, դա ի՞նչ մոլորության մեջ գցել է: Ես զարմացել եմ, որ մինչև հիմա կա այնպիսի պատկերացում, թե Նախիջևանը կարող է Ադրբեջանի հետ կապվել միայն Հայաստանի տարածքով: Այդքան կարելի՞ է կույր լինել ընդհանրապես, և ահա դրա վրա է մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով աշխատում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ՝ասելով, թե այդ փաստաթղթում չկա «Մեղրի»-ի կամ «միջանցք»-ի մասին որևէ խոսք: Կրկնում եմ՝ «միջանցք» քաղաքագիտական և միջազգային հարաբերությունների մեջ հենց այն կոմունիկացիաներն են, ընդ որում՝ բազմակի է, չէ՞, գրված, որի մասին խոսվում է այդ չարաբաստիկ եռակողմ հայտարարության մեջ. Ո՞ւմ է ուզում մոլորության մեջ գցել»:
Ըստ նրա՝ հասարակության գիտակից հատվածը պետք է նույնիսկ ստորագրահավաքի տարբերակով հակազդի սպասվող գործընթացներին. «Հստակեցվի, որ որևէ փաստաթուղթ, որը ստորագրվելիք, որը որ գոնե կասկած կա, որ պետք է ստորագրվի, որևէ ուժ միջազգային իրավունքով չի կարող ունենալ՝ մի քանի հիմնավորումով՝ առաջինը դա պետական մակարդակով, այն է՝ ժողովրդի կողմից չքննարկված, ժողովրդի համաձայնությունը չստացած որևէ միջպետական պայմանագիր չի կարող համարվել օրինական ձևով ընդունված, այսինքն՝ այն առոչինչ է»:
Լարիսա Ալավերդյանը նկատում է, որ ստորագրահավաքով պետք է դիմել նաև Ռուսաստանի Դաշնությանը, եթե ներգրավված է որպես միջնորդ, և ՄԱԿ-ին, քանի որ ակնկալվող գործընթացները հակասում են միջազգային նորմերին, ոտնահարում են ազգային օրենսդրությունը. «Եվ չի կարող միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ներքո այդպիսի գործընթացն անուշադրության մատնվել միջազգային հանրության կողմից:
Հասցեատերերից մեկը ՌԴ-ն պետք է լինի: Ես նորից թողնում եմ դա ազատ հարցի ներքո՝ արդյո՞ք Ռուսաստանի կողմից ամբողջովին ընկալվում է վտանգը, որը սպառնում է ամբողջ տարածաշրջանին այսպիսի գործողություններով, բայց ես համոզված եմ՝ Հայաստանի բնակչության, ազգի, ժողովրդի մի մասը պետք է անպայման մասնակցի բողոքին՝ ոչ միայն ակցիա, այլև՝ ստորագրահավաք, որի հասցեատերերը պետք է լինեն և՛ եղած իշխանությունը, և՛ միջազգային հանրությունը, և՛ միջնորդ պետություն հանդիսացող Ռուսաստանը»: