«Իրանն իր «կարմիր գծերը» միշտ ինքն է հաշվարկելու. մենք մեր պատկերացումներում իրենց «կարմիր գծերը» կկարողանա՞նք Իրանի նման հաշվարկել, թե՞ սխալներ թույլ կտանք». Թևան Պողոսյան

Մենք պետք է գիտակցեինք, որ 1994-ին մեր պատերազմը չէր ավարտվել: Դա է եղել մեր սխալը, որ մտածում ենք՝ եղել և ավարտվել է, որ խաղաղություն է եղել, և այսօր զարմացել ենք, որ նորից պատերազմ է սկսել: 168.am-ի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

«Հիմա մենք պետք է կարողանանք ձևավորել այնպիսի մի իրավիճակ, որտեղ ունակ կլինենք համազգային ձևով հանգել որոշումների, որոնք ընդունելի են լինելու և գիտակցվելու բոլորի կողմից: Եվ ասելու ենք՝ սա մեր միասնական որոշումն է, և դրանով շարժվում ենք առաջ, գնում հաղթանակներ կերտելու»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ Հայաստանը, այսպես ասած, նեղված է Եվրոպայի, ԱՄՆ-ի արձագանքներից, ինչ-որ առումով՝ ՌԴ-ի և Իրանի պահվածքից, որքանո՞վ է դա սուբյեկտիվ կամ օբյեկտիվ, Թևան Պողոսյանն ասաց, որ հարցը «նեղված» լինելը չէ, այլ իրավիճակի ճիշտ գնահատումը:

««Նեղվել» բառի խնդիրը գալիս է նրանից, որ էմոցիոնալ դաշտում մեկ-մեկ էմոցիոնալ պատասխան է ստացվում: Մինչդեռ սա է եղել աշխարհը, և միգուցե մենք ենք շատ ժամանակ ընկել այլ կյանքի մեջ, ինչպես մտածել ենք, որ 1994-ին պատերազմն ավարտվել է: Երբ մեզ պարզապես ինչ-որ բան էին անում, թե սա արժեքների աշխարհ է, մենք պիտի սառը դատեինք և ասեինք՝ կներեք, մենք հասկանում ենք, որ դուք առաջնորդվում եք միայն ձեր շահերով: Բազմիցս ասել եմ՝ միջազգային հարաբերություններում չկա արժեքային դաշտի խնդիր, այլ կա շահերի համակարգ, շահերի մատրիցա, և սա մենք պետք է սովորենք գիտակցել: Մեզ համար զարմանալի է, թե ինչի են նման բաներ լինում, մինչդեռ բոլոր երկրներն իրենց շահերով են առաջնորդվում, մինչև չեն գիտակցում, որ, օրինակ, տվյալ պարագայում իրենց շահերից է բխում համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում օգնելը: Մեր այսօրվա պատերազմի մեջ կա երեք մեծ շերտ. առաջին՝ սա մեր հայրենական պատերազմն է, ուստի պետք է ամեն ինչ անենք և հաղթենք, երկրորդ՝ կա ռուս-թուրքական պրոքսի, երրորդ՝ միջազգային ահաբեկչություն: Երեք այդ շերտերի շրջանակում էլ կան մարդկային կյանքերի ողբերգություններ, հումանիտար կատաստրոֆայի տանող երևույթներ: Աշխարհը մեզ միշտ ասում էր, որ արձագանքում է նման բաների, բայց մենք հիմա տեսնում ենք, որ այդպես չէ, իրենց շահերից չի բխում: Ավելին, շատերն աշխատում են գումարներ վաստակել՝ արտադրելով նոր զինատեսակներ, վաճառելով դրանք: Մենք պարզապես պետք է սկսենք սովորել աշխարհն իրական գնահատել՝ չզարմանալ, չնեղվել, այլ փորձել հասկանալ, թե ինչ մեխանիզմներով մեր ձայնը հասանելի դարձնենք, որ նաև համապատասխան որոշումներ «պոկենք»: Մեր ձայնը հասանելի պետք է դարձնենք, և, եթե նախկինում պետք էր պարզապես նամակներ գրել, հիմա դա չի աշխատում պարզապես: Գուցե պետք է ցույցեր անել, որն արվում է, ինչ-որ չափով միգուցե աշխարհը սկսում է արթնանալ: Երևի թե պետք է այլ մեխանիզմներ մտածել, որոնք նախկինում չենք արել: Չեմ ասում՝ ոչինչ չէր արվում, բայց եթե անում ես և արդյունք չկա, ուրեմն պետք է փոխել մեխանիզմը»,- շարունակեց մեր զրուցակիցը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է, թե «Եվրոպական միությունը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագործություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, և անտեսել է Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները և Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը»:

Նշելով, որ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը տեղին էր, Թևան Պողոսյանը միաժամանակ ասաց, որ Ադրբեջանը գուցե գտել է մեխանիզմը, քանի որ երեք շաբաթ Արցախի քաղաքացիական բնակավայրերը թիրախավորելուց, այդ թվում՝ Ստեփանակերտը, ինչի հետևանքով եղան այդքան ավերվածություններ, մարդկային կորուստներ, որից Ադրբեջանը չէր էլ ամաչում, գլուխ էր գովում, բայց ոչ մի ձայն չկար, սակայն «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» ադրբեջանական արշավին և հայտարարություններին միանգամից արձագանք եղավ ԵՄ-ից:

«Սա նշանակում է՝ աշխարհում սփռված 10 միլիոն հայը, մեր մյուս կառույցները պիտի հասկանան՝ նախկին մեխանիզմներն այլևս արդյունք չեն տալիս, պետք է նոր բան մտածել: Գուցե այդ նոր բանն էլ արդյունք չտա, ուրեմն այլ նոր բան պիտի մտածել: Եվ այսպես նոր բաներ մտածելով՝ պետք է փորձել հասնել նրան, որ աշխարհն արթնանա: Եվ սկսել ամեն ինչ կարգավորել այն ուղղությամբ, որ մեր ցանկացած ուղղությամբ լինեն համապատասխան հայտարարությունները, ոչ թե անատամ կամ պրոադրբեջանական»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է հայկական կողմի մասով Իրանի պահվածքին, դրա պատճառներին, երբ մերձարաքսյան հովտում թեժ մարտեր են ընթանում, երբ Ադրբեջանը հարձակում է ձեռնարկում Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ ունենք ՀՀ ԱԳՆ, դեսպան, համայնք, որոնք պիտի աշխատեն:

«Կարող է ինչ-որ հարցում մենք այնպե՞ս չենք վարվել, և Իրանի դուրը դա չի եկել: Պետք է սա էլ գիտակցել, բայց գտնել նոր ուղիներ՝ հասնելու մեր ուզածին: Միշտ պետք է մի բան հիշենք՝ ցանկացած երկիր առաջնորդվում է իր սեփական շահերով, և մենք պետք է գիտակցենք՝ ոնց ճիշտ ձևով անենք, որոնք են այսօր Իրանի շահերը, որ կարողանանք այդ համակարգի վրա կառուցել մեր քաղաքականությունը, որպեսզի Իրանից նաև լսենք ցանկալի արձագանքներ: Մեր մտածելակերպում եղած խնդիրը պիտի փոխվի՝ արդյո՞ք կա մի բան, որ մենք ենք սխալ արել ժամանակին, և միգուցե դրա արձագանքն է: Կամ արդյո՞ք հին մեխանիզմներն այլևս չեն աշխատում, և պետք են նոր մեխանիզմներ: Ես վստահ եմ՝ Իրանը միայն ու միայն առաջնորդվելու է իր շահերով, և իր «կարմիր գծերը» միշտ ինքն է հաշվարկելու, հարցն այն է՝ մեր պատկերացումներում մենք իրենց «կարմիր գծերը» կկարողանա՞նք Իրանի նման հաշվարկել, թե՞ կարող է սխալներ թույլ տանք, հետո զարմանանք»:

Տեսանյութեր

Լրահոս