Ի՞նչ կապ ունեն երեխաները COP17-ի, նախորդ տարվա Ֆրանկոֆոնիայի օրերի, այս տարվա գարնանային եվրոպական քաղաքական միջոցառումների հետ․ Հեքիմյան
Կարեն Հեքիմյանը գրում է․
«2026-ի հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Ըստ այդմ, ԿԳՄՍ նախարարությունը որոշել է, որ Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից սկսած հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով: Որպես «փոխհատուցում» աշակերտներին հետագայում մեկ շաբաթի փոխարեն երկու շաբաթ արձակուրդ կտան:
Լավ, ի՞նչ կապ ունեն երեխաները COP17-ի, նախորդ տարվա Ֆրանկոֆոնիայի օրերի, այս տարվա գարնանային եվրոպական քաղաքական միջոցառումների հետ … Բոլոր դեպքերում տուժում են աշակերտները: Դպրոցները փակվում են, ուսումնական գործընթացը` խաթարվում:
Ինչու՞ աշակերտները պետք է շաբաթ օրերին դպրոց գնան: Որ COP17-ի ընթացքում խցանումնե՞ր չլինեն, որ օտարերկրացիներն ազատ շրջեն Երևանի փողոցներու՞մ: Երեխաների կրթության հաշվի՞ն: Չեք կարողանում նորմալ միջոցառում կազմակերպել, մի կազմակերպեք: Երեխաներն ի՞նչու պետք է տուժեն խնդիրները լուծելու ձեր անկարողության պատճառով: Բացի դրանից` ինչու՞ եք միայն երեխաների իրավունքները սահմանափակում: COP17-ի օրերին բոլորիս դուրս հանեք Երևանից: Փակեք ինչ և ում հնարավոր է: Դուք ձերոնցով մնացեք և վայելեք զմիմյանց»:

