«Ադրբեջանում տիրում է խուճապային տրամադրություն. չեն ուզում զորակոչվել, դառնալ թնդանոթի միս՝ Ալիևի իշխանության երկարաձգման համար». ադրբեջանագետ
«Ադրբեջանում, բացի վարձկաններից, հիմնականում առաջնագիծ են տանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ թալիշներ, լեզգիներ, ավարներ և այլք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Նրա փոխանցմամբ, չնայած ադրբեջանական պրոպագանդան ասում է, թե իբր կամավոր է սա կատարվում, իրականում, հատկապես՝ ազգային փոքրամասնություններն ընտրություն կատարելու շանս չունեն, փորձում են խուսափել այդ զորակոչից, բայց կարծես թե չի ստացվում:
«Տեղեկություններ ունենք, որ առաջին հերթին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները զգուշացվում են, որ, եթե փորձեն դիմադրել այդ զինակոչին, ապա հաշվեհարդար կտեսնեն նրանց ընտանիքների անդամների հետ: Հարցն ավելի է բարդանում նրանով, որ կորոնավիրուսի պատճառով սահմանները փակ են, և այս մարդիկ ուղղակի գտնվում են անելանելի վիճակում: Ադրբեջանում տիրում է խուճապային տրամադրություն: Մարդիկ չեն ուզում զորակոչվել, դառնալ թնդանոթի միս՝ Ալիևի իշխանության երկարաձգման համար: Դժգոհությունն ավելի է մեծանում նաև զոհված զինծառայողների ծնողների շրջանում: Այնտեղ բոլոր սոցիալական ցանցերն արգելափակված են, մենակ պետական պրոպագանդան է, դեռ չգիտեն, թե ինչքան կորուստներ ունի Ադրբեջանը: Այստեղ մեկ տարբերակ կա. ինքնակազմակերպվեն և զենքը շրջեն դեպի ադրբեջանական կողմը, կամ ապստամբություն բարձրացնեն: Իմ տեղեկություններով՝ այդ զորակոչվածները ցանկացած հետնահանջի փորձի դեպքում թիկունքից են գնդակահարվում»,- նշեց ադրբեջանագետը:
Գրիգորի Այվազյանը կարևորեց ժամ առաջ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը, որը, նրա խոսքով, ոչ թե կխաթարի բանակցությունները, այլ հակառակը, բանակցությունների փուլ եթե հասնենք, սեղանի շուրջ կկարողանանք պարզերես ներկայացնել Արցախի շահերը:
«Արցախում հիմա գոյամարտ է: Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակները՝ բնաջնջել Արցախի հայությանը և ներխուժել ՀՀ այլ տարածքներ, ու հիմա Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ընկալելի կլինի աշխարհում: Այս անգամ մենք չպետք է մեր արդար պայքարը ճանապարհի կեսին թողնենք, ինչպես արել ենք 1990-ական թվականներին: Թշնամուն պետք է ջախջախիչ պարտության մատնենք: Մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք. և՛ ռազմական, և՛ դիվանագիտական, ինչպես նաև Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների լիդերների հետ պետք է կապվել, որոնք տարբեր երկրներում են»,- եզրափակեց ադրբեջանագետը: