«Եթե Ադրբեջանին հաջողվի իրավիճակին նայել իրատեսորեն, բնական է՝ տեղի կունենա վերադարձ դեպի բանակցային սեղան». Միքայել Զոլյան

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ

– Պարոն Զոլան, Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններն արդեն արժանանում են Արևմուտքի խիստ քննադատությանը: Այս համատեքստում կարծիքներ են հնչում, որ Հայաստանը կարող է իրավիճակն օգտագործել իր շահերի համար: Ի՞նչ եք կարծում՝ այս իրավիճակը ձեռնտո՞ւ է Հայաստանին, և այն ինչպե՞ս կարելի է օգտագործել:

– Տեսեք, թե այսօր ինչ է տեղի ունենում՝ Թուրքիայի այն ագրեսիվ քաղաքականությունը, որի արտահայտությունը մենք զգացել ենք մեզ վրա, մասնավորապես՝ Ադրբեջանին ներկայացվող աջակցության տեսքով, այդ նույն երևույթն է նաև այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Միջերկրականում, որի հետ կապված Թուրքիան բախվում է նոր խնդիրների: Այդ թվում՝ այս պահին Թուրքիան ունի լուրջ խնդիրներ իր իսկ դաշնակիցների հետ՝ ՆԱՏՕ-ի ձևաչափով, և ըստ էության ՆԱՏՕ-ի ներսում բավականին լուրջ կոնֆլիկտ է հասունանում: Նման բաներ եղել են նաև նախկինում, նախ՝ Կիպրոսի հայտնի դեպքերը 1974 թվականին, այնուհետև՝ 90-ականներին, սակայն բավականին վաղուց նման սրության կոնֆլիկտ չի եղել:

Հայաստանն այստեղ մի կողմից՝ պետք է պաահպանի զգուշություն, այսինքն՝ սա չի նշանակում, որ մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինենք, բայց միևնույն ժամանակ սա լավ հնարավորություն է՝ ցույց տալու, որ այն, ինչ մենք տարիներով խոսել ենք Թուրքիայի մասին, այլևս մենք դրա համար վառ ապացույց ունենք: Մենք ևս մեկ անգամ կարող ենք միջազգային հանրությանը ցույց տալ, որ Թուրքիայի ներկայիս Կառավարության քաղաքականությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար:

– Արևմուտքի գործողությունները՝ ուղղված Թուրքիայի դեմ, կարո՞ղ են նրան ավելի ագրեսիվ դարձնել, և դա արտահայտվի տարածաշրջանում լարվածությունը խորացնելով և սրելով, որն այս դեպքում առաջին հերթին ուղղված կլինի Հայաստանի դեմ:

– Իհարկե, այս ամենը մենք պետք է հաշվի առնենք, դրա համար եմ ասում, որ մենք պետք է լինենք հաշվենկատ և չփորձենք, այսպես ասած, առաջ ընկնենք իրադարձություններից՝ այն իմաստով, որ մենք ունենք մեր խնդիրները և առաջին հերթին դրանք պետք է լուծենք: Իհարկե, Թուրքիայի կառավարության քաղաքականությունը գնալով ավելի անկանխատեսելի է դառնում, հաճախ հենց իրենց շահերի տեսանկյունից: Հաճախ նրանք քայլեր են անում, որոնք հակասում են նրանց շահերին, օրինակ՝ նույն Իսրայելի հետ հարաբերությունները, Իսրայելը Թուրքիայի համար միշտ եղել է կարևոր դաշնակից: Այս իմաստով ցանկացած միջազգային գործընթաց և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ է ստեղծում: Մենք պետք է հնարավորություններն օգտագործենք, իսկ մարտահրավերներին պատրաստ լինենք:

– Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է վերանայի կամ փոխի իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Այսօր Թուրքիայի նկատմամբ եղած քաղաքականությունը փոխելու առումով կատարվո՞ւմ է, կամ կատարվե՞լ են գործուն քայլեր:

– Մենք արձագանքում ենք այն մարտահրավերներին, որոնք կան։ Այսինքն՝ սկզբունքորեն մենք, ինչպես և նախկինում, պատրաստ ենք երկխոսության: Մենք չէ, որ սահման ենք փակել կամ հայտարարել շրջափակում, այս ամենը Թուրքիայի միակողմանի գործողություններն են եղել: Եթե Թուրքիայի ագրեսիվ գործողություններն ուղղված են մեր դեմ, դրանք կարժանանան նաև մեր հակազդեցությանը:

– Հաշվի առնելով Թուրքիայիս ներկայիս իրավիճակը, ի՞նչ եք կարծում, այդ զբաղվածությունը կարո՞ղ է խոչընդոտել, որպեսզի վերջինս չմիանա Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ուղղված հնարավոր սադրանքներ իրականացնելուն, ինչն արեց հուլիսյան դեպքերի ժամանակ:

– Իհարկե, այս իմաստով Թուրքիան որքան ավելի խորն ընկղմվի տարբեր տարածաշրջանային ավանտյուրիստական գործողությունների մեջ, ինչը մենք այսօր տեսնում ենք, այդքան ավելի քիչ ռեսուրս կունենա աջակցելու Ադրբեջանին: Բայց մենք չպետք է դրա վրա հաշվարկը կառուցենք, մենք պետք է բոլոր տարբերակները հաշվարկենք և պատրաստ լինենք բոլոր զարգացումներին և մեր դաշնակիցների ու գործընկերների հետ չեզոքացնենք հնարավոր վտանգները:

– Անդրադառնանք նաև Արցախի հարցի բանակցային գործընթացին՝ հաշվի առնելով գործընթացի հետ կապված տարբեր հայտարարությունները, այդ թվում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները: Ի՞նչ փուլում է այսօր բանակցային գործընթացը, և ի՞նչ է առհասարակ տեղի ունենում:

– Ամռանը սահմանին տեղի ունեցան սրացումներ, որը հաջորդել էր Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին: Կարծես հիմա հնարավորություն կա, որպեսզի Ադրբեջանի ներկայացուցիչները մի քիչ ավելի իրատեսական գնահատական տան իրավիճակին և հասկանան, որ ռազմական ճանապարհը որևէ տեղ չի բերում: Եթե իսկապես նրանց հաջողվի իրավիճակին նայել իրատեսորեն, բնական է, որ պետք է տեղի ունենա վերադարձ դեպի բանակցային սեղան: Կարևորն այն է, որ Ադրբեջանը հասկացավ, որ այս հարցը ռազմական լուծում չունի, հուլիսյան դեպքերը դա ապացուցեցին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս