Պետք է հատկապես մեր ուժեղ հարևանների հետ հարաբերությունները կարգավորենք, այլ ոչ թե հույս դնենք այլ երկրների վրա. Պատմաբան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 23-ին «Վալդայ» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը, դրա լուծման տարբերակներին և ռուսական ջանքերին՝ ասելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար վաղեմի գործընկերներ են հանդիսանում, ՌԴ-ն միշտ առանձնահատուկ հարաբերություններ է ունեցել երկու երկրների հետ էլ:
Պուտինը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են կարգավորման, սակայն Ռուսաստանն այս հարցում ավելի շատ է հետաքրքրված, քան մյուսները: ՌԴ նախագահը հայտնեց, որ Ռուսաստանի համար հսկայական ողբերգություն է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի պատճառով մարդիկ են զոհվում:
«Ցավոք սրտի, փաստ է, որ Սումգայիթում, այնուհետ՝ Լեռնային Ղարաբաղում իրականացվել են դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ: Այս ամենը պետք է համալիր դիտարկենք: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ այս իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորել է, չի կարող հավերժ տևել: Տարիներ շարունակ մենք առաջարկել ենք ամենատարբեր լուծումներ՝ այս ճգնաժամի կարգավորման համար, իրավիճակը կայունացնելու համար՝ երկար պատմական հեռանկարով»,- հավելել էր ՌԴ նախագահը:
Պատմաբան Գևորգ Մելքոնյանի խոսքով՝ ինչպես և սպասելի էր, ՌԴ նախագահի հարցազրույցը լայն արձագանք գտավ՝ ինչպես հայերի, այնպես էլ՝ ադրբեջանցիների շրջանում, ինչը բնական է, քանի որ բոլորը հասկանում են՝ տարածաշրջանում գլխավոր դերակատարությունն այս հարցում Ռուսաստանն ունի:
«Ռուսաստանը Մինսկի խմբի անդամ երկրներից ունի նաև ամենաշատ գործիքները, որոնք կարող են հակամարտության կարգավորմանը նպաստել: Սակայն ասեմ, որ հայկական կողմը Պուտինի հարցազրույցը մեկնաբանեց այնպես, ինչպես իրեն էր ձեռնտու՝ մոռանալով այն շեշտադրումները, թե Ադրբեջանը չի կարող երկար սպասել, հակամարտությունը երկար չի կարող տևել, և այլն: ՌԴ նախագահի հարցազրույցն ավելի շատ մեծ տերության աշխարհաքաղաքական շահերից ելնելով հարցազրույց էր, այլ ոչ թե մի կողմին պահելու, մյուս կողմին՝ քննադատելու: Դա երկու կողմին կոչ և հստակ մեսիջ էր, որ ներկա փուլում որևէ մեկի հաշվին մյուսին չեն պատրաստվում պաշտպանել: Դա նաև սպասելի էր, որովհետև մենք դիտարկել ենք, որ վերջին տարիներին Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները մեծ զարգացում են ապրում, անգամ հասել են ռազմավարական գործընկերության, որի մասին խոսում է նաև Կրեմլը: Հետևաբար՝ չէր կարելի սպասել, որ Ռուսաստանի վերաբերմունքն արցախյան հարցում լինելու է միակողմանի: Իրենք առաջնորդվում են իրենց աշխարհաքաղաքական շահերով, քանի որ ունեն լուրջ խնդիրներ՝ Սիրիայում և Լիբիայում, հետևաբար՝ այդ հարցում ունեն պայմանավորվածություններ թուրքական կողմի հետ, աշխատում են և չեն կարող Արցախի պատճառով այդ ամբողջ հարաբերությունները հարվածի տակ դնել: Սա պետք է հասկանանք, որպեսզի շատ մեծ ակնկալիքներ չունենանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբանը:
Նրա կարծիքով՝ խնդիրը դիվանագիտական ճանապարհով կկարգավորվի այն ժամանակ, երբ մի փոքր ռազմական հաջողություններ կունենանք:
Ինչ վերաբերում է Արցախի նախագահի նամակին՝ ուղղված ՌԴ նախագահին, Գևորգ Մելքոնյանը նշեց.
«Պարզ է, որ պետք է քննադատվեր, և պարզ է, թե որ շրջանակներից: Սակայն, իմ կարծիքով, այն ուշացած էր: Նաև գործողություններն են ուշացած: Դա պետք է լիներ ոչ թե բաց, այլ փակ նամակի տեսքով, ունենար հստակ առաջակություններ: Իմ կարծիքով՝ Մոսկվան սպասում է ոչ թե՝ պատմական էքսկուրսների, այլ՝ կոնկրետ առաջարկների: Պետք է հասկանանք, որ այնտեղ առաջնորդվում են ոչ թե զգացական, պատմական կողմով, այլ կոնկրետ շահերով»:
Անդրադառնալով աշխարհին ուղղված՝ ճանաչել Արցախը, և դա համարել հարցի վերջնական լուծում կոչին, պատմաբանը նկատեց.
«Քայլերը, որ արվում են, նախ դրանք ավելի շատ ձևական բնույթ են կրում, հետո այն փոքր քաղաքները կամ գյուղերը, որոնք ճանաչում են Արցախը, դա մեզ ոչինչ չի տալու: Ուզում է ամբողջ աշխարհը ճանաչի՝ եթե Ադրբեջանը դա չի ընդունում, ըստ իս, նշանակում է՝ կոնֆլիկտը մնալու է: Իմ կարծիքով՝ ներկա փուլում Արցախի ճանաչման հարցի քննարկումը որևէ դրական արդյունք չի տալու ու ավելի է սրելու վիճակը: Կոչ եմ անում դուրս գալ զգացական դաշտից, չտրվել կեղծ քաղաքագետների հայտարարություններին ու ռոմանտիկ կոչերին, որ տանը նստած են անում, և գնալ ուղիղ բանակցությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Մինսկի խմբի երկրների հետ: Այո՛, Հայաստանը պետք է փորձի հարաբերությունները կարգավորել նաև Թուրքիայի հետ:
Պատմականորեն որ հետ գնանք՝ Հայաստանն իր շահերը չկարողացավ պաշտպանել: Բերեմ Կիլիկյան Հայաստանի օրինակը. երբ որ մամլուկների հետ հարևանությամբ ապրում էին, Կիլիկիայի հայերը փոխանակ մամլուկների հետ համաձայնության գային, անընդհատ Հռոմի պապին էին նամակ գրում կամ այլ թագավորների, որ գա իրենց փրկի: Արդյունքում՝ մամլուկները գրավեցին մայրաքաղաքն ու կործանեցին պետությունը: Սա մեզ համար շատ լավ դաս է: Պետք է հատկապես մեր ուժեղ հարևանների հետ հարաբերությունները կարգավորենք, այլ ոչ թե հույս դնենք այլ երկրների վրա, որոնք որ կարող է գան, կամ, ինչպես պատմությունը ցույց տվեց, ոչ էլ գան»: