Ե՞րբ կհանդիպեն Մնացականյանն ու Բայրամովը
«Հայկական կողմը հուլիսյան մարտերից հետո ներկայացրել է խաղաղ գործընթացի վերաբերյալ մոտեցումները, որոնք ներկայացվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հուլիսի 23-ին ՀՀ Կառավարության նիստի ժամանակ»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտնած մտահոգությանը։
Աննա Նաղդալյանը նշեց, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ստանում են խիստ իրարամերժ ազդակներ ու հայտարարություններ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը ոչ միայն հուժկու հարված են հասցրել Ադրբեջանի ԶՈՒ-ին, այլև դիվանագիտական ներուժին։
«Որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ մակարդակի չի իջնելու։ Ըստ ադրբեջանական կողմի վարկածի, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները, այս դեպքում՝ ՀՀ-ն ու ՌԴ-ն, չպետք է սերտ համագործակցեն և ունենան համագործակցություն ռազմաարդյունաբերական ոլորտում։ Գուցե բացահայտում անեմ իրենց համար, բայց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 1990-ական թթ․, և պարզապես տարակուսանքի է արժանի, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրականությունը»,- ասաց Նաղդալյանը։
Հարցին, թե ե՞րբ են հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանեց, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է շարունակել աշխատանքները խաղաղ գործընթացի շրջանակներում։ Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի արտգործնախարարի հայտնած ցանկությունը, որը վերջինս հայտնել էր ՌԴ այցի ընթացքում, ժամկետների մասով մշտապես ասում ենք, որ ըստ կարգի՝ հանրությունը կտեղեկացվի։ Հայկական կողմը հուլիսյան մարտերից հետո ներկայացրել է խաղաղ գործընթացի վերաբերյալ մոտեցումները, որոնք ներկայացվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հուլիսի 23-ին ՀՀ Կառավարության նիստի ժամանակ, և դրանում կենտրոնական դեր է խաղում ուժի կիրառման բացառումը, ատելության հռետորաբանության դադարեցումը և հրադադարի ռեժիմի ամրապնդումը։ Ըստ մեր գնահատականների՝ այդ մոտեցումները նաև առաջնահերթություն են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և համանախագահող երկրների մոտ»,- ասաց Նաղդալյանը։