«Եթե դուք նախկիններին չեք սիրում, ինքներդ ձեզ հաշիվ տվեք՝ լավ, ո՞ւր է գնում այս ժողովուրդը և ի՞նչ հնարավոր մարտահրավերների առջև կարող է կանգնել». Տիգրան Սարուխանյան

«Ես կարծում եմ, որ լուրջ գործ ունի իրականացնելու մամուլը, բայց ժողովուրդը գտնվում է ամորֆ, մի քիչ քնած վիճակում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ բեռլինաբնակ հայազգի պատմաբան, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ պետք է անել, ի՞նչ  մեսիջներ պետք է փոխանցել ՀՀ քաղաքացուն, եթե հակառակ բոլոր ահազանգերին, որ հնչեցվել են տնտեսագետների, ռազմական փորձագետների կողմից՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետության մնալու դեպքում երկիրը տնտեսական կոլապսի հասնելու ու պետականության կորստի վերաբերյալ, այնուամենայնիվ աշխարհաքաղաքական կենտրոններին, արևմտյան ուժերին հաջողվի Նիկոլ Փաշինյանին պահել իշխանության ղեկին, որի համար նա նախաձեռնել է արտահերթ ընտրություններ՝ հնարավորինս արագ վերարտադրվելու համար:

Դա, ըստ Տիգրան Սարուխանյանի, ունի իր պատճառները:

«Կապիտուլյացիայից հետո Օպերայի հրապարակում և ՀՀ տարբեր շրջաններում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նախկին քաղաքական գործիչները, որոնք այդքան էլ մեծ համակրանք չվայելելով հայ ժողովրդի մոտ՝ կարծես թե, փոխանակ օգնեին այդ գործընթացին, ինչ-որ տեղ հանրության մեջ առաջացրեցին վախ, վախ, որը ներշնչվել էր մեր ժողովրդին միգուցեև ոչ արդարացի, ոչ մարդասիրական նախկին իշխանությունների գործունեության պատճառով»,- ասաց միջազգայնագետը՝ հավելելով, որ գույները խտացվել են նաև մեծ մասամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատի միջոցով, ովքեր հանրությանը վախեցնում էին, թե իշխանության են գալիս թալանչիները, գողերը, ահաբեկիչները:

Տիգրան Սարուխանյանի խոսքով՝ այս պարագայում էր, որ ժողովուրդը կանգնեց «ի՞նչ անել» երկընտրանքի առաջ՝ չիմանալով ում պաշտպանել:

«Ժողովրդի մոտ դեռ հարց է, մտածում են՝ մեկ է, Ղարաբաղը կորցրեցինք, մեկ է, 33 տարվա մեր ամբողջ զրկանքները, մութ ու ցուրտ տարիները, կորուստները, մարդկային կյանքերը… Այդ կորուստները մարդիկ ամեն օր են կրել: Համակերպվել են, որ պետք է ամեն ինչ թանկ ձեռք բերեն: Զրկանք է, երբ հայն իր հայրենիքը թողնում ու գնում է այլ երկիր, աշխատում ու գումար ուղարկում հայրենիք, որ իր ընտանիքը կարողանա ապրի, որ հիմնադրամներին կարողանա իր չնչին օգնությունը բերի: Մարդիկ չեն իմանում՝ ի՞նչ է լինելու․․․ Ես խորհուրդ կտամ ընդհանրապես՝ եթե դուք նախկիններին չեք սիրում, ինքներդ ձեզ հաշիվ տվեք՝ լավ, ո՞ւր է գնում այս ժողովուրդը և ի՞նչ հնարավոր մարտահրավերների առջև կարող է կանգնել»,- ասաց Տիգրան Սարուխանյանը:

Նրա կարծիքով՝ հասարակությունը պետք է ավելի ակտիվ զբաղվի իր պատմության և մշակույթի ուսումնասիրության հարցերով և այդքան հեշտությամբ չտրվի ամեն մի աղանդավորական քարոզչության բերած հիվանդագին գաղափարներին:

«Եվ ես կարծում եմ, որ նախկին իշխանությունները, քաղաքական դաշտը զբաղեցրած գործիչները պետք է մի քիչ այդ դաշտը բացեն»,- ասաց պատմաբանը:

Դիտարկմանը, թե այդ մանիպուլյացիաներն արվում են իշխանության կողմից, թե այս ամենն իշխանության կռիվ է, և յուրաքանչյուրը կարող է գալ ու նոր հարթակ ստեղծել, և դա արդարացում չէ վտանգները չտեսնելու համար, Տիգրան Սարուխանյանն ասաց, որ հետխորհրդային շրջանում մեզ մոտ այդպես էլ քաղաքական կուլտուրա չձևավորվեց, որովհետև քաղաքական դաշտը մանիպուլյացվում էր, ինչն ինչ-որ տեղ ճիշտ էր:

«Որովհետև պատերազմող պետությունը չէր կարող ամեն ազատություն նվիրել, բայց մանիպուլյացվեց դա, և քաղաքական դաշտը սկսեցին զբաղեցնել օլիգարխները, քաղաքական պաշտոնյաների կողմից հովանավորվող, միգուցե նաև՝ ֆինանսավորվող կուսակցությունները, և ամեն ինչ կատարվում էր որոշակի շրջանակներում: Ես կարծում եմ, որ այդ դաշտը պետք է հիմա ավելի լիբերալիզացնել»,- նշեց Տիգրան Սարուխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս