«Այդ մարդը 4-5 տարի ամբողջ Արմավիրում հայտնի օղու մատակարարող է, իսկ ՍԱՏՄ-ն փորձում է ասել, որ դա իրենց վերահսկողության տիրույթում չէ. լկտի սուտ է»

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատաոճն ավելի շատ իմիտացիա է հիշեցնում, ինչի վկայությունը վերջին շրջանում տեղի ունեցող բազմաթիվ դեպքերն են՝ կենդանիների հիվանդություն, ցեց, թունավորումներ մարդկանց շրջանում: Այս ամենի մասին պարզապես Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը չի հրապարակում հաշվետվությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:

Հարցին՝ որտե՞ղ է թերացել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, և օղու թունավորման դեպքում արդյո՞ք չկա ժողովրդի մեղավորությունը, քանի որ ստուգված չի եղել, բայց օգտվել են, Գ.Գրիգորյանը պատասխանեց.

«Եթե չկա տեղեկատվություն՝ վտանգավոր սննդի սննդային թունավորումների, ինֆեկցիաների մասին, բնական է՝ ժողովուրդն անզգույշ կլինի: Ասեմ, որ ժողովրդի իրավագիտակցությունը տեղում է, պարզապես ՍԱՏՄ որոշ պաշտոնյաներ մանիպուլյացիա են անում՝ մեղքը բարդելով ժողովրդի վրա: Իսկ մեր ժողովուրդը մի քիչ ավելի զգույշ է, ասում են՝ լիազոր մարմին կա, թող գնա վերահսկի, ինչո՞ւ իմ հարևանի մասին գնամ հայտնեմ լիազոր մարմնին: Ալկոհոլային թունավորման արդյունքում 21 մահ կա, փորձում են ասել, որ դա իրենց վերահսկողության տիրույթում չէ: Դա լկտի սուտ է, որովհետև այդ մարդը չէր գործել 1 կամ 2 օր: Նա 4-5 տարի ամբողջ Արմավիրում հայտնի օղու մատակարարող է: Եվ չի կարելի ասել, որ մենք տեղյակ չէինք, գրանցված չէր: Եթե տեղյակ չէիք, ուրեմն դուք ձեր տեղում չեք: Եթե գիտեիք ու այդ մարդուն չէիք ստուգում, պարզում, թե նյութերը որտեղից է վերցնում՝ նշանակում է, որ ներգրավված եք որոշակի հարաբերությունների մեջ. չեմ բացառում կոռուպցիոն որոշակի սխեմաներ: Չի կարելի նման ձևով աշխատանքի վերահսկողություն կազմակերպել: Դրա գինը դարձավ 21 մարդու մահը: Եթե պնդում են՝ ասելով, որ՝ դա մեր վերահսկողության տիրույթում չէ, ապա այդ տրամաբանությամբ որ շարժվենք՝ դու գիտե՞ք, թե ինչքան են տնական պատրաստված սննդամթերք վաճառում, այդ թվում՝ ոչ մակնշված: Դա նշանակում է, որ դե ֆակտո մեր երկրում սննդամթերքի անվտանգության պետական համակարգը չի գործում, մարդիկ խոսում են մի համակարգի մասին, որի աշխատակիցները միայն 2018թ. մայիսից մինչև 2019թ. վերջ ստացել են գրեթե 395 միլիոն պարգևավճար: Եթե պետական բյուջեն մսխվում է, և մենք չունենք պետական վերահսկողություն, դա հղի է անկանխատեսելի հետևանքներով»:

Ինչ վերաբերում է հիվանդանոցի թունավորման դեպքին՝ ՍԱՊԾ նախկին պետը նշեց. «Ընկերության ղեկավարությունը միանգամից արձագանքեց՝ պատրաստակամություն հայտնելով կրել պատասխանատվություն սխալների համար: Բայց դա չի նշանակում, որ պատասխանատվություն պետք է միայն այդ ընկերությունը կրի: Այնտեղ կա վերահսկողություն. ո՞նց է ստացվել, որ պոտենցիալ վտանգավոր սնունդը գնացել է բուժառուներին, այդ թվում՝ երկու հղի կանանց: Հասկանո՞ւմ եք, այստեղ ևս կա վերահսկողության խնդիր: Այդ ընկերությունը նաև կալանավայրեր է սնունդ մատակարարում, բանակային որոշակի զորամասերի: Այստեղ գործ ունենք հանցավոր անգործության կամ ոչ պատշաճ աշխատանքի կազմակերպման հետ: Ցավով եմ նշում, որ նման դեպքերը շարունակվելու են»:

Հարցին՝ այդքան աշխատակից կա՞, որ չգրանցված սննդի հարցով էլ զբաղվեն, Գրիգոր Գրիգորյանն արձագանքեց. «Աշխատանքի կազմակերպման ծանրությունը նրա մեջ է, երբ ռեսուրսների պակաս կա, պետք է ճիշտ կազմակերպել աշխատանքը»:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում ու Երևանում ալկոհոլային թունավորման առաջին դեպքերից 16 օր է անցել, սակայն դեռ պարզ չէ, թե ո՞ւմ կողմից է ներմուծվել մեթիլի մահացու դոզա պարունակող սպիրտը, որի թունավորումից Հայաստանում արդեն մահացել է 21 մարդ, նրանցից 10-ը՝ Արմավիրի, 1-ը՝ Կոտայքի մարզում, 10-ը՝ Երևանում։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարող գլխավոր հիվանդանոցներից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչին», ապա վերջին երեք օրերի ընթացքում արդեն 54 հոգի ենթադրյալ սննդային թունավորման է ենթարկվել։

Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ՝ վարակակիրներից երկուսը հղի են, մյուսները՝ տարբեր բաժանմունքներում գտնվող հիվանդներ, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքի, բոլորի վիճակը կայուն է:

Թեև այժմ փորձաքննություն է ընթանում, և արդյունքները դեռ հայտնի չեն, «Արտ լանչ» ընկերության համահիմնադիր Բակուր Մելքոնյանը Ֆեյսբուքում գրել է, որ մի քանի պրոֆեսիոնալ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո հասկացել են, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում։ «Մեզ մոտ առկա են և համապատասխան մարմիններին տրամադրվել են մեր կողմից օգտագործված բոլոր սննդամթերքների ձեռքբերման փաստաթղթերը, այդ թվում` տեղական մսամթերքի սպանդանոցային ծագման բոլոր ձևերը և անհրաժեշտ սերտիֆիկատները»,- գրել է սնունդ մատակարարող ընկերության համահիմնադիրն ու ընդգծել՝ պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե պարզվի, որ օրենքի խախտում է թույլ տվել կամ «մախինացիա» իրականացրել:

Տեսանյութեր

Լրահոս