Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Կիպրոսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը կունենա իր ներդրումը: 

Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն Անիտա Դիմիտրիուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված իրավիճակը: 

«Եվ վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը իր ներդրումը կունենա, ինչպես անցյալում է ունեցել, ինչպես մշտապես աջակցել է այդ խնդրին»,-ասաց Սիմոնյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանը նույնպես մշտապես աջակցել և աջակցելու է Կիպրոսին՝ Կիպրոսի խնդրի հարցում: Այդ հարցով կողմերը ևս քննարկում են ունեցել: Հայաստանի ԱԺ նախագահը Կիպրոսի իր գործընկերոջը ներկայացրել է նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների, անհետ կորած համարվողների խնդիրը:  

«Երկու կողմից կա լիակատար ընկալում, մեր շահերի լիակատար համընկնում, որի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ իմ հարգելի գործընկերոջը»,–ընդգծեց ԱԺ նախագահը:Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով: 

Տեսանյութեր

Լրահոս