Որ Չարենցավանի ՔՊ-ականներն անգրագետ են, հաստատ է. ձեզ մոտ հոդվածի հրապարակումից հետո խառնվել էին իրար. չարենցավանցի

Օրերս «168 ժամը» գրել էր, որ մայիսի 17-ին Չարենցավանում նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որին ներկա կլինեն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։ Եվ այդ հանդիպումը կայանալու էր արվեստի օջախում՝ Գառզուի անվան արվեստի դպրոցում։

Չարենցավանցիները մեզ հետ զրույցում ասել էին, որ նախ կրթական օջախն օգտագործում են կուսակցական ժողովի համար, հետո էլ որևէ գումար չեն վճարում արվեստի դպրոցը մի քանի ժամով օգտագործելու համար։

Պարզվում է՝ Չարենցավանի ՔՊ-ականները «168 ժամը» խառնել են «Հայկական ժամանակի» հետ, իրար մեջ քննարկել են, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթն իրենց քննադատել է, որ ժողովն անցկացնում են արվեստի օջախում և դրա համար գումար չեն վճարում։

Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Չարենցավանի ավագանին որոշում ունի, որ արվեստի դպրոցը եթե վարձակալում են, ապա 50 հազար դրամ պետք է վճարեն, սակայն ՔՊ-ն շրջանցել է օրենքը։

Կարդացեք նաև

«Սրանք օրենքը շրջանցել են, չգիտեմ՝ վարչական ռեսո՞ւրս են օգտագործել, թե՞ լավության կարգով է դպրոցն իրենց տրամադրվել՝ չեմ կարող ասել։ Բայց որ սրանք անգրագետ են, հաստատ է, որովհետև «168 ժամը» խառնել են «Հայկական ժամանակի» հետ, ձեզ մոտ հոդվածի հրապարակումից հետո, խառնվել էին իրար։ Իրենց մոտ այդ հոդվածը դարձել է քննարկման առարկա, հետո են գլխի ընկել, որ 168.am-ն է անդրադարձել։

Եթե այդ 50 հազարը չեն վճարում, ուրեմն՝ արվեստի դպրոցը թող բոլորին անվճար տրամադրեն։
Հիմա մեզ խոստացել են, որ այդ գումարը կվճարեն, այսինքն՝ իրենք որոշում են կայացրել ու այդ որոշումը խախտում են։ Որոշում են կայացրել, վճար են սահմանել, դե թող բարի լինեն՝ վճարեն»,- նշեց Գևորգ Հակոբյանը։

Մեր զրուցակիցը նաև հավելեց՝ կսպասեն, տեսնեն՝ ի վերջո, ավագանու որոշումը կկատարվի՞, թե՞ ՔՊ-ն այս անգամ էլ է արտոնյալ լինելու։

Տեսանյութեր

Լրահոս