Սամվել Կարապետյանի դեմ տարածվող ապատեղեկատվության մասին. գործում է մեկին մեկ այն տեխնոլոգիան, որ կիրառվել է արցախյան 44-օրյա պատերազմում ու դրանից հետո. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Լոռու բնակիչներն այսօր հարցնում են Սամվել Կարապետյանին, թե ճիշտ է՞ արդյոք, որ խորհրդարանի ընտրությունը հաղթելու դեպքում, հայ զինվորներին ուղարկելու է ուկրաինական ճակատ կռվելու: Կարապետյանը իհարկե պատասխանել է, որ դա ապատեղեկատվություն է եւ գեթ մեկ զինվոր անգամ երբեք չի կռվելու որեւէ օտար երկրի համար: Այստեղ սակայն պետք է արձանագրել, թե ինչպես է այդուհանդերձ մարդկանց մոտ հարցեր առաջացնում այդ ակնհայտ ապատեղեկատվությունը, որը սակայն հորինվում, իսկ հետո կրկնվում է արդեն մինչեւ անգամ ԱԺ պատգամավորի կարգավիճակով:
Ու այս ֆոնին, ինչ որ մարդիկ նստում են ինչ որ ստուդիաներում ու քննարկում են իբրեւ թե իշխանության դեմ հիբրիդային հարձակում, այն էլ Ռուսաստանից: Ընդ որում, այդ նստելն ու քննարկելն էլ բացահայտ ֆինանսավորվում է Արեւմուտքից: Ու այս ամենը այն դեպքում, երբ Հայաստանի հասարակության դեմ փաստացի հենց դա է հիբրիդային պատերազմը: Եվ այստեղ գործում է մեկին մեկ այն տեխնոլոգիան, որ կիրառվել է արցախյան 44-օրյա պատերազմում ու դրանից հետո:
Այսինքն, իրականում խթանվել եւ կառավարվել է պատերազմը ՆԱՏՕ անդամ Թուրքիայի անմիջական ներգրավումով, իսկ հետո քարոզչական մեխանիզմներով հայ հանրությանը փորձ է արվել համոզելու, թե դա «լավրովյան պլանի» պատերազմն է: Այն դեպքում, երբ «լավրովյան պլանը» բացարձակապես այլ բանի մասին էր, ու հենց նաեւ այն հետեւանքից խուսափելու մասին, որ եղավ 44-օրյա պատերազմում»:



