«Փաստ է, որ հետապնդվում եմ քաղաքական գործունեության համար». Հովհաննես Շահինյան

Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Երևանի վարչություն: Կառույցից դուրս գալուց հետո, Հ. Շահինյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գործի շրջանակներում էր հրավիրվել ԱԱԾ:

«Հրավերքը վերաբերում է՝ 2004, 2005 և 2006 թվականներին՝ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում՝ որոշ փաստաթղթերի հետ կապված, բայց քանի որ կա վաղեմության ժամկետ, ինձ առաջարկվել է նաև քննարկել այդ մասը և գնալ այս գործընթացի կարճման, ինչին, բնականաբար, իմ կողմից մերժում է տրվել, խնդրել և պահանջել եմ, որպեսզի հարուցվի քրեական գործ, կատարվի քննություն, մեղավորները պետք է պատասխան տան»,- ասաց Շահինյանը:

Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս հրավերը կապ ունե՞ր այս տարվա փետրվարի 20-ին իր բնակարանում իրականացված խուզարկության, ապա հաջորդ օրը Երևան քաղաքի քննչական վարչություն հարցաքննության հրավիրվելու հետ.

«Այս ամենն ավելի շատ կապ ունի իմ հասարակական, քաղաքական գործունեության հետ, քանի որ, ինչը որ հիմա խոսում ենք՝ 2005, 2006, 2007 թվականներին են, այսինքն՝ 13, 14, 15 տարի առաջվա վաղեմության ինչ որ ժամկետների, բայց խնդիրն այստեղ նա չի, որ մենք ուրախանում կամ ուզում ենք օգտվել այդ վաղեմությունից, խնդիրն այն է, որ մենք խնդրում ենք և ցանկանում ենք, որպեսզի քննվեն այդ գործերը, և կլինեմ ես, մեկ ուրիշը կամ գործը հարուցողը, քննողը, պետք է պատասխան տա»:

Հարցին, թե ի՞նչ սխալ եք թույլ տվել, որ կարող էր կասկած առաջացնել իրավապահների մոտ, Շահինյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ գործով զբաղվող իրավապահները, եթե ունեն ինֆորմացիա, նախքան այս ընթացակարգերը, ճիշտ կլինի, որ նաև փորձագիտական մակարդակով մասնագետների հետ քննարկեն, թե ինչ է նշանակում՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպիսի՞ լիազորություններ, գործառույթներ ունի համայնքի ղեկավարը, համայնքի ավագանին, և որքանո՞վ մենք կարող էինք մսխել համայնքի ունեցվածքը, կամ արդյո՞ք դա վերապահված է համայնքի ղեկավարին և ավագանուն, արդյո՞ք մենք չունենք վերադաս, արդյո՞ք մենք չունենք այդ ժամանակահատվածում աշխատող իրավապահ մարմիններ, որոնք, բնականաբար, այդ խախտումները տեսնելով… Դա նույն ԱԱԾ-ն է, դատախազությունն է, քննչական մարմիններն են, ոստիկանությունն է: Ժամանակի կորուստ է այս ամենը, եթե մենք չենք ուսումնասիրում դիմացինի իրավունքները: Շատ անտրամաբանական կլինի, եթե ինչ-որ մի չինովնիկ իր պաշտոնավարման ժամանակահատվածի հետ կապված մտածի, որ ինքը եղել է անսխալական, եթե կա նման մարդ, ես ինձ այդ մարդկանց շարքին չեմ դասում, քանի որ աշխատանքն ունի առանձնահատկություն, որ դու կարող ես նաև որոշակի թերացումներ ունենալ: Որպեսզի հաջորդ անգամ այլևս թերացումներ չունենամ, եթե այն ժամանակ ունեցել եմ, խնդրել եմ, որ հարուցվի քրեական գործ, քննվի, մենք էլ հետևություններ անենք, նաև սերունդներին փոխանցենք, որ իրենք այլևս չանեն նմանատիպ սխալներ, կամ օրենքում փոփոխություններ արվի՝ օրենսդրական, Տարածքային կառավարման նախարարության, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, ամենագլխավորը դա է՝ հասկանանք, թե խնդիրն ինչո՞ւմն է: Ինձ համար արդեն փաստ է, որ ես հետապնդվում եմ հասարակական, քաղաքական գործունեության համար, քանի որ 2019 թվականին Հատուկ քննչական ծառայությունում քննություններ են եղել մարտի 1-ի հետ կապված իմ դերակատարման մասին, բայց փաստացի հիմնավորվեց, որ ես 2008 թվականի փետրվարի 25-ին ծանր վիրահատություն եմ տարել, և վերակենդանացման բաժանմունքից նոր պալատ էին տարել, նույնիսկ 1 մարդու ուղեկցությամբ ինձ շատ դժվար էր քայլել, կորցրեցի՞ն ժամանակ, նույն այդ քննիչները»:

Շահինյանից հետաքրքրվեցինք, թե այսօր կոնկրետ ի՞նչ հարցեր են հնչեցրել ներսում, հստակ գումարի չափի մասին, գույքի մասին տեղեկություն հայտնո՞ւմ են, թե՞ ոչ:

«Որպեսզի իրազեկված լինեմ, խնդրել եմ՝ հարուցվի քրեական գործ, և ով՝ ինչ պատասխան ունի տալու՝ տա, բայց նաև պատասխան կտան այն մարդիկ, որոնք այս պատվերն իջեցրել են իրավապահ մարմիններին, որպեսզի ինձ ձայնազրկեն կամ մեկուսացնեն: Փաշինյան Նիկոլ, դա քեզ մոտ չի՛ ստացվելու, այ տղա»,- եզրափակեց Հովհաննես Շահինյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 20-ին Հովհաննես Շահինյանի բնակարանում դատարանի որոշմամբ իրականացվել էր խուզարկություն, Շահինյանի փաստաբաններն էլ բողոքարկել էին դատարան: Ավելի ուշ՝ ապրիլ ամսին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Արաբկիրի նախկին թաղապետի փաստաբաններ Հրանտ Անանյանի և Լուսինե Ասլանյանի ներկայացրած Վերաքննիչ բողոքը և բեկանել էր Առաջին ատյանի դատարանի՝ Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվության մասին որոշումը:

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 20-ին Հովհաննես Շահինյանի բնակարանում դատարանի որոշմամբ իրականացվել էր խուզարկություն, սակայն ոչինչ չէր առգրավվել: Խուզարկությունը կատարվել էր կաշառք տալ-ստանալու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Հաջորդ օրը՝ փետրվարի 21-ին, Հովհաննես Շահինյանը հրավիրվել էր Երևան քաղաքի քննչական վարչություն՝ հարցաքննության:

Հովհաննես Շահինյանը հայտնել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքը կաշառքի օժանդակություն է: Ըստ նրա՝ հոդվածն ունի 15 տարվա վաղեմության ժամկետ, մինչդեռ ակտում նշված իրադարձություններից անցել է 13 տարի: 2019 թվականի դեկտեմբերին Հ. Շահինյանը նաև հրավիրվել էր ԱԱԾ, այնտեղ հրաժարվել էր բացատրություն տալ:

Երևան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո Հ. Շահինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե այն գործը, որի շրջանակներում կանչվել էր հարցաքննության, իր հետ որևէ  առնչություն չունի, և ինքը հրաժարվել էր ցուցմունք տալ:

Տեսանյութեր

Լրահոս