Բաժիններ՝

Գիտնականներն ուսումնասիրել են վիրտուալ շփման ազդեցությունն անչափահասների վրա

Մոսկվայի պետական հոգեբանական և մանկավարժական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ինտերնետի և սոցիալական ցանցերի ազդեցությունը դեռահասների վարքի վրա։ Հեղինակների կարծիքով, ստացված տվյալները կօգնեն մշակել ինտերնետում խնդրահարույց վարքագծի մոնիթորինգի և կանխման համակարգ: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են գիտության, ճարտարագիտության և կրթության ոլորտում ճանաչողական հետազոտությունների միջազգային ամսագրում:

Մոսկվայի պետական հոգեբանության և մանկավարժական համալսարանի գիտնականների կարծիքով, ինտերնետից ու սոցիալական ցանցերից օգտվողների թիվը կայուն աճում է: 2019 թ.-ին համացանցից օգտվում էր աշխարհի բնակչության 57% -ը, սոցիալական ցանցերից՝ 45%-ը։ Անցյալ տարի միջին հաշվով մարդիկ օրական 2 ժամ 16 րոպե էին անցկացնում սոցիալական ցանցերում: Համավարակի պայմաններում այս թիվը մի քանի անգամ աճել է:

Պատանիները և երիտասարդներն ինտերնետի ամենաակտիվ օգտատերերն են,- նշում են գիտնականները:

Ուսումնասիրությունը նվիրված է սոցիալական ցանցերում հանդիպող հոգեբանական սպառնալիքների ուսումնասիրմանը և կանխարգելմանը, ինչպես նաև դրանց շտկման ուղիների մշակմանը:

Մասնագետները փաստում են, որ հաղորդակցման չափանիշները փոխվել են և պարզեցվել՝ սոցիալական ցանցերը ներթափանել են առօրյա կյանք: Հաղորդակցության մասնակիցներն այնքան ազատություն ունեն, որ ցանկացած պահի կարող են ստեղծել և փոխել իրենց ինքնությունը, ընդհատել և ամբողջովին դադարեցնել հաղորդակցությունը:

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ինտերնետում կիբեր ագրեսիա կամ ինքնասպանությանն ուղղված վարք ցուցաբերող դեռահասները լուրջ դժվարություններ են ունենում առօրյա կյանքում, որոնք կարող են թաքնված լինել և դժվար ճանաչելի մասնագետների համար։ Նրանց առցանց վարքը պարզապես արդյունքն է այն բանի, ինչ պատահում է նրանց հետ օֆլայն տիրույթում, ընդգծում են գիտնականները:

«Այն պայմանները, որոնցում անցնում է մանկությունը, արագ փոխվում են: Ինտերնետը և սոցիալական ցանցերը, թվայնացումը և գաջեթների լայն օգտագործումը մեզ զարգացման նոր հնարավորություններ են տալիս, բայց մյուս կողմից ստեղծում են նոր սպառնալիքներ և սոցիալական ռիսկեր: Երեխաները և դեռահասները, որոնք օֆլայն իրականությունում դժվարությունների են բախվում, կարող են չհաղթահարել առցանց միջավայրի խնդիրները իրենց համար սովորական միջոցներով: Դա չի նշանակում, որ անհրաժեշտ են արգելող միջոցառումներ. ինտերնետը, սոցիալական ցանցերը և տեխնիկական միջոցները գործիքներ են, որոնցից պետք է կարողանալ օգտվել: Սա խնդիր է դնում գիտնականների և պրակտիկ մասնագետների առջև՝ վաղ հայտնաբերել ռիսկերը և ժամանակին հոգեբանական և հոգեբանասոցիալական օգնություն տրամադրել անչափահասներին, նրանց ընտանիքներին և ուսուցիչներին », – նշում է համալսարանի իրավաբանական հոգեբանության և իրավունքի ամբիոնի դոցենտ Վարվառա Դելիբալտը:

Գիտնականները կարծում են, որ ինտերնետի ոչ պատշաճ օգտագործումը որոշ դեպքերում կարող է հանգեցնել գիտակցված ջանքերի և կամավոր կարգավորման պակասի: Ըստ մասնագետների, դա դժվարություններ է ստեղծում սեփական գործունեությունը նախաձեռնելու և պլանավորելու համար, վատթարացնում է վերահսկողությունը և բերում է ինֆանտիլացման:

Նրանց կարծիքով, անհրաժեշտ են օգնող տեխնոլոգիաներ և կրթական ծրագրեր, որոնք համացանցի օգտատերերին թույլ կտան ավելի քննադատաբար վերաբերվել իրենց կողմից սպառվող տեղեկատվությանը, կառավարել իրենց ժամանակը, տարբերել վատ տեղեկատվությունը և կանխատեսել վիրտուալ իրականության մեջ իրենց գործողությունների հետևանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս