Ինչ ունեցվածքով է Արամ Հովհաննիսյանը ստանձնում նոր պաշտոնը․ վերջին հայտարարագրի մի քանի դրվագները

Օրերս տեղեկացանք, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ով աշխատանքից ազատվել էր 2025թ., նշանակվել է ՀՀ ՊՆ ՌՈ պետ։

Վերջին հայտարարագիրը պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և  ծախսերի հայտարարագիրն է, որն, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրի, Արամ Հովհաննիսյանը ներկայացրել է 2025 թվականի դեկտեմբերին։

168am-ը մի քանի դրվագներ կներկայացնի պաշտոնյայի նախորդ տարի ներկայացրած հայտարարագրից, որից պարզ է դառնում, թե ի՞նչ «ձեռքբերումներով» է Հովհաննիսյանը ստանձնում նոր պաշտոնը։

Այսպես, հայտարարագրում պաշտոնյան նշել է ընտանիքի անդամներին.  տեղեկանում ենք, որ որդին՝ Հրաչյան, Արտաշատի համայնքապետի խորհրդականն է, մյուս որդին՝ Կառլենը, ՀՀ ոստիկանության ՃՈ Արտաշատի ՀՔԲ-ի հաշվառման քննական բաժնի ավագ տեսուչ, հարսներից մեկը՝ գործակատար ինչ-որ ԱՁ-ում, իսկ մյուսը՝ տնօրեն՝ սեփական «Մոնամո» ՍՊԸ-ում։ Արամ Հովհաննիսյանը մյուս որդու՝ Էդգար Հովհաննիսյանի աշխատավայրի մասին տեղեկություններ չի նշել, սակայն նրա առանձին հայտարարագրից տեղեկացանք, որ նա աշխատում է Պետական վերահսկողական ծառայությունում։

Կարդացեք նաև

Պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ Արամ Հովհաննիսյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 2016 թվականին ժառանգություն ստացած և համատեղ սեփականություն հանդիսացող «Բազմամյա տնկի»-ն Արտաշատ համայնքում, նույն համայնքում միանձյա տնօրինվող անհատական բնակելի տուն և հասարակական նշանակության շինություն։  Հանձնված փոխառություններ սյունակից էլ տեղեկանում ենք կառուցապատող «Սկայ բիլդինգ» ՍՊԸ-ից գնված տան մասին․ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ փոխառության արժեքը կազմել է  41,075,726.1 դրամ։

2025 թվականի դեկտեմբերին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Արամ Հովհաննիսյանի բանկային 3 հաշիվների մնացորդներն ունեցել են հետևյալ տեսքը՝ 6,091,129.11 դրամ, 844.2 դրամ և 6,904,611 դրամ, իսկ հաշվետու շրջանի՝  13,077,562 դրամ եկամուտն էլ գոյացել է ՊԵԿ-ից ստացած 1,802,886 դրամից և ՆԳՆ-ից ստացած 11,274,676 դրամ աշխատանքային վարձատրությունից և/ կամ դրան հավասարեցված այլ վճարումներից (նկատենք՝ սա մի քանի ամիսների աշխատավարձն է, օրինակ, 2024 թվականին նա ՆԳՆ-ից ստացել է 18,625,617  դրամ աշխատավարձ։

Արամ Հովհաննիսյանի որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը, որը ՔՊ վառ ներկայացուցիչ է և ընդգրկվել էր վերջին ընտրությունների ցուցակում, 2026 թվականի հունվարին ներկայացրած հայտարարագրում նշել է միանձնյա սեփականություն հանդիսացող 3 անշարժ գույքի մասին՝ 2018 թվականին Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում գնած հողամասի, 2023 թվականին Արտաշատում նվիրատվություն ստացած այգետնակի, 2024 թվականին Շենգավիթում գնած հասարակական նշանակության շինության։

2025 թվականին նա գնել է 1991 թվականի արտադրության «Կամազ» մակնիշի մեքենա։ Հանձնված փոխառություններ տողում Արամ Հովհաննիսյանի որդին ևս պարտապան է նշել  «Սկայ բիլդինգ» ՍՊԸ-ն։

Հրաչյա Հովհաննիսյանի բանկային հաշիվների մնացորդների ընդհանուր ծավալը այդ պահի դրությամբ գերազանցել է 200 հազար դրամը, իսկ հաշվետու ժամանակահատվածի՝ 5,988,227 դրամ եկամուտն էլ գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից կամ այլ հատուցումներից՝ Սևակ Էմիրջանի Ասլանյան ԱՁ-ից և Տոնիկ Սուրենի Ալֆատանյան ԱՁ-ից, ՊԵԿ-ից ստացած եկամտային հարկի վերադարձից, ինչպես նաև՝ «Արտաշատի համայնքապետարան»-ից ստացած աշխատավարձից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Պաշտոնյայի ՔՊ-ական որդին նաև հայտնել է երեք վարկերի՝ 11,090,793.1 դրամ ընդհանուր ծավալով մնացորդի չափի մասին։

Մյուս որդին՝ ՆԳՆ ավագ տեսուչ Կառլեն Հովհաննիսյանը, դարձյալ հունվարին ներկայացրած հայտարարագրում նշել է 2 անշարժ գույքի մասին՝ 2018 թվականին Կոտայքի Մեղրափոր համայնքում գնած հողամասի, որը տնօրինում է միանձնյա և դարձյալ միանձնյա սեփականություն հանդիսացող Արտաշատում գնած անհատական բնակելի տան։

Կառլեն Հովհաննիսյանը նշել է նաև 2021 թվականին գնած բեռնատար մեքենայի մասին և 2 հանձնված փոխառության, որոնցից մեկի պարտապանը  «Սկայ բիլդինգ»-ն է, մյուսը՝ «Հայրենիք շին»-ը (12 միլիոն դրամ):

Արամ Հովհաննիսյանի այս որդու բանկային հաշիվների մնացորդները գերազանցել են 8 միլիոն դրամը, իսկ այդ ամիսների՝ 3,207,804 դրամ եկամուտն էլ գոյացել է ՊԵԿ-ից ստացած եկամտային հարկի վերադարձից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած միանվագ վճարներից և ՆԳՆ-ից ստացած աշխատավարձից և կամ դրան հավասարեցված այլ վճարներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31