Թուրքիայում երիտասարդ զույգերի աջակցության ծավալը հասել է 457 մլն դոլարի
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ «Ընտանիքի և երիտասարդության հիմնադրամին» փոխանցված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 21.9 մլրդ թուրքական լիրա (457 մլն դոլար)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս ֆոնդի միջոցներով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում այն երիտասարդներին, ովքեր պատրաստվում են ընտանիք կազմել։
Հիմնադրամի միջոցները ձևավորվում են երկրի բնական պաշարների շահագործումից ստացված եկամուտներից։
Մասնավորապես, նշված 21.9 մլրդ լիրայից 12.1 միլիարդը (252 մլն դոլար) գոյացել է հանքարդյունաբերությունից, իսկ 9.8 միլիարդը (204 մլն դոլար)՝ նավթի և բնական գազի պետական բաժնեմասերից։ Միայն 2024-ին մեկնարկած այս ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում փոխանցվել է ավելի քան 7.8 մլրդ լիրա (162 մլն դոլար)։
Նշվում է, որ աջակցության պայմանների համաձայն՝ 18-25 տարեկան երիտասարդներին տրամադրվում է 250.000 լիրա (5․217 դոլար), իսկ 26-29 տարեկաններին՝ 200.000 լիրա (4․174 դոլար)։ Ըստ Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի էլ՝ մինչ օրս ծրագրից օգտվել է ավելի քան 185.000 երիտասարդ։

