Բաժիններ՝

Ողբերգական փաստեր ու հուշեր 1905 թվականի Նախիջևանի կոտորածից

20-րդ դարասկիզբը հայոց պատմության ամենակարմիր ժամանակաշրջաններից էր։ Այդ շրջանում թուրք-թաթարական ուժերը ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի կարողանան կոտորածների ու թալանի միջոցով վախ ու սարսափ տարածել հայկական բնակավայրերում։ Այդկերպ դրվում ու շարունակվում էին 1915-ի ցեղասպանության հիմքերը։ Շուշիում, Բաքվում տեղի ունեցած կոտորածների կողքին պետք է խոսել նաև Նախիջևանի կոտորածի մասին։ 1905 թվականի մայիսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում իշխանությունների աչքի առաջ կատարվում էին վայրագություններ։ Կատաղած հրոսակներն այրում էին խանութներն ու եկեղեցիները։ Կոտորվում էին մարդիկ։ Կանայք ու աղջիկները բռնաբարվում էին։ Նախիջևանում կարծես թե գործում էր այն սցենարը՝ ինչ Բաքվում։

Պետք է ընդգծել, որ 1905-1907 թվականների՝ Բաքվի, Նախիջևանի, Շուշիի ու Ելիզավետապոլի կոտորածների ժամանակ մասնակցում էին կովկասյան մուսուլմանները և զինվորականները։  Նախիջևանի կոտորածը ևս մեր պատմության արյունալի էջերից մեկն էր։ Հատկանշական է, որ այդ կոտորածի ու վայրագությունների մասին կան մի շարք տեղեկություններ ժամանակի մամուլում։ Այդ ցանկում բացառիկ է Կարապետ վարդապետի հեռագիրն Ա․ Վանեցի կաթողիկոսին։ Հեռագրում  վարդապետը մանրամասն պատմում է Նախիջևանում տեղի ունեցած վայրագությունների մասին․

«Հասա 1-ին։ Որոշեցինք ընտրել երկու ազգերի կողմից էլ հնգական ներկայացուցիչներ։ 12-ին առավոտյան ինն ժամին հավաքվեցինք խորհրդածության։ Երբ սկսվեց հրաձգություն, մնացինք փակված եկեղեցու բակում։ Ավերված է շուկան, այնտեղ եղած հայերից քչերը միայն կարողացան ազատվել, մյուսներին սրախողխող արեցին։ Առայժմ գտնված է մոտ 30 դիակ, բացի վեց այրվածներից` Կարապետ Ադամյանից, նորա փեսայից, գործակատարից և երեք Խալաթյաններից։

Փոքր էր և մնացել, որ Մելիք Աղամալյանին սպանեին։ Շուկայի մի մասը վառեցին, հայոց բոլոր խանութները մինչև վերջին փշրանք ամենայն անդորրությամբ թալանեցին։ Տեղական զորքը հասավ երկու ժամից հետո, բաժանված պահակախմբերի, և կարողացավ հանգցնել միայն հրդեհը և կանգնեցնել բնակարանների վրա հարձակումը և վերականգնել փոքր-ինչ  խաղաղություն, որն առայժմս շարունակվում է։ Երեկ տեղեկություն ստացա ջահրինցիների և ուրիշ հայ գյուղերի անհույս կացության մասին։ Այնտեղ ուղարկեցինք Ջաֆար Կուլի խանին, ջահրիցիների մի մասը պաշտպանվելով` փրկվեց սեփական տներում։ Շատ կանանց և երեխաների ապաստան տվեցին թուրքերից մի քանիսը։ Զոհերի թիվը որոշ չէ։ Ազատելով բոլոր կենդանի մնացածներին, հասցրել են Շխմահմուդ, որտեղ և հավաքվեցին  Նազարապատի, Դիտի-Օզուն Օբայի, Դիտվարի, Խալիլուի, Քյուլթափայի բնակիչները, որոնց գիշերը օգնություն ուղարկեցինք։ Ասում են, Հաջիվարի քահանային և այլոց մորթել են, գյուղն այրել։ Գնում եմ այնտեղ խանի հետ։

Զորքն այսօր կհասնի, խոստացան ղազախների մի հարյուրյակ, բայց վերջնականապես խաղաղեցնելու և գավառի հայերին փրկելու համար, նրանց վերադարձնելու կողոպտված գույքը, հատուցանելու վնասները և պարզելու ավերածության պատճառը, հարկավոր են ընդարձակ միջոցներ։ Հեռագրեցինք սուլթան Կրիմ Գիրեյին, որ դարձնե այդ բանի վերա փոխարքայի ուշադրությունը։

Խնդրում եմ Ձերդ սրբության միջնորդությունը և ազդեցությունը, որպեսզի շուտափույթ նյութական օգնություն տրվի արկածյալներին։ Կարապետ վարդապետ։ 1905 թվական, մայիսի 14»։ (Հատված` Սեն Հովհաննիսյանի «Նախիջևան. Ցեղասպանություն» գրքից։ Երևան, 2015, էջ 132)։

Այս նամակում, ինչպես նաև մի շարք հեռագրերում ուրվագծվում է թուրք-թաթարական ուժերի ձեռագիրը։ Նրանք անում էին այն, ինչն  անելու էին 10 տարի հետո։ Մարդուն ողջ-ողջ այրելն ու սրով սպանելը թուքրերի համար նորմալ գործողություն էր։ Պահպանվել են բացառիկ լուսանկարներ, որոնցում երևում են վառված մարդկանց մնացորդները, ովքեր Նախիջևանի կոտորածի զոհերից էին։ Մոտ 180 հայկական խանութներից չթալանվեցին միայն մի քանիսը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ կոտորածի ժամանակ Նախիջևանում հայերը տվեցին մոտ 400 զոհ։ Մեծ թվով վիրավորներ եղան։ Մի քանի տասնյակ գյուղեր ավերվեցին և այրվեցին։

Մեծ էր նաև նյութական վնասը, քանի որ մուսուլմանները թալանում էին հայերի խանութները։ Այս ամենին գումարվեց նաև մշակութային կոտորածը։ Հայկական մի շարք եկեղեցիներ թալանվեցին։ Մասնավորապես տանում էին եկեղեցու թանկարժեք սպասքն ու գույքը։ Ոչնչացվեցին նաև մեծ թվով ձեռագիր մատյաններ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 1905-1907 թվականներին Բաքվում, Նախիջևանում, Շուշիում և Ելիզավետապոլում  տեղի ունեցած կոտորածների ժամանակ միասին վերցված զոհվել է 3000-10 000 հայ։ Այս ամենն իմանալով՝ պետք է գիտակցել, որ մի ամբողջ դար մեր թշնամին մեզ սպանում էր ամենաայլանդակ ու անմարդկային ձևերով։ Նա հիմա ևս դա ցանկանում է։ Պարզապես դա չեն թողնում սահմանին կանգնած զինվորները։ Եվ այս ամենը գիտակցելուց հետո պետք է փաստել, որ թշնամու հետ պետք է խոսել ուժի լեզվով։ Հակառակ դեպքում 21-րդ դարում ևս կպահպանենք սպանվելու այն ավանդույթը, ինչ նախորդ դարում էր։

Զ Շուշեցի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս