
Անթույլատրելի է ԳԱԱ միավորումը. 1943 թ, երբ Հովսեփ Օրբելին Լենինգրադի բլոկադայից եկավ և ԳԱԱ-ն հիմնեց, կմախք էր, բայց Ստալինին համոզել էր. Աելիտա Դոլուխանյան
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով՝ Գիտությունների ազգային ակադեմիան կմիավորվի բուհերի հետ. առաջարկը ներկայացրել է Կառավարությունը։
Չնայած Ակադեմիան պաշտոնապես ներկայացրել է իր առաջարկն այս փոփոխությունների վերաբերյալ և հստակ ընդգծել, որ անթույլատրելի է նման միավորում անել, սակայն առաջարկը ներկայացնող Կառավարությունը և իր անդամները հակված չեն անդրադառնալու ակադեմիկոսների դիտարկումներին։
ԳԱԱ թղթակից անդամ, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանի համար ԳԱԱ ինստիտուտների ու բուհերի միավորումն անընդունելի է ու անհասկանալի, քանի որ որևէ երկրում այդպես չեն վարվում իրենց ակադեմիաների հետ։
«Ես կարծում եմ, որ ԳԱԱ-ն որպես առանձին միավոր՝ պետք է մնա։ Ֆրանսիական ակադեմիան իրենց երկրի պարծանքն է, բա ինչո՞ւ Ֆրանսիան չի մտածում, որ պետք է փակի իր ակադեմիան, ինչո՞ւ Ադրբեջանն ու Թուրքիան չեն մտածում, որ պետք է չէ՞, որ ես գիտեմ աշխարհում ինչ է տեղի ունենում։
Ես ամռանը Դոմինիկյան Հանրապետությունում էի, սովորական մարդիկ այնքան իրենց ակադեմիան գովեցին, որ աղջկաս խնդրեցի, որպեսզի ինձ տանի այնտեղ։ Փառահեղ ակադեմիա ունեն, Դոմինիկյան Հանրապետությունը Ֆրանսիա, Հունգարիա, Չեխոսլովակիա չէ, իմ թվարկած այս երկրներն ակադեմիան չեն միացրել բուհերի հետ։
Մեկ այլ բան էլ ասեմ՝ 1943 թվականին, երբ ստեղծվեց ԳԱԱ-ն և ով այդ ժամանակ տեսել է Հովսեփ Օրբելու նկարը, որը եկավ ակադեմիան հիմնելու, նա կմախք էր, Լենինգրադի բլոկադայից էր գալիս։ Բայց նա Ստալինին համոզել էր, որ հայերն այնքան հերոսաբար են կռվում, որ ժամանակն է, որպեսզի այդ ժողովուրդն ունենա իր ազգային ակադեմիան։ Այս ակադեմիան ունեցել է համաշխարահային հռչակի 2 նախագահներ՝ Օրբելիին և Վիկտոր Համբարձումյանին, ում ամբողջ գիտական աշխարհն է ճանաչում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աելիտա Դոլուխանյանը։
Նրա կարծիքով՝ այս ամենը թելադրվում է դրսից, թե կոնկրետ որտեղից՝ չի կարող ասել, քանի որ շատ ծանոթ չէ քաղաքական հոսանքներին։ Սակայն մեկ բան հստակ գիտի՝ ամբողջ աշխարհում խոնարհում կա ակադեմիայի նկատմամբ։
Նշենք, որ օրերս 168.am-ի հետ զրույցում այս հարցի վերաբերյալ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն ասել էր, որ ԳԱԱ դիրքորոշումն արդեն հայտնի է, և այն արտացոլված է 2024 թվականի ապրիլի 3-ին ընդունած որոշման մեջ։
Հիշեցնենք նաև, ԳԱԱ 2024 թվականի ապրիլի 3-ին ընդունած որոշման մեջ մասնավորապես նշվում է.
«Տեղական ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների համար էլ։
Անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով։
Անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն` բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր։
ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը,
Նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում