«Տանը 13 հոգի ենք, մինչ օրս մոտ 260.000 դրամ ենք ծախսել դիմակների վրա». Քաղաքացի

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտի 16-ից արտակարգ դրություն հայտարարվեց, և, եթե սկզբնական շրջանում դիմակների կրման հետ կապված պաշտոնական մակարդակով եղավ հայտարարություն, որ դրանք օգուտ չեն կարող տալ, ապա որոշ ժամանակ անց դիմակների կրումը դարձավ պարտադիր, ավելին՝ նրանք, ովքեր դիմակ չեն կրում, տուգանվում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարում էր․ «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով կհանենք, արաղով կախտահանենք», սակայն հունիսի 15-ին պարետատան նիստից հետո հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման թիվ մեկ պատճառը դիմակներ չկրելն է, ուստի մեծացվելու են վարչական ներգործության մեթոդներն ու ծավալները:

Նույն նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ  անդրադարձել էր դիմակների գներին՝ նշելով, որ դրանց գները սրընթաց անկում են ապրում, և, որ ներկրողները կարծում են, որ մոտակա մեկ ամսում դրանք գրեթե կհավասարվեն միջճգնաժամային գնին:

Այս հայտարարությունից անցել է 2.5 ամիս, Հայաստանում բազմաթիվ դիմակ արտադրող ձեռնարկություններ են գործում, սակայն դիմակների միջին գինը շարունակում է մնալ 100 դրամ, իսկ միջճգնաժամային հատվածում դրանց գները 20-30 դրամ էին:

168.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ քաղաքացիներից հետաքրքրվելով՝ արդյոք հաշվարկե՞լ են, թե մինչ այսօր որքան գումար են ծախսել դիմակների համար:

«Ահագին գումար ենք ծախսել, մոտ 20.000 դրամի կարգի: Մենք տանը 13 հոգի ենք, 20.000-ով բազմապատկեք, մոտ 260.000 դրամ: Այս ամենը խեղկատակություն է: Նախարարության աշխատանքը համավարակի դեմ պայքարում համարում եմ ձախողված, միանշանակ ձախողված: Սկզբնական շրջանում հայտնի դեմքերն ասացին՝ սա հիվանդություն չի, պինցետով, լանցետով, հետո էլ արդեն ուշացած փաստի առաջ կանգնան, ժողովրդին էլ՝ նույն ձև»,- ասաց տարեց քաղաքացիներից մեկը:

Հարցվողներից մեկն էլ նկատեց․ «Օրվա մեջ 2 անգամ դիմակս փոխում եմ, առաջ, երբ բժշկական դիմակ չէի գնում, եղել է, որ հանրախանութից 70 դրամով, 100 դրամով գնել եմ, բայց հիմա միայն բժշկական եմ գնում՝ 300 և բարձր արժեքով: Վերջին անգամ 500 դրամով եմ վերցրել»:

Քաղաքացիներից մեկն էլ դժգոհեց, որ նոր է ընդունվել համալսարան և առաջին իսկ օրը տուգանվել է, քանի որ դիմակն իջեցրած է եղել.

«Սեպտեմբերի 1-ին՝ առաջին օրը, եկանք համալսարան, հենց մուտքի առաջ փոխանակ շնորհավորեին մեր սիրելի ոստիկանները, շնորհավորեցին իրենց տուգանքով, ու տուգանքն էլ եկել է»:

Քաղաքացիներից մի քանիսն էլ ասացին, որ աշխատավայրում գործատուն է ապահովում դիմակներով:

168.am-ը եղել է նաև մայրաքաղաքի մի քանի դեղատներում՝ պարզելու համար, թե այսօր որքա՞ն արժե դիմակը, քաղաքացիներն ի՞նչ դիմակներ են նախընտրում ձեռք բերել:

«Համավարակի առաջին օրերին դիմակը 200-250 դրամի կարգի է վաճառվել, իսկ այս պահին մեր ամբողջ ցանցում 70 դրամ է: Համավարակից առաջ 30-50 դրամ է եղել, գնի բարձրացումը կապված էր ոչ թե, որ ֆիրման առիթից օգտվել և գինը 30-ից դարձրել է 230 դրամ, այլ այդքանով ստանում էինք: Այս պահին հիմնականում չինական արտադրանքն ենք ստանում, ունեցել ենք նաև մեր հայկական արտադրանքը, բայց այս պահին ֆիրման չի ստանում»,- ասաց դեղատներից մեկի աշխատակիցը:

Մեկ այլ դեղատնից էլ տեղեկացրին, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մարդիկ շարունակում են ձեռք բերել կտորե դիմակներ՝ կապված նաև դրանց մատչելի լինելու հետ.

«Կտորից դիմակներն ինչպես եղել են ակտուալ, այնպես էլ մնացել են: Մարդիկ ավելի շատ նպատակահարմար են գտնում գնել կտորից դիմակներ, որովհետև դրանք ավելի հարմար են օգտագործման համար՝ ելնելով ֆինանսներից, քանի որ դրանք բազմակի օգտագործման համար են՝ լվացովի: Նախընտրում են առնել 1 անգամ, օգտագործել գոնե 1 ամիս»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս