Այսօր՝ 1227 թ. օգոստոսի 18-ին, լրանում է պատմության մեծագույն նվաճողներից մեկի՝ Չինգիզ խանի մահվան տարելիցը․ Սուրեն Մանուկյան

Պատմաբան Սուրեն Մանուկյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Այսօր՝ 1227 թ. օգոստոսի 18-ին, լրանում է պատմության մեծագույն նվաճողներից մեկի՝ Չինգիզ խանի (Թեմուջին) մահվան տարելիցը։ Նա ստեղծեց մարդկության պատմության մեջ ամենամեծ ցամաքային կայսրությունը, որը ձգվում էր Խաղաղ օվկիանոսից մինչև Կենտրոնական Եվրոպա:

Չինգիզ խանը սոսկ դաժան նվաճող չէր: Նա միավորեց իրար դեմ պատերազմող մոնղոլական և թյուրքական ցեղերը՝ ներդնելով «Յասա» օրենսգիրքը: Նրա կառավարման ժամանակ մարդիկ պաշտոններ էին ստանում ոչ թե ծագման, այլ անձնական քաջության ու տաղանդի համար: Նա ներդրեց փոստային կապի համակարգը, ույղուրական գիրը և ապահովեց Մետաքսի ճանապարհի անվտանգությունը՝ կամրջելով Արևելքն ու Արևմուտքը:

Չինգիզ խանի կենդանության օրոք՝ 1220-1221 թթ., մոնղոլական առաջապահ ջոկատները՝ Սուբեդեյի և Ջեբեի գլխավորությամբ, առաջին անգամ մտան Անդրկովկաս: Խունանի ճակատամարտում հայ-վրացական միացյալ զորքերը՝ Վահրամ Գագեցու և Գեորգի Լաշայի հրամանատարությամբ, բախվեցին այս նոր ու անհայտ ուժի հետ:

Սակայն հայ իրականության մեջ ամենափայլուն դիվանագիտական քայլը կատարեց Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ն: Հասկանալով, որ դիմադրությունն անհնար է, նա 1254 թ. անձամբ մեկնեց մոնղոլների մայրաքաղաք Կարակորում: Նա կնքեց հայ-մոնղոլական դաշինք, որով Կիլիկիան փրկվեց ավերածություններից և ստացավ ռազմական աջակցություն սելջուկների ու եգիպտական մամլուքների դեմ:

Աշխարհի պատմաբանների համար 13-րդ դ․ մոնղոլական նվաճումների մասին ամենահավաստի և մանրամասն տեղեկությունները պահպանվել են հայ պատմիչների աշխատություններում:

Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ նա տվել է մոնղոլների արտաքինի, սովորույթների, կրոնական պատկերացումների և լեզվի առաջին գիտական նկարագրությունները: Գրիգոր Ակներցիի «Պատմություն նետողաց ազգին» երկում հեղինակը մանրամասնում է մոնղոլների ռազմական արվեստը, նրանց կազմակերպվածությունը և հայտնի խաների կենսագրությունները: Վարդան Արևելցու աշխատություններում տեղ են գտել մոնղոլական տիրապետության տնտեսական և հարկային համակարգի մասին կարևոր տվյալներ: Սմբատ Սպարապետն իր թղթերում նկարագրել է մոնղոլական հզորությունն ու Հեռավոր Արևելքի հրաշալիքները:

Չինգիզ խանը մահացավ Թանգուտական թագավորության դեմ արշավանքի ժամանակ: Նրա թաղման վայրը մնում է պատմության ամենամեծ գաղտնիքներից մեկը: Ըստ ավանդության՝ հուղարկավորությանը մասնակցած բոլոր զինվորները սպանվել են, որպեսզի ոչ ոք չիմանա գերեզմանի տեղը, իսկ տեղանքի վրայով հազարավոր ձիեր են անցել՝ հավասարեցնելով հողը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31