«Գործն ինձ հետ չի առնչվում, ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց». Հովհաննես Շահինյան
Այսօր Երևան քաղաքի քննչական վարչություն հարցաքննության էր հրավիրվել Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը: Երեկ՝ փետրվարի 20-ին, Հովհաննես Շահինյանի բնակարանում դատարանի որոշմամբ իրականացվել էր խուզարկություն, բայց ոչինչ չէր առգրավվել:
«Շատ նորմալ ներխուժել են բնակարան, հանգիստ անցել է ամեն ինչ, խուզարկել են բնակարանը: Անկեղծ ասած, պարզ չէր, թե ինչ էր իրենց հետաքրքրում, այլապես ինքս գուցե փորձեի օգտակար լինել, համագործակցել խուզարկության մասով: Արձանագրեցին, որ ոչինչ չեն հայտնաբերել, նույնիսկ կոնֆետ հյուրասիրեցի»,- մինչ քննչական վարչություն մտնելը լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Շահինյանը:
Արաբկիր համայնքի նախկին ղեկավարն իր նկատմամբ տեղի ունեցածը բնորոշեց՝ որպես «քյոռոնավիրուս»:
«Քյոռոնավիրուսականները 1990-ականներին թալանեցին ամբողջ աղետի գոտին՝ մոտ 30 մլրդ դոլար, խլեցին մեր ծնողներից խնայբանկերում եղած գումարները, էներգետիկ ճգնաժամ ստեղծվեց, և մի քանի տասնյակ հայտնի սպանություններ եղան՝ Գեղազնիկ Միքայելյանի, Վիտյա Այվազյանի, Ղանդիլյանը, Յուզբաշյանի, Համբարձումյանի, չթվարկենք բոլորը: 1990-ականներից «քյոռոնավիրուսականները» հարձակվեցին լուսահոգի հորս վրա, որը ղեկավարում էր Երևանի Արաբկիրի թիվ 5 շուկան: Կոլեկտիվն ուզում էր դառնալ շուկայի սեփականատերը: «Քյոռոնավիրուսականներից» Գամազյան, Բագոյան ազգանուններով նախարարներն ինձ ճանապարհեցին բանտ, քանի որ գեներալ գուբերնատոր մարզպետ ունեինք, այն ժամանակ ՆԳՆ Արաբկիրի բաժնի պետն էր, իրեն հանձնարարել էին, շաբաթը մեկ հայրս անցկացնում էր Արաբկիրի ՆԳ բաժնում: Այդ ընթացքում նա տարավ 2 ինֆարկտ»,- ասաց Շահինյանը՝ հավելելով, որ հետո իրեն դատապարտեցին, իսկ այսօր այդ նույն մարդիկ եկել են իշխանության և քննում են ինչ-որ գործ, որը թվագրվում է 2006-2007 թվականներին:
Հովհաննես Շահինյանը նաև ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը կաշառքի օժանդակություն է: Ըստ նրա՝ հոդվածն ունի 15 տարվա վաղեմության ժամկետ, մինչդեռ ակտում նշված իրադարձություններից անցել է 13 տարի: 2019 թվականի դեկտեմբերին Հ. Շահինյանը նաև հրավիրվել էր ԱԱԾ, այնտեղ հրաժարվել էր բացատրություն տալուց: Ու հավելեց, որ գործի մանրամասների մասին կկարողանա հայտնել միայն վարչությունից դուրս գալուց հետո, երբ ինքն էլ կիմանա, թե ինչո՞ւ է հրավիրվել քննչական վարչություն:
Արաբկիր համայնքի նախկին ղեկավարի խոսքով՝ այդ գործը որևէ կապ չունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այն հանգամանքի հետ, որ ինքը հաճախ մասնակցում է Քոչարյանի գործով դատական նիստերին:
«Իմ հորդորն է, որ սա որևէ ձևով չկապվի, չասոցիացվի կամ չքննարկվի: Ես Քոչարյանի դատական պրոցեսներին մասնակցում եմ կամավոր, քանի որ նա այն պետական գործիչն է, որի ղեկավարմամբ ազատագրել ենք Արցախը: Ինքն ինձ համար հերոս է, այսօր իմ հերոսը գտնվում է բանտում: Սա խայտառակություն է հայ ժողովրդի համար: Ես նաև ուզում եմ «քյոռոնավիրուսներից», Նիկոլից շնորհակալություն հայտնել, որովհետև եթե նա չլիներ, մենք չէինք կարող «Մարտի 1»-ի հետ կապված, միլիարդների հետ կապված, «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված բոլոր զրպարտությունները, որոնց մասին ժամանակին ղժղժում էր, հերքել: Նորից կլինեն փոփոխություններ, սարերի հետևում չի, մենք գլխի վրա գնում ենք դեպի ձորը»,- ասաց Հովհաննես Շահինյանը:
Ավելի քան 2 ժամ Երևան քաղաքի քննչական վարչությունում մնալուց հետո Հովհաննես Շահինյանն ասաց, որ ունի բարձր տրամադրություն, ինքնազգացողությունը լավ է, առողջությունը՝ պինդ:
Մեր հարցին, թե ինչ գործի շրջանակներում է հրավիրված, պատասխանեց. «Ինձ հետ չի առնչվում այն գործը, որի շրջանակում կանչել էին: Ես հրաժարվել եմ ցուցմունք տալ»:
Հովհաննես Շահինյան ասաց, թե անգամ տեղյակ չէ՝ ինքը կասկածյալի՞, թե՞ վկայի կարգավիճակ ունի: Նրա խոսքով՝ ինքն այդ փաստն այնքան էլ չի կարևորում:
«Ամեն դեպքում ինձ ներկայացվեց հրավերքի պատճառը, ինչն ինձ հետ բոլորովին չի առնչվում»,- նշեց Շահինյանը:
Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը չմանրամասնեց, թե ինչ գործի մասին է խոսքը, ասաց, որ խոստացել է այդ մասին չհայտարարել, ու ստորագրել է դրա համար:
Նորից քննչական ծառայություն հրավիրվելու մասին, Հովհաննես Շահինյանի խոսքով, պայմանավորվածություն չկա: Այդուհանդերձ, պատրաստ է անհրաժեշտության դեպքում պարտաճանաչ ներկայանալ:
Իսկ քննչական ծառայությունում երկար մնալը Շահինյանը պարզաբանեց գործի նյութերին ծանոթանալու՝ իր և փաստաբանի ցանկությամբ:
«Նախ՝ մենք ուզում էինք ծանոթանալ, թե ինչի համար ենք եկել, փաստաբանը և ես ծանոթանում էինք նյութերին, երբ ավարտեցինք, քննիչը հարցրեց՝ ուզո՞ւմ ենք պատասխանել իր կողմից առաջադրվող հարցերին, թե՞ ոչ, ասացինք, որ՝ ոչ: Ես չեմ կարող հարցերի պատասխանել մի բանի մասին, որի հետ առնչություն չունեմ, այլապես սիրով կպատասխանեի: Ես չեմ ասել՝ չեմ ուզում, հրաժարվում եմ, երբ հասկանալի կլինի, կիմանամ իմ մասնակցությունը, կամ չգիտեմ, ինչ-որ անհասկանալի անհայտ ինչ-որ մեկը, որ կարող է՝ իրար կողքով անցնենք, ինչ-որ բան է ասել, թե իբր ինձ գումար է տվել:
Գոնե ծանոթ մարդ լիներ, որ ասեինք՝ լավ, էդ մարդուն ճանաչում ենք, գուցե եկել-զրպարտել է: Թավադյանին Արմենին չզրպարտեցի՞ն, վառ օրինակ է, երկու ամսվա պատմություն է, զրպարտել են, որ ինքն ինչ-որ հանձնարարական է տվել, գործի է օժանդակել, ես հավատացած եմ, որ նման բան չի եղել, այնտեղ գոնե գիտենք՝ ով է, այստեղ չգիտենք էլ՝ ով է»,- ասաց Հովհաննես Շահինյանը:
Ըստ Շահինյանի՝ իր բնակարանում երեկվա խուզարկությունն էլ հավանաբար կապված է նույն գործի հետ: Շահինյանն իր փաստաբանի հետ պատրաստվում է բողոքարկել դատարանի՝ իր բնակարանում խուզարկություն իրականացնելու որոշումը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում