Ով ուզում է իմպիչմենտ ձեռնարկի, ես ու Հովիկ Աղազարյանը չենք ստորագրելու. Հակոբ Ասլանյան

«Նիկոլ Փաշինյանի Կառավարությունն արդեն երկար ժամանակ է՝ շեղվել է ինքն իր ծրագրից, որն անվստահության հիմք է, մնացածը՝ հիմնավորման մեջ»,- այս մասին այսօր ԱԺ այգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ում թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրվել է անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի կողմից՝ իմպիչմենտի գործընթացի շրջանակում:

Էդմոն Մարուքյանը գտնում է, որ ընդդիմությունը փորձում է պրոցեսը վիժեցնել, եթե դեռ չկան ստորագրություններ իր թեկնածության օգտին:

«Էդգար Ղազարյանը և պարոն Նարեկ Մալյանը, հուսով եմ, իրենց խոսքը հարգում են, երկուսն էլ դիմել են պատգամավորներին, ասել են՝ նախաձեռնե՛ք, պատգամավորները նախաձեռնել են, դրանից հետո որևէ պատրվակով խոսակցությունները շարունակել՝ նշանակում է շարունակել «տինտիրիտներ» անել, հո մանկապարտե՞զ չի, լուրջ մարդիկ ենք, բաներ ենք խոսում: «Պատիվ ունեմ»-ի վեց պատգամավոր լուրջ մարդիկ են, չէ՞, հայտարարել են, որ առանց նախապայմանների տալիս են, սպասում ենք, Հակոբ Ասլանյանը կաբինետում է, բերեք ստորագրությունները, ի՞նչ խնդիր կա»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց նաև, որ ցանկանում է նորմալ, գործընկերային հարաբերություններ պահպանել, որևէ մեկի հետ որևէ խնդիր չունի:

Կարդացեք նաև

«Իմ խնդիրն ու նպատակը, որպեսզի իմպիչմենտը հասնի տեղ»,- ասաց նա:

Իր հերթին՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասաց, որ Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը կամ մեկ ուրիշը, ով ցանկանում է ձեռնարկել իմպիչմենտի գործընթաց, պետք է իմանա, որ ինքն ու Հովիկ Աղազարյանը չեն ստորագրի և այդ գործընթացն առաջ չի գնա:

«Գործընթացը գնալու է՝ ինչպես գնում է, եթե չէ, թող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք: Դեռևս վեց ամիս առաջ մենք հայտարարել ենք, որ մենք չենք համագործակցելու այդ ուժերի հետ, և երբ այս գործընթացը սկսվեց, բնականաբար, մենք չենք կարող մեր համաժողովի սկզբունքներին դեմ գնալ, մեզ մոտ դա հստակ է դրված»,- ասաց նա:

Մարուքյանն էլ հավելեց, որ ԱԺ երկու պատգամավորները նախապայման են ունեցել, իսկ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը նախապայման չեն ունեցել:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս