Անդրանիկ Քոչարյանի վտանգավոր ուղերձն Ալիևին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե պետք է փորձել դիվանագիտական հարաբերություններ հաստատել հաղթող կողմի՝ Ադրբեջանի հետ։

Առաջին հայացքից անկարևոր այս հայտարարությունը վտանգավոր է, չափազանց վտանգավոր։ Որովհետև, եթե Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ, դա կնշանակի՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արցախով։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը ներկայացնող անձը հրապարակավ հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել անգամ տեսականորեն Արցախը վերադարձնելու հնարավորությունից՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դե ֆակտո սահմաններով։

Եթե նման հակահայկական հայտարարություն աներ որևէ գորշ իմքայլական, դա հնարավոր կլիներ վերագրել տգիտությանը։ Բայց Անդրանիկ Քոչարյանը տակավին այդպիսին չէ, հետևաբար՝ նա այդ հայտարարությունն արել է միանգամայն հաշվարկված ու կշռադատված։ Իսկ դա նշանակում է, որ Քոչարյանի հայտարարությունը կարող էր ուղղված լինել ոչ միայն, իսկ որ ավելի հավանական է՝ ոչ այնքան ներքին լսարանին, որքան արտաքին շատ կոնկրետ սուբյեկտների, օրինակ՝ Ադրբեջանի իշխանությանը։

Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հենց այս պահին իր իշխանության ամենափորձառու ու ոչ միամիտ ներկայացուցչի միջոցով Ալիևին ուղերձ հղում այն մասին, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Այս հարցը, կամ, ինչպես ընդունված է ասել, ողջամիտ կասկածը պետք է պատասխան ստանա։ Այլապես դրան կարող է հետևել ողջամիտ եզրահանգում այն մասին, որ գուցե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը եղել է ինչ-որ գործարքի մաս։ Իսկ եթե դա այդպես է, առաջանում է հաջորդ ողջամիտ կասկած-հարցը՝ ինչի՞ կամ որքանի՞ դիմաց։

Անդրանիկ Քոչարյանը շատ քաջ է․ նա խիզախաբար վիրավորում է ընդդիմախոսներին, հատկապես, եթե ընդդիմախոսները կանայք են։ Տղամարդկանց դեպքում նա վիրավորում է, եթե վիրավորվողի փոփոխությունը կարող է հանգեցնել սեփական բարեկեցության աճին։ Թշնամու պարագայում, սակայն, նա կառուցողական է։ Նախ նա հայտարարում է, որ պարտվեցինք, քանի որ Պատերազմի աստվածը մեր կողմից չէր, ապա խոսում է հաղթած թշնամու հետ հարաբերություններ հաստատելու, իմա՝ թշնամու հաղթանակը նաև դե յուրե ճանաչելու, իմա՝ Արցախից ընդհանրապես հրաժարվելու մասին։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ։ Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ ոմանք պատերազմի աստծուն երկրպագելու փոխարեն՝ երկրպագել են փողի աստծուն։ Կամ շատ մեծ փողի աստծուն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս