«Դեռ որևէ նորություն չունենք լրատվամիջոցներին ասելու». ԱԱԾ-ն՝ Ստեփանակերտում մահացած հայ կնոջ մասին

Ամիսներ առաջ Ադրբեջանի Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը հայտարարել էր, որ եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտում նախորդ տարի մահացած Վերա Աղասյանի դին, ապա հարցը կորոշեն Ադրբեջանի համապատասխան մարմինները։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովն էլ հայտնել էր, որ հայկական պատվիրակությունը չի արձագանքում Վերա Աղասյանի մարմինը վերցնելու հարցին։

Դեռևս 2 ամիս առաջ ՀՀ ԱԱԾ լրատվականից 168.am-ին փոխանցել էին, որ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում։ Սրանից զատ, այլ մանրամասներ չէին ասել։

Այսօր 168.am-ը կրկին ԱԱԾ-ից հետաքրքրվեց՝ այդ քննարկումներն ի՞նչ փուլում են, որևէ արդյունք տվե՞լ են։

Կարդացեք նաև

ԱԱԾ լրատվականից հակիրճ պատասխանեցին.

«Դեռ որևէ նորություն չունենք լրատվամիջոցներին ասելու»։

Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ 2 կողմերի հետ կապի մեջ են այս հարցով, այսինքն՝ երկխոսություն ունեցել են այս թեմայով, բայց ինչպես նախկինում են ասել, որոշումն իրենք չեն կայացնում։

«Մենք փոխանցել ենք մեր պատրաստակամությունը, այն հնարավորությունների մասին ենք տեղեկացրել, որոնք ունենք՝ որպես միջնորդ կազմակերպություն, բնականաբար, ընտանիքի համաձայնությամբ։ Սակայն կրկնում եմ՝ որոշում կայացնողը մենք չենք, և չեմ կարող ասել, թե ինչ են ասել կողմերը»,- ասել էր Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տարեց հայուհի է մահացել։ Նա այն քիչ հայերից է, որն Ադրբեջանի կողմից արցախահայերի բռնի տեղահանությունից հետո որոշել է մնալ Ստեփանակերտում։

Կնոջ մահվան մասին տեղեկատվությունը հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ շեշտելով, որ կինը մահացել է հոկտեմբերի 20-ի առավոտյան: Ըստ նույն աղբյուրների՝ կինը մահացել էր սուր թոք-սրտային անբավարարությունից՝ թոքի զարկերակի թրոմբոզի պատճառով։

Հիշեցնենք նաև, որ 2023 թվականին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի և նրա խաղաղ բնակիչների դեմ, հաշված օրերի ընթացքում ցեղասպանության սպառնալիքի տակ տեղահանվեցին արցախահայերը։ Սակայն մի քանի հայեր մնացին Արցախում՝ չցանկանալով դուրս գալ, հայտարարելով, որ եթե մահանում են, ուրեմն պետք է մահանան իրենց տանը։ Այդ մարդկանցից մեկն էլ Վերա Աղասյանն էր։

Տեսանյութեր

Լրահոս