Բաժիններ՝

Մեզ էլի հաշվեցին

Երեկ պաշտոնապես հրապարակվեցին «2011թ. հոկտեմբերի 12-21-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի նախնական տվյալները»: Պատկերը տխուր է: Երկրի բնակչության թիվը պակասում է: Ժողովրդագիրների փորձագիտական տվյալներով` բացասական շատ երևույթներ անշրջադարձելի են դառնում: Բայց հայրենի վիճակագիրները երեք էջանոց նախնական տվյալները հրապարակել էին պուճուրիկ հնարք կիրառելով: Երկրի «առկա» և «մշտական» բնակչության թիվը հրապարակվել է բացարձակ թվերով: Տոկոսներով հրապարակված թվերը երևի ավելի ազդեցիկ են: Արդարության համար պետք է ասել, որ վիճակագիրները տոկոսներով հրապարակել են քաղաքային ու գյուղական բնակավայրերի բնակչության շարժը:

Նախորդ` 2001թ. մարդահամարի հետ համեմատած, իհարկե: Եվ այսպես. քաղաքային բնակչության թիվը նվազել է 7,5 տոկոսով, իսկ գյուղական բնակավայրերի բնակչության թվաքանակը` 3,4 տոկոսով: Պաշտոնական լրատվության բացը լրացնելը բարդ չէ: Անցած 10 տարվա ընթացքում Հայաստանում առկա բնակչության թվաքանակը նվազել է 4,4 տոկոսով: Իսկ մշտական բնակչության թվաքանակը` 6,1 տոկոսով: Պաշտոնական ժողովրդագիրներին երևի այդ 6,1 տոկոս ցուցանիշն է վախեցրել:

Նրանց հրապարակած բացարձակ թվերով երկրի առկա բնակչությունը նվազել է 130 հազար 823 մարդով, իսկ մշտական համարվող բնակչությունը` 194 հազար 157 մարդով: «Հավատա՞լ, թե՞ չհավատալ այս թվերին» հարցն ինքնին հռետորական է: Նախ` մեկ տարի առաջ հաշվառողներին ինքներս խաբեցինք: Մասամբ, իհարկե: Երկրից մշտապես բացակայող, այլ երկրի քաղաքացիություն ունեցող, բայց ՀՀ անձնագրից չհրաժարված մեր ազգականների մասին հաշվառողներին ստույգ տեղեկություն չտալով:

Բայց սա չստուգվող ցուցանիշ է: Հետևաբար, ուզենք-չուզենք, հետայսու ընդունելու ենք մարդահամարի պաշտոնական թվերը: Ազնվազն տասը տարի: Մինչև հաջորդ մարդահամար: Իսկ հրապարակած թվերը, հնարավոր է, վստահության արժանի են: Որովհետև բավական տրամաբանական գործընթացներ են արձանագրել: Նախ` Երևանում և բոլոր մարզերում երկրի մշտական բնակչության թիվը նվազել է: Առկա բնակչության ցուցանիշով աճ արձանագրվել է միայն Կոտայքի մարզում: Ամենամեծ նվազումն արձանագրվել է Լոռիում` 14,4 տոկոս:

Արագ դատարկվող հաջորդ մարզը Սյունիքն է` 10,6 տոկոս: Երրորդը Վայոց Ձորն է` 10,5 տոկոս: Շիրակի մարզը «կոտրում է» այդ տխուր երկնիշ ցուցանիշը` նվազումը կազմել է 9,5 տոկոս: Սպորտային լրագրության բառապաշարով ասած դատարկվող հնգյակը եզրափակում է Տավուշի մարզը` 7,5 տոկոս: Նախկինում կատարված բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս մարզերում գործազրկության ցուցանիշը բարձր է միջին հանրապետականից: Հետևաբար` աղքատության ցուցանիշն էլ ամենաբարձրն է այս մարզերում:

Հետաքրքիր ու վերլուծության կարիք ունի այն, որ մյուս մարզերի դատարկման ցուցանիշը կտրուկ տարբերվում է այս հնգյակից: Անցած տասը տարվա ընթացքում Երևանի բնակչությունը նվազել է 3,4 տոկոսով: Արարատի մարզինը` 2,3 տոկոսով: Գեղարքունիքինը` 1,7 տոկոսով: Արագածոտնինը` կես տոկոսով: Ընդունեք, որ անհասկանալի է այն փաստը, որ համեմատաբար ավելի բարվոք բնակլիմայական պայմաններ ունեցող Արարատի, Արմավիրի մարզերն ավելի արագ են դատարկվում, քան Գեղարքունիքն ու Արագածոտնը:

Եթե ենթադրենք, որ անասնապահությունն ավելի մեծ եկամուտ է ապահովում, քան հողագործությունը, ապա չենք կարողանա բացատրել Շիրակի մարզի դատարկվելու փաստը: Հետևաբար` պատճառներն ավելի բարդ են: Պատճառ կարող է հանդիսանալ այն, որ Արարատի, Արմավիրի մարզերի բնակչությունը համեմատաբար ավելի մեծ եկամուտ ունի: Հետևաբար` այս տարածքի երիտասարդությունն ավելի որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ունի: Նաև այն պատճառով, որ ավելի մոտ են Երևանին: Կրթությունն ու արտերկրում որևէ գործ սկսելու հնարավորությունն այս տարածաշրջանի արտագաղթի հիմնական պատճառ կարող են լինել:

Բայց արտագաղթն ու դրա պատճառները մեր իշխանություններին կարծես ամենևին չեն հետաքրքրում: Հետևաբար` այն երբեք չի ուսումնասիրվի: Մեր իշխանություններն արտագաղթի ու աղքատության դեմ պայքարի սեփական ծրագրեր ունեն: Օրինակ` «Բյուջե 2013»-ի խորհրդարանական քննարկումների շրջանակներում պարզ դարձավ, որ մարզերից ընտրված պատգամավորներին եկող տարվանից 100 հազար դրամ հավելավճար են տալու: Ամսական 100 հազար դրամ: Ենթադրվում է, որ նրանք այլևս չեն արտագաղթի: Մարզային բնակչության ամենաաղքատ հատվածի` ԱԺ պատգամավորների խնդիրը լուծված կարելի է համարել: Մոտ ապագայում հարազատ իշխանությունները հավանաբար բյուջեի միջոցներից աղքատ մյուս խավերին էլ բաժին կհանեն: Մարդահամարի նախնական տվյալները մի փաստ էլ ապացուցեցին: Ի հեճուկս հայրենի իշխանությունների ինովացիոն ու այլ թիթիզ ժամանակակից տերմինների` Հայաստանը դառնում է 19-րդ դարի դասական ագրարային երկիր:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին տերմինախեղդ ելույթների արանքում մեր իշխանությունները չեն ուզում նկատել գյուղատնտեսության մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ի մեջ: Հիմա մարդահամարի տվյալներն ապացուցում են ՀՀ բնակչության թվաքանակում գյուղական բնակչության մասնաբաժնի աճի մասին: Քաղաքային բնակչությունը կազմում է 63,3 տոկոս: Եթե հաշվի առնենք, որ դրա կեսից ավելին` 55,5 տոկոսը, բաժին է ընկնում մայրաքաղաքին, կարելի է արձանագրել ուրբանիզացիոն մշակույթի անկման մասին: Ավելին` շուտով Երևանին էլ որպես ամբողջություն` քաղաք չենք անվանի:

Երեկ կառավարության ներկայացուցիչը խորհրդարանում հետաքրքիր փաստ է հրապարակել: Պարզվում է` երկրում գանձվող եկամտահարկի 96 տոկոսը հավաքագրվում է Երևանում: Այդ ցուցանիշը հրապարակել է ֆինանսների փոխնախարարը և ավելացրել, որ «դրա մեծ մասը Կենտրոնում է հավաքագրվում»: Ասել է, թե` եկամուտ ունեցողների մեծ մասը Երևանի կենտրոնում է ապրում: Մնացածի հեռանկարը պարզ է` արտագաղթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս