Բաժիններ՝

Լավագույն ուսուցչին պետք է ընտրել անմիջական դիտարկման հիման վրա

1999թ. Հայաստանում վերականգնվեցին տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն, դաստիարակ մրցույթները։ Այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանն էլ խոստացավ, որ լավագույն ուսուցչին կառավարությունն ավտոմեքենա է նվիրելու։ Հայտնի պատճառով Վազգեն Սարգսյանը չհասցրեց դա անել, բայց Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը կատարեց նրա խոստումը։ Տարիներ շարունակ Հայաստանն աշխարհի միակ երկիրն էր, որն ամենաթանկ մրցանակն էր տալիս տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին՝ ավտոմեքենա։ Այդպես շարունակվեց մինչև 2018թ.։ 2019թ.-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը նախընտրեց պարգևատրել ավելի մեծ թվով ուսուցիչների՝ ավտոմեքենայի փոխարեն՝ նրանց տալով համակարգիչներ։ Քչերին շատ տալու սկզբունքը փոխարինվեց շատերին քիչ տալու սկզբունքով։

Ընդհանուր առմամբ լավագույնների մրցույթի ընթացակարգն այդպես էլ մնաց անկատար։ Խնդիրն այն էր, որ եզրափակիչ փուլում լավագույններին ընտրում էին բանավեճի հիման վրա։ Պարզ է, որ բանավեճը լավագույն ուսուցիչ, դաստիարակ կամ տնօրեն ընտրելու ամենաարդյունավետ եղանակը չէր։ Բացի այդ, մրցույթի հաղթողները մրցանակները ստանալուց հետո որևէ պարտավորություն չէին ստանձնում։

Օրինակ՝ ճիշտ կլիներ, եթե ԱՄՆ օրինակով՝ լավագույն ուսուցիչը, տնօրենը, դաստիարակը մեկ տարի շրջեին ամբողջ երկրով մեկ, անցկացնեին սեմինարներ՝ տարածելով իրենց փորձը։ Դա հնարավորություն կտար ավելի թափանցիկ դարձնել հաղթողների արժանիքները։ Բացի այդ, ուսուցիչները և տնօրեններն իրենց գործընկերներից սովորելու հնարավորություն կստանային։ Անշուշտ, կարելի էր բարելավել այդ մրցույթի անցկացման կարգը։ Բայց այդպես չարվեց։ Նախարարությունն արեց մի քայլ, որ մտածողության տեսությունում կոչվում է «Չեստերտոնի ցանկապատ»։ Այս սխալի էությունն այն է, որ ցանկապատը քանդելուց առաջ պետք է մտածես՝ ինչո՞ւ է այն կառուցված տվյալ վայրում։ Գուցե իմաստ կա։ Իսկ լավագույն ուսուցիչ, տնօրեն, դաստիարակ մրցույթի իրական իմաստը մանկավարժության արվեստի բաղադրիչը շեշտադրելն է։ Այսինքն՝ այս մրցույթում կարևորվում է ուսուցչի անհատականությունը, դասարանում աշխատելու նրա վարպետությունը, դասը ստեղծագործության վերածելու կարողությունը։ Մրցույթի նախկին տարբերակում այս ամենը փորձ էր արվում ապահովել մարզային մակարդակում։ Մարզերի լավագույններն ընտրվում էին նաև դասերի դիտարկումների հիման վրա։ Իհարկե, դժվար է ասել, թե ինչպես էին գործում ընտրության չափանիշերը։

Հիմա ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է դրել մի տարբերակ, որը շեշտադրում է ուսուցչի ծրագիր գրելու հմտությունը։ Նախարարությունն առաջարկում է մրցույթը վերածել ծրագրային առաջարկների մրցույթի։ Սրանով մրցույթը դառնում է դրամաշնորհային ծրագրի պես մի բան, որտեղ դու ինչ-որ գաղափարներ ես առաջարկում, ու եթե հանձնաժողովը հավանում է այդ գաղափարները, ապա դու շահում ես։ Դու կարող ես դասարանում լինել միջակ, սովորական ուսուցիչ, բայց շահել այս ծրագիրը։

Եթե մենք պարգևատրում ենք ծրագիր գրելու համար, ապա դա չեղավ լավագույն ուսուցչի մրցույթ։ Դա եղավ լավագույն ծրագիր գրողի մրցույթ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մեծ տարածում ունի ակադեմիական անազնվությունը, ապա ի՞նչ երաշխիք, որ տարբեր տեղերից արտագրված ծրագրերը չեն ներկայացվի նախարարությանը։ Մանավանդ, եթե չկա բանավոր փուլ կամ երաշխավորական նամակներ ներկայացնելու պահանջ, ինչպե՞ս է հանձնաժողովը տեսնելու ծրագրի հետևում գտնվող մարդու կամ մարդկանց արժանիքները։

Իհարկե, նոր կարգը հնարավորություն է տալիս ներկայացնել ոչ միայն ապագային միտված, այլև արդեն իրագործված ծրագրեր։ Սա կարգի դրական կետերից մեկն է։ Բայց տեսեք՝ ի՞նչ պայման է կարգն առաջարկում մասնակցին. «Եթե ծրագրային առաջարկը վերաբերում է արդեն իսկ կիրառված փորձին, դրա հետագա տարածմանը, պետք է ներառել նաև դրա կիրառության արդյունավետության գնահատում, ուղեկցող նյութեր, օրինակ՝ անցկացրած որևէ դասի նկարագրության (դասի տեսագրություն)»: Այս կետը մեծ անհավասարություն է ստեղծում այն ուսուցիչների համար, որոնք ներկայացնում են արդեն կիրառված ծրագիր։ Քանի որ կարգում որևէ կերպ ամրագրված չէ, որ այս ծրագրերին նախապատվություն է տրվելու։ Ստացվում է, որ այսպիսի ծրագիր ներկայացնող մասնակիցը պետք է լրացուցիչ աշխատանք կատարի։ Պիտի գնահատի իր արածի արդյունավետությունը, ինչն անելու համար նա պետք է ունենա հետազոտողի որակներ։ Պետք է ուղեկցող նյութեր ներկայացնի։

Հստակ չէ նաև մրցույթի երկարաժամկետ ազդեցությունը։ Ըստ կարգի, մրցույթն ավարտվում է՝ հաղթած ծրագրերը կայքում հրապարակելով։ Իսկ եթե պարզվի, որ այդ հաղթած ծրագիրը դասարանում կիրառելիս խնդիրներ են առաջանո՞ւմ։ Իսկ եթե պարզվի, որ դա ինչ-որ մի մեթոդական ձեռնարկից վերցված գաղափար է և ոչ մի լումա ստեղծագործական միտք ներդրված չէ՞…

Առաջարկում եմ այս նոր նախաձեռնությունը կոչել «Ուսուցչական լավագույն նախագծերի» հանրապետական մրցույթ։ Լավագույն ուսուցչի, դաստիարակի, տնօրենի մրցույթները ենթադրում են կենդանի դասերի վարում, ընդ որում, նաև անծանոթ դասարանում, բանավոր հարց ու պատասխան, իրավիճակային խնդիրների լուծում։ Այս տարբերակով նախարարությունը նեղացնում է մրցույթի իմաստը՝ այն հանգեցնելով ծրագիր գրելու մրցույթի։ Իհարկե, լավ գրելն ուսուցչի կարևոր հատկանիշներից մեկն է։ Բայց ոչ՝ միակն ու ամենակարևորը։ Մանկավարժության մեջ հայտնի արտահայտություն կա. ձեր դասավանդածի 80%-ը ձեր անձն է։ Այսինքն՝ լավագույն ուսուցչի հիմնական հատկանիշն անձնական ոճն է։ Ծրագիր գրելը հնարավորություն չի տալիս հասկանալ ուսուցչի անձնական ոճը։

Իսկ գործող կարգը բարելավելու ուղղությամբ տարիներ շարունակ առաջարկներ եմ արել, որոնց մի փոքր մասը նախկինում հաշվի են առնվել, բայց մեծ մասը հաշվի չեն առնվել։ Պատրաստ եմ աջակցել ԿԳՄՍՆ-ին, եթե ցանկանում են վերանայել գործող կարգը, ոչ թե արմատապես հրաժարվել դրանից։ Շատ հարցերում կարիք չկա նոր հեծանիվներ հորինելու։ Գործողը կատարելագործելը բավարար է։ Լավագույն ուսուցիչ մրցույթի ավանդական ձևաչափը պետք է բարելավել ու պահպանել։ Այն հնարավորություն է տալիս ուսուցչին տեսնել անմիջական գործի մեջ, երեխաների հետ շփվելիս, ոչ թե՝ թղթերի հետևում թաքնված։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս