Իրանի նախագահի շնորհավորական ուղերձի ոդիսականը. Վարչապետի խոսնակը  լռում է, նախագահականից փորձում են պարզաբանել, իրանագետը՝ վստահեցնում՝ շնորհավորանքն ուշացած, բայց  կլինի

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության  Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը ստացան բազմաթիվ շնորհավորանքներ տարբեր երկրներից:

Ու եթե հաշվի առնենք, որ այս շնորհավորանքները, հեռախոսազանգերը նախևառաջ ցույց են տալիս տվյալ երկրների հետ դիվանագիտական և միջպետական  հարաբերությունների որակը, ապա այս կամ այն երկրի շնորհավորանքի բացակայությունն արդեն իսկ ցուցիչ է, որ մի բան այն չէ:

Այսպիսով, Հայաստանի Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետին և նախագահին ուղղված շնորհավորանքների ցանկում այդպես էլ չգտանք Իրանի նախագահ Հասան Ռուհանիի շնորհավորանքը. այն ո՛չ ՀՀ Կառավարության, և ո՛չ էլ Նախագահի պաշտոնական կայքէջերում չկար, շնորհավորանքի մասին հիշատակում չկար նաև իրանական աղբյուրներում և ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքէջում։ 

Նկատենք՝ նախորդ տարի նույն տոնի կապակցությամբ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին առանձին ուղերձներով շնորհավորել էր Հայաստանի նախագահին և վարչապետին:

168.am-ը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով կապ հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ  վարչապետին հարցին՝ նա խոստացավ պատասխանել ճշտելուց հետո, սակայն օրվա երկրորդ կեսից դադարեց անգամ պատասխանել հեռախոսազանգերին:

Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հարցի պատասխանը ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը կարողացավ տալ միայն աշխատանքային օրվա վերջում.

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս շարունակում է Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Ստացված բոլոր շնորհավորանքները տեղադրվում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում»:

Նկատենք, սակայն, ՀՀ նախագահի պաշտոնական կայքում վերջին շնորհավորանքը եղել է սեպտեմբերի 22-ին, ու առնվազն տարօրինակ է, որ տոնի առթիվ հարևան ու բարեկամ երկրի ղեկավարի շնորհավորանքը լինելու է տոնից մի քանի օր անց:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում, հղում անելով իր աղբյուրներին, վստահեցրեց՝ շնորհավորանքը ուշացած, բայց կլինի. «Որքանով տեղյակ եմ՝ շնորհավորանքներ կլինի ԻԻՀ-ից ՀՀ Անկախության տոնի առթիվ, բայց որոշակի ուշացումն արդեն ինքնին կարելի է գնահատել ցուցիչ և որոշակի ուղերձ:

Խնդիրը, կարծում եմ, պայմանավորված է վերջին շրջանում  Հայաստան-Իրան հարաբերություններում նկատվող որոշակի խոչընդոտներով, որոնք ի հայտ են եկել մի քանի պատճառներով՝  նախևառաջ պետք է նշել Բոլթոնի այցը Հայաստան և նրա հայտարությունները Հայաստանից, ապա նաև՝ Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման մասին որոշումը, այնուհետև՝ բացման գործողությունը, ինչը, բնականաբար, որոշակի անհանգստություններ է առաջ բերել Իրանում»

Իրանագետը նշեց նաև, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկու կողմերի համար ունեն կարևոր, հաճախ՝ նաև կենսական նշանակություն, և հետևաբար՝ այդ հարաբերությունների մակարդակում խոչընդոտները պետք է հնարավորինս արագ վերացվեն. «Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանում որոշում կայացնողներին.  եթե  որոշումներ են կայացվում, ապա պետք է գնահատվեն այդ որոշումներից բխող մարտահրավերները և  ռիսկերը, նոր միայն դրանից հետո որոշումներն ի կատար ածվեն»:

Տեսանյութեր

Լրահոս