ԹՈՒՄՈ-ն Նյու Յորքի Թայմս Սքվերում է․ Nasdaq Tower-ի էկրանին նշվել է կենտրոնի 15-ամյակը
Նյու Յորքի Թայմս Սքվերում գտնվող հայտնի Nasdaq Tower-ի էկրանին հայտնվել է ԹՈՒՄՈ-ն՝ ազդարարելով պատանեկան կրթության ոլորտում իրականացրած 15-ամյա հեղափոխությունը։
ԹՈՒՄՈ-ն անվճար կրթական նախագիծ է, որը հիմնադրվել է Հայաստանում 2011 թվականին։ Այստեղ պատանիներն ինքնուրույն են ընտրում իրենց հետաքրքրող ոլորտները՝ ծրագրավորում, կինոարտադրություն, երաժշտություն, դիզայն, անիմացիա և այլն։ Չկան պարտադիր դասացուցակներ կամ կաղապարված ուղիներ․ պատանիները շարժվում են սեփական հետաքրքրասիրությամբ, սովորում ոլորտի առաջատար մասնագետներից և հենց ընթացքում իրականացնում գործնական նախագծեր։
Երևանյան մեկ շենքում մեկնարկած փորձարարական ծրագիրն այսօր ամեն շաբաթ կրթում է ավելի քան 35,000 պատանիների, ունի շուրջ 100,000 շրջանավարտ և ընդլայնվել է կենտրոնների ու «ԹՈՒՄՈ տուփերի» ցանցով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ 13 այլ երկրներում։ Այն դարձել է աշխարհում ամենապահանջված կրթական մոդելներից մեկը․ հայկական մի գաղափար, որն այսօր ուսումնասիրում և կիրառում են տարբեր երկրներում։
Թայմս Սքվերում հայտնվելը Nasdaq-ի ներկայացուցիչ Քրիստինա Այանյանի հոբելյանական նվերն էր ԹՈՒՄՈ-ին։ Ի դեպ, նա է վարելու սեպտեմբերին Լոս Անջելեսում կայանալիք ԹՈՒՄՈ-ի 15-ամյակի հանգանակության երեկոն (Gala)։ Սեպտեմբերի 20-ին Vibiana-ում կազմակերպվող միջոցառմանը մեծարելու են համաշխարհային ասպարեզում հայկական հաջողությունը ներկայացնող երեք առաջնորդների՝ ServiceTitan-ի համահիմնադիրներ Արա Մահդեսյանին ու Վահե Քուզոյանին, ինչպես նաև NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Հանգանակված ողջ հասույթն ուղղվելու է ԹՈՒՄՈ-ի ընդլայնմանը Հայաստանի մարզերում՝ որակյալ ու անվճար կրթություն հասանելի դարձնելով նաև գյուղական համայնքների պատանիներին։

