Նիկոլ Փաշինյան VS Գագիկ Ծառուկյան․ պատերազմը հայտարարված է

Գործող իշխանության ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև հակամարտությունը նոր փուլ է մտնում։

Պատերազմը հայտարարված է։ Ու պատերազմը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան այսօրվա գրառմամբ։ «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել է Փաշինյանը՝ առանց անուն նշելու՝ ակնարկելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ 40 տարվա վաղեմության քրեական գործը:

Հաշված րոպեներ անց ֆեյսբուքյան գրառմամբ, կրկին առանց անուն նշելու, Ծառուկյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին․ «Կարծում եմ, ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Երկու կողմերն էլ այս գրառումներով անցել են կարմիր գծերը: Գծեր, որոնցից այն կողմ պատերազմն է՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Բայց ինչո՞ւ է այս պատերազմը նախաձեռնել հատկապես Նիկոլ Փաշինյանը, այն դեպքում, երբ Ծառուկյանը հունիսի սկզբին կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջի մասին հայտնի հայտարարությունից հետո այլևս չի խոսում այդ մասին, իր ելույթներում սահմանափակվում է սոցիալ-տնտեսական վիճակի մասին ընդհանուր գնահատականներով։ Այսինքն՝ Ծառուկյանը հունիսյան հայտնի ելույթից հետո, կարելի է ասել, հետքայլ արեց, սակայն Նիկոլ Փաշինյանը նրան դրդում է նոր դիմակայության։

Դա նշանակում է, որ այդ դիմակայությունն անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին։

Ինչպես ցույց է տվել երկուսուկես տարվա կյանքը, Փաշինյանը չի կարողանում ապրել առանց «ներքին թշնամու» առկայության։ Ինչ-որ փուլում այդ դերում Ռոբերտ Քոչարյանն էր, մեկ այլ ժամանակահատվածում՝ Սերժ Սարգսյանը, որոշակի միջոցին՝ նախկին այլ պաշտոնյաներ։ Հիմա եկել է Ծառուկյանի հերթը, որից Նիկոլ Փաշինյանը, թերևս, ամենամեծ սպառնալիքն է զգում։

Խնդիրն այն է, որ Փաշինյանի ու Ծառուկյանի էլեկտորալ բազան գրեթե նույնական է, երկուսն էլ վայելում են հանրության ոչ այնքան բարձր կրթական ցենզ ունեցող, պարզունակ դատողություններով առաջնորդվող հատվածի վստահությունը։ Ըստ ամենայնի, կամ ուղղակի սեփական դիտարկումներով, կամ պետական հարցումներով Փաշինյանն արձանագրել է, որ Ծառուկյանի վարկանիշը բարձր է իր համար վտանգավորության աստիճանի, և, որ ԲՀԿ նախագահը կարող է իրենից տանել այդ նույնական ընտրազանգվածի զգալի մասին։

Ամենայն հավանականությամբ, հենց սա է դրդել Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմ հայտարարել Ծառուկյանի դեմ, այն հաշվարկով նաև, որ պետական մեքենայի օգտագործմամբ, ԲՀԿ-ականների նկատմամբ քրեական գործերի հարուցմամբ կկարողանա չեզոքացնել ծառուկյանական վտանգը։

Բայց այս հաշվարկներում Փաշինյանը կարող է սխալվել, որովհետև հնարավոր է՝ ինչ-որ պահից սկսած Ծառուկյանի դեմ ռեպրեսիաները հասարակության մոտ մեծացնեն նրա նկատմամբ համակրանքը։ Բացառված չէ, որ այդ պահն արդեն եկել է։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառման բովանդակությանը, ապա այն ուղղված է ոչ միայն ու ոչ այնքան՝ Ծառուկյանի, որքան՝ իր դեմ։ Որովհետև հարց է առաջանում՝ ինչպե՞ս էր Փաշինյանը «եկեղեցու տարածքում խմբով բռնաբարողներից» 2018 թվականին աջակցություն ընդունում վարչապետի պաշտոնում ընտրվելու համար, ապա կոալիցիա կազմում այդ նույն «եկեղեցու տարածքում խմբով բռնաբարողների հետ»։ Սա, մեղմ ասած, դրականորեն չի խոսում Փաշինյանի քաղաքական բարոյականության ու արժեհամակարգի մասին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս