Հայաստանը՝ դեմոկրատիայի և օխլոկրատիայի միջև
Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը 2018թ. ապրիլի 27-ին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից 4 օր հետո, հոդված էր հրապարակել ria.ru-ում՝ կանխատեսելով հետագա զարգացումները:
Ուշագրավ է, որ Անդրանիկ Միհրանյանի վերլուծությունները, որոնք իրենց մեջ նախազգուշական շատ ահազանգեր էին պարունակում, այն ժամանակ այդպես էլ անտեսված մնացին թե՛ մտավորականների, թե՛ քաղաքական էլիտայի, և թե՛ հայ հասարակության լայն շերտերի կողմից:
Այսօր, երբ շուրջ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեց, որով արձանագրվեց Արցախի տարածքի գրեթե 80 տոկոսի կորուստը, և իրական սպառնալիք ստեղծվեց Հայաստանի սահմանների համար, հետահայաց կարող ենք արձանագրել, որ ժամանակին արված զգուշացումներն անտեսելու համար մենք, փաստորեն, շատ ծանր գին վճարեցինք:
168.am–ը ստորև թարգմանաբար ներկայացնում է Անդրանիկ Միհրանյանի 2018թ. ապրիլին արված հրապարակումը:
Այսօր, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, այն, ինչ տեղի է ունենում Երևանում քաղաքական ասպարեզում, ընկալվում է՝ որպես դեմոկրատիայի հաղթարշավ, իշխանությունների և հայ ժողովրդի իմաստնություն:
Պրոֆեսիոնալ պոպուլիստի և դեմագոգի կողմից ղեկավարվող հրապարակում հավաքված ամբոխի ճնշման ներքո օրինական ընտրված վարչապետը հրաժարական ներկայացրեց:
Այժմ ամբոխի առաջնորդն ուզում է նստել վարչապետի աթոռին՝ շրջանցելով Սահմանադրությունն ու օրենքները՝ որպես ամբոխի կողմից նշանակված և ամբոխի անունից հանդես եկող, ինչից հետո նա պատրաստվում է լիկվիդացնել այժմ գործող իշխող կուսակցությունը, արձակել Խորհրդարանը և տիրելով գործադիր իշխանության բոլոր լծակներին ու վերահսկողության տակ պահելով վարչական ռեսուրսը՝ հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Ապա նոր Խորհրդարանը կընտրի նոր «օրինական վարչապետ նոր խորհրդարանական մեծամասնության կողմից առաջարկված»:
Գործող վարչապետի պարտականությունները կատարող Կարեն Կարապետյանը, ով օրերս կարող է վարչապետ ընտրվել, չի պատրաստվում տեղի տալ հրապարակի ճնշմանը և նույնպես համարում է, որ պետք է արտահերթ ընտրություններ նշանակել, և եթե ցուցարարների առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իսկապես ժողովրդական աջակցություն է վայելում, թող նա դա ապացուցի մրցակցային, այլընտրանքային ընտրություններում:
Սակայն այժմ արդեն ուրվագծվում է Հայաստանում ընդդիրմադիր շարժման ղեկին հեծած ամբոխի առաջնորդի իրական ռազմավարությունը:
Նա ձգտում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներից մաքսիմումը քամել, դրանք վերածել հեղափոխության ու հասնել իշխանության զավթման այն նպատակով, որ տիապետելով գործադիր իշխանության լծակներին ու իր թիկունքում ունենալով փողոցի աջակցությունը՝ ընտրություններում ամրագրել իր հաղթանակը:
Ինչո՞վ է հղի Հայաստանում քաղաքական գործընթացների զարգացման այսպիսի տրամաբանությունը: Եթե ազգային էլիտար շրջանակները չմիավորվեն, որ թույլ չտան դեմագոգի կողմից ղեկավարվող փողոցային օխլոսի կողմից իշխանության զավթում բոլոր օրենքների ու Սահմանադրության խախտմամբ, ապա Հայաստանին սպասում են այդ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության ամենատխուր հետևանքները:
Նախ ակնհայտ չէ, որ այն կլինի թավշյա: Իր առաջնորդին աջակցող ամբոխը արդարություն է պահանջում, իսկ դա նշանակում է՝ իշխանության և հարստության վերաբաշխում:
Բլոկադայում գտնվող աղքատ Հանրապետությունում, որի մի հարևանը իր հետ պատերազմող հարևանն է՝ Ադրբեջանը, իսկ մյուսը՝ գրեթե հարյուրամյա սառը պատերազմի վիճակում գտնվող Թուրքիան, ամբոխին ոգևորելու այլ ձև չկա, քան խոստանալ, որ մեկից խլելու ու մյուսներին է տալու՝ ինչպես պաշտոններ, այնպես էլ՝ նրանց ունեցվածքը: Սա հասարակությունը լրջորեն տարբաժանելու ուղիղ ճանապարհ էր. մի կողմում նրանք էին, ովքեր ամեն ինչ ունեին փողոցային հեղափոխությունից առաջ, մյուսում՝ այդ ամենը հեղափոխությունից հետո ունենալ ցանկացողները:
Երկրորդ, դա կործանարար հարված է իրավունքի և պետականության գաղափարին: Եթե ամբոխն այսօր պահանջում է նախ՝ Սերժ Սարգսյանի, հիմա էլ՝ Կարեն Կարապետյանի հրաժարականը, որտե՞ղ է երաշխիքը, որ վաղն իր այսրոպեական կուռքից, դեմագոգ Փաշինյանից հիասթափված՝ չի պահանջելու նրա հրաժարականը (իսկ դա հենց այդպես էլ լինելու է), քանի որ նա չի արդարացրել սոցիալական արդարության իր պատկերացումները:
Հեղափոխական զանգվածներն անհապաղ արդյունքներ են պահանջում: Կամ նրանց թույլ են տալիս նախ մի փոքր գողանալ ու ինչպես ուզում են վարվել իրենց իրական կամ թվացյալ հակառակորդների հետ, ապա մեծ արյուն հեղելու միջոցով՝ լռեցնում: Կամ էլ հենց անմիջապես մեծ բռնություն են գործադրում ամբոխի օխլոկրատական կրքերը կանխելու համար: Երկու տարբերակն էլ կործանարար են հայոց պետականության և հասարակության համար, ով պատերազմի մեջ է գտնվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Երրորդ, կա հետխորհրդային տարածքի մի քանի պետությունների փորձը, որտեղ արդեն ծավալվել էին այդ օխլոկրատական կրքերը: Առավել բնորոշ օրինակներ են Ուկրաինան և Վրաստանը: Այնտեղ նույնպես խոսում էին մարդկային արժանապատվությունը վերականգնելու, ապստամբության ժողովրդի իրավունքի ու օլիգարխիկ իշխանության կամայականության դեմ պայքարելու համար անհրաժեշտ հեղափոխության մասին:
Որոշ ժամանակ անց մենք դարձանք այն բանի վկաները, որ նույն այդ մարդիկ, ովքեր համարում էին, որ հասել են վերջին կետին ու այլևս կորցնելու բան չունեն, հանկարծ հայտնաբերել են, որ երազում են կյանքի այն կերպի մասին, որն ունեցել են մինչ հեղափոխական ցնցումները:
Եվ վերջում…
Ուզում եմ հույս ունենալ, որ հայկական էլիտան իր մեջ ուժ կգտնի՝ սանձելու համար այդ օխլոկրատական խրախճանքը ու վերականգնելու հայկական պետականության հիմքը, կամ, որքան էլ ցավալի է ինձ համար գրել, ըստ երևույթին մեր ժողովուրդը ունակ չէ գոյատևել իր ազգային պետության սահմաններում:
Դա կնշանակի, որ բոլորովին էլ թշնամիները չեն եղել պատճառը, որ ժողովուրդը հարյուրամյակների ընթացքում կորցրել է իր ազգային պետականությունը: Դա կնշանակի, որ այդ աշխատասեր, տաղանդավոր, հնարամիտ ժողովուրդն իրեն կարող է իրացնել միայն այլ պետությունների շրջանակներում, սակայն չի կարող ստեղծել ազգային պետություն՝ հայ ժողովրդի, հայկական հողում զարգացման ու ծաղկման համար և հայկական ազգային պետության սահմաններում:
Եվ սրա համար հավասարապես պատասխանատվություն են կրում և իշխանությունները, և նոր ձևավորված հայկական պետության էլիտար շրջանակները, ինչպես նաև փողոցային ամբոխները, որոնց մանիպուլյացնում են ցինիկ կամ բացարձակապես անպատասխանատու դեմագոգները, ովքեր իրենց երկիրն ու ժողովրդին մղում են կործանարար սոցիալական ցնցումների հորձանուտը: