Նույնիսկ այն բանից հետո, երբ Հայաստանը կարգավորեց Իսրայելի հետ հարաբերությունները, Իրանը ցույց տվեց, որ մեր բարեկամ պետությունն է. Իրանագետ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ թույլ չի տա՝ ահաբեկիչներ տեղակայվեն Իրանի սահմանների մոտ: Այս մասին Ռուհանին ասել է կառավարության նիստի ընթացքում:
Հիշեցնենք. թե՛ հայկական կողմը, թե՛ միջազգային տարբեր քաղաքական շրջանակներ արդեն հաստատել են լուրերը, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցում են հազարավոր վարձկաններ, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ, ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից:
«Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում ես բարձրացրել եմ Իրանի տարածքների ու սահմանների անվտանգության հարցը»,- հայտնել է Ռուհանին՝ նշելով, որ այս հակամարտությունը կրակի, պատերազմի ու արյան միջոցով չի լուծվելու:
Նկատենք՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից Իրանը բարձրաձայնել է մարտական գործողությունները դադարեցնելու հարցում օժանդակելու իր պատրաստակամության մասին:
Արդյո՞ք այս հայտարարություններից բացի, արվել են կոնկրետ քայլեր, որքանո՞վ է այս պահին Իրանի արձագանքը համարժեք ստեղծված իրավիճակին և ի՞նչ աշխատանք ունեն անելու մեր դիվանագետները հայ-իրանական հարաբերությունների շրջանակներում՝ 168.am-ն այս հարցադրումները հղեց իրանագետ Գարիկ Միսակյանին:
Իրանագետը վստահեցրեց՝ իրանական կողմի արձագանքները համարժեք են իրավիճակին. «Իրանը, չլինելով Արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմ, խաղաղության կոչ է արել, նաև պահանջել կողմերից՝ դադարեցնել զինված գործողությունները, ինչպես նաև՝ բավական բարձր մակարդակում՝ և՛ ռազմական, և քաղաքական ղեկավարների մակարդակում, դատապարտել է ահաբեկիչների մասնակցությունն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, բավական խիստ է անդրադարձել Թուրքիայի բացահայտ աջակցությանն ադրբեջանական կողմին, ինչպես նաև՝ Թուրքիայի միջոցով այդ ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու փաստին:
Արձագանքներից մեկը կարելի է համարել նաև Իրանի հյուսիսային սահմաններ ռազմական տեխնիկայի տեղափոխումը, որը, ըստ իս, ուղղված է այդ ահաբեկիչների մուտքն Իրանի տարածք կասեցնելու դեմ»:
Անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին՝ Գարիկ Միսակյանը նշեց.
«Իրանը նույնիսկ այն բանից հետո, երբ Հայաստանը կարգավորեց Իսրայելի հետ հարաբերությունները, ներկա փուլում ցույց տվեց, որ մեր հարևան-բարեկամ, կարելի է ասել, միակ պետությունն է, քանի որ Վրաստանը ոչ այդքան հայամետ դիրքորոշում որդեգրեց»: