Ռուսական ազդեցության գոտի՞, թե՞ թուրքական վիլայեթ

Գուցե ժամանակը չի՞, թե՞․․․

ԽՍՀՄ-ի  և Սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո, անկախություն ստացած արևելաեվրոպական և նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, ոգևորված արևմտյան արժեքներով՝ ժողովրդավարություն, իրավական պետություն, շուկայական հարաբերություններ, ձգտեցին ինտեգրվել  Եվրոպային։ Արևելաեվրոպական երկրների պարագայում գոյություն ուներ նաև այլ՝ պատմականորեն հակառուսական տրամադրություններ։ Նրանց համար Ռուսաստանն ընկալվում է՝ որպես իրենց պետությունների անկախության սպառնալիք։ Արևելաեվրոպական և նախկին ԽՍՀՄ մերձբալթյան երկրները  հիմնականում հասան իրենց նպատակին՝ դառնալով ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ պետություններ, ապահովելով և՛ տնտեսական զարգացման,  և՛ ազգային անվտանգության հարցերը։ Իսկ ի՞նչ վիճակում հայտնվեցին ԽՍՀՄ այլ հանրապետությունները։ Կենտրոնական Ասիայի երկրներն ու Ադրբեջանը, ունենալով մուսուլմանական ավանդական հիշողություն, ստեղծեցին այս կամ այն չափով իրենց մշակույթին բնորոշ պետություններ։ Այժմ ես կփորձեմ վերլուծել  Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի՝ որպես պետությունների, ապագա հնարավոր զարգացումները։

Թվարկած առաջին երեք երկրները, հետևելով արևելաեվրոպական պետություններին, իրենց հակառուսական հռետորաբանությամբ, արդյունքում՝  ոչ միայն ունեցան տարածքային կորուստներ, այլև․․․

Քննարկենք այդ այլևը։ Վրաստան իմ այցելությունների ժամանակ, վրացի իմ բարեկամները, ավանդաբար լինելով հակառուս, վերջին տարիներին խիստ անհանգստանում էին թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիայով։ Ըստ նրանց տվյալների՝ «դեմոկրատ» Միխայիլ Սահակաշվիլին Աջարիայում՝ համարյա անվճար, սիմվոլիկ գումարներով, հեկտարներով հողեր է նվիրել թուրքերին։ Ըստ տարբեր տվյալների՝ Աջարիայում մշտական գրանցում  ունեն արդեն շուրջ 500 հազար թուրքեր։ Մարսելով Աջարիան՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է  Վրաստանի կլանումը։ Վերջերս այս թեմային բավականին հանգամանալից անդրադարձավ Էմմա Գաբրիելյանն «Առավոտ»-ում։

Հետաքրքրական է, որ նույն թուրքական տնտեսական էքսպանսիան մեծ  թափով ընթանում է նաև Ուկրաինայում։ Հարավային Ուկրաինայում արդեն տեր ու տնօրեն են թուրք գործարարները։ Պարզվում է, որ նույնիսկ Կիևում արդեն գերիշխում է թուրքական բիզնեսը։ Իհարկե, Թուրքիայի հիմնական թիրախը Ղրիմն է՝ հենվելով թաթարական գործոնի վրա։

Հայտնի է, որ սա զուտ գործարարություն չէ, այլ հստակ պետական քաղաքականություն։ Թուրքիան ուղղորդում և  հատուկ արտոնություններ է շնորհում գործարարներին, ընդհուպ՝ ներդրվող կապիտալի նկատմամբ պետական երաշխիքների տրամադրում, հարկերից ազատում  և  այլն, Վրաստանում և Ուկրաինայում, առավել ևս՝ Ղրիմում ներդրումների համար։

Առավել քիչ տեղեկություններ ունեմ Մոլդովայի մասին։ Թերևս, նրանք ունեն եվրոպական դաշնակից՝ հանձին Ռումինիայի։

Իսկ ի՞նչ հեռանկար է սպասվում Հայաստանին։ Մինչ այդ, մի փոքր էքսկուրս կատարենք Խորհրդային Հայաստանում։ ՀԽՍՀ շրջկոմի քարտուղարները պատրաստ էին կլորիկ գումարի դիմաց ՀԽՍՀ գրանցումներ  շնորհել ադրբեջանցիներին։ Իմ աչքի առաջ է եղել Հանքավանի ձորում, բացի Ախունդով և Թաքարլու (որը կես հայկական, կես ադրբեջանական էր, բայց կարճ տարիների ընթացքում վերածվեց զուտ ադրբեջանական գյուղի) ադրբեջանական գյուղերից, 70-ականներից հայտնվեց ևս մեկ՝ Կորչլու գյուղը։

Այսօր, երբ հայ-թուրքական սահմանը փակ է, թուրքական ապրանքները ողողել են Հայաստանը, և վերջերս իմացա՝ շուրջ 350 մլն դոլարի ապրանք է ներմուծվում Հայաստան։ Մի պահ պատկերացրեք, որ ինչ-որ ձևով  Արցախի հարցը լուծվում է և հաստատվում է խաղաղություն, ճանապարհները բացվում են և սկսվում է հայ-թրքաադրբեջանական «քիրվայություն»։

Արդ, ի՞նչ կկատարվի, եթե ինչպես մեր հակառուս  «արևմտամետներն» են երազում, որ Հայաստանը, Վրաստանի և Ուկրաինայի օրինակներին  հետևելով՝ դուրս գա ռուսական ազդեցության գոտուց, հրաժարվի ռուսական ռազմաբազայից։ Չէ՞որ, հարգելիներս, Հայաստանը Եվրոպայում չի գտնվում և թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես, թե՛ անվտանգությամբ չի ինտեգրվելու ԵՄ-ին։ Եվ եթե Թուրքիան և Ադրբեջանն առնվազն բացահայտ թշնամություն չունեն Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ, ապա  ի՞նչ կկատարվի նրանց «աչքի փուշ» Հայաստանի հետ։ Հայ գործարարներն ագահաբար, անմիջապես պայմանագրեր կկնքեն թուրք կոլեգաների հետ, Հայաստանում կծաղկի թուրք-ադրբեջանական բիզնեսը՝ իր ժողովրդագրական հետևանքներով Հայաստանը դարձնելով 5մլն բնակչություն ունեցող երկիր, իսկ պետական պաշտոնյաները կհպարտանան միլիոնավոր դոլարների ներդրումներով  բնակչության աճով՝ այն ներկայացնելով՝ որպես ներգաղթ։ Եվ  եթե թուրք-ադրբեջանական սողացող էքսպանսիան ինչ-որ պահի կարող է դիմադրության արժանանալ 40 մլն Ուկրաինայի կողմից, հարևան Վրաստանում կարող է արդյունքի հասնել 20-25 տարի անց, ապա Հայաստանը կարճ՝ ընդամենը 5 տարի անց կդառնա թուրքական վիլայեթ։

Արձանագրենք,  քանի որ այս 30 տարիների ընթացքում  ընդունակ չեղանք ստեղծելու տնտեսական, ռազմական առումներով ուժեղ պետություն, մենք դատապարտված ենք լինելու կամ ռուսական ազդեցության գոտում, կամ դառնալ թուրքական վիլայեթ՝ վերջնականապես կործանվելու հեռանկարով։

Հ․Գ․ Թերևս, այս հարցում մեր  հիմնական «դաշնակիցները» եղել են Թուրքիան և Ադրբեջանը՝ իրենց ագրեսիվ,  հակահայկական քաղաքականությամբ։ Եթե Ադրբեջանն Արցախի հարցում համաձայներ ինչ-ինչ զիջումների, Թուրքիան վավերացներ հայ-թուրքական արձանագրությունները, կսկսվեր «քիրվայական» դարաշրջանն ու Հայաստանի վիլայեթացումը։

Տեսանյութեր

Լրահոս