ԱԳՆ-ն ու «Տեղեկատվության ստուգման կենտրոնն» ինչ-որ բան շփոթում են
«Տեղեկատվության ստուգման կենտրոնն» այսօր մի հրապարակմամբ անդրադարձել էր մամուլում, փորձագիտական շրջանակներում, քաղաքական ու հասարակական տարբեր հարթակներում այս օրերին քննարկվող թեմային՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ ուշացումով հղած շնորհավորանքին, մասնավորապես՝ գրելով. «Այս թեմայի շուրջ տեղի են ունենում վերլուծություններ՝ փորձ անելով դրան տալ որոշակի քաղաքական երանգ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցին ի պատասխան՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի անկախության տոնի առիթով Իրանի կողմից բոլոր մակարդակներով շնորհավորանքներ ստացվել են ամեն տարի, սակայն պարտադիր չէ, որ դրանք ստացվեն հենց սեպտեմբերի 21-ին։
«Այս տարի Իրանի նախագահ Հասան Ռուհանին շնորհավորական ուղերձը հղեց սեպտեմբերի 24-ին։ 2018 և 2019 թվականներին այդ ուղերձը հղվել էր նույնպես սեպտեմբերի 24-ին և 25-ին։ Տարիներ առաջ իրանական կողմի շնորհավորական ուղերձը ստացվել է անգամ ամիսներ անց։ Այստեղ որևէ արտառոց բան պետք չէ փնտրել»,- հայտնեցին ԱԳՆ-ից՝ հավելելով, որ շնորհավորանքներ ստացվել են նաև պաշտոնական այլ մակարդակներով»:
«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ին և ԱԳՆ-ին պետք է հիասթափեցնենք՝ խնդրելով վերստուգել հրապարակված տեղեկությունները, քանի որ 2018 թվականին Իրանի նախագահի շնորհավորանքը եղել է սեպտեմբերի 22-ին, իսկ 2019 թ.՝ հենց նույն օրը՝ սեպտեմբերի 21-ին։
Հիշեցնենք, 168.am–ը երեկ գրել էր, որ Հայաստանի Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետին և նախագահին ուղղված շնորհավորանքների ցանկում չկա Իրանի նախագահ Հասան Ռուհանիի շնորհավորանքը, մինչդեռ նախորդ տարի նույն տոնի կապակցությամբ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին առանձին ուղերձներով շնորհավորել էր Հայաստանի նախագահին և վարչապետին:
168.am-ը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով կապ էր հաստատել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ և հարցրել՝ Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ վարչապետին, ի պատասխան՝ նա խոստացել էր պատասխանել ճշտելուց հետո, սակայն օրվա երկրորդ կեսից դադարել էր անգամ պատասխանել հեռախոսազանգերին:
Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հարցի պատասխանը ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը կարողացել էր տալ միայն աշխատանքային օրվա վերջում.
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս շարունակում է Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Ստացված բոլոր շնորհավորանքները տեղադրվում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում»:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում, հղում անելով իր աղբյուրներին, վստահեցրել էր՝ շնորհավորանքը ուշացած, բայց կլինի. «Որքանով տեղյակ եմ՝ շնորհավորանքներ կլինի ԻԻՀ-ից ՀՀ Անկախության տոնի առթիվ, բայց որոշակի ուշացումն արդեն ինքնին կարելի է գնահատել ցուցիչ և որոշակի ուղերձ:
Խնդիրը, կարծում եմ, պայմանավորված է վերջին շրջանում Հայաստան-Իրան հարաբերություններում նկատվող որոշակի խոչընդոտներով, որոնք ի հայտ են եկել մի քանի պատճառներով՝ նախևառաջ պետք է նշել Բոլթոնի այցը Հայաստան և նրա հայտարությունները Հայաստանից, ապա նաև՝ Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման մասին որոշումը, այնուհետև՝ բացման գործողությունը, ինչը, բնականաբար, որոշակի անհանգստություններ է առաջ բերել Իրանում»: