Տոնոյանը Մոսկվայում է. սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերի գործողությունները չի կարելի դադարեցնել
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօրվա նիստը նման մակարդակի առաջին հանդիպումն է մեր միջազգային շփումների պատմության մեջ»,- բացման իր խոսքում ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Շոյգուն ընդգծել է, որ վայրը, որտեղ տեղի է ունենում նիստը՝ Կուբինկայի «Պատրիոտ» զբոսայգին, պատահական չի ընտրվել: Նրա խոսքով՝ այստեղ ամուր փոխկապակցված են պատմությունն ու մեր օրերը:
«Այստեղով անցնում էր Մոսկվայի պաշտպանության սահմանը, որտեղ խորհրդային զորքերը կանգնեցրին թշնամուն և հասան ռազմաճակատում առաջին խոշոր հաջողություններին։ Այստեղից է սկսվել մեր զորքերի ընթացքը դեպի Արևմուտք և ժողովուրդների ազատագրումը ֆաշիզմից։
Ի նշանավորումն գրեթե ամբողջ աշխարհի տարած հաղթանակի 75-ամյակի՝ ամբողջ ժողովրդի հետ միասին կառուցել ենք Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր տաճարը և «Հիշատակի ճանապարհ» թանգարանային համալիրը»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։
ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպման արդյունքները հիմք ընդունելով՝ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ վերը նշված երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները գտնում են՝ սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերի գործողությունները չի կարելի դադարեցնել, այդ թվում՝ միջուկային զենքի:
«Հատկապես ընդգծվեց զենքի վերահսկման ոլորտում պայմանագրային ռեժիմների ապամոնտաժման անթույլատրելիությունը, այդ թվում՝ միջուկային»,- ասել է Շոյգուն:
Նա հայտնել է, որ նախարարներն ընդունել են համատեղ կոմյունիկե, որն արտացոլում է կոնսոլիդար մոտեցումներ անվտանգության ոլորտում ընդհանուր խնդիրների ուղղությամբ: