Բաժիններ՝

«Մեր հարկային քաղաքականությունը, մեղմ ասած, նպաստող չէ ներդրումների համար». Վահագն Խաչատրյան

«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների արդյունքը կերևա ավելի ուշ, հետևաբար՝ այդ ոլորտից այս պահին պոզիտիվ արձագանքի ակնկալիք չպետք է ունենալ։

«Գյուղատնտեսության դերակատարումը տարվա ընթացքում լրջագույն տարբերվում է՝ երկու անգամ։ Տարվա առաջին կեսում ազդեցությունն ընդհանուր համախառն ներքին արդյունքի վրա կազմում է 8,5 տոկոս, իսկ երկրորդ կիսամյակում՝ 15,2 տոկոս։ Հետևաբար՝ տեսնել, որ գյուղատնտեսությունը կլինի այն փրկարար օղակը՝ համախառն ներքին արդյունքում, որպեսզի  մեծ անկում չունենանք՝ պետք է մի քիչ ավելի համեստ լինել։ Կարևորն այն է, որ անկում չլինի, որ գյուղատնտեսությունը պահի անցյալ տարվա ծավալները, մաքսիմալ մթերվի այն բերքը, որն այսօր ձևավորվում է։ Մենք պետք է ընկալենք, որ այսօրվա գյուղատնտեսության ներդրումներն արել ենք 3-4 տարվա կտրվածքով»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Տիգրան Ջրբաշյանը։

Անդրադառնալով ներդրումներին՝ Տիգրան Ջրբաշյանը շեշտեց, որ վերջին առնվազն 7 տարիների ընթացքում ներդրումային հոսքերի ուղղությունը փոխվել է, սկզբում զարգացած աշխարհից գնում էին զարգացող աշխարհ, իսկ վերջին շրջանում ճիշտ հակառակ պատկերն է՝զարգացող աշխարհից գնում են զարգացած աշխարհ։

«Այսպես ասած, գլոբալ իրավիճակը նպաստող չէ մեր նման զարգացող երկրների համար ներդրումներ ներգրավելուն։ Իրականությունը ցույց է տալիս, որ նման երկրներում երկարաժամկետ ներդրումների ներգրավման լուջ խնդիր կա։ Երբ փորձում են ամեն ինչ պահել կայունացման այս մակարդակի վրա, թե՛ տոկոսադրույքները, թե՛ սղաճը, զոհում են արտահանման պոտենցիալը՝ փոխարենը չստանալով անհրաժեշտ ներդրումային բազա։ Կարծում եմ՝ ճգնաժամը պետք է լինի այնպիսի ստիմուլ, կատալիզատոր, որ մենք այդ ստերեոտիպից դուրս գանք։ Ներդրումների համար բանալին մեզ մոտ է, մեր ձեռքում՝ տնտեսական քաղաքականության որոշումների իրականացման ոլորտում»,- հավելեց Տ. Ջրբաշյանը։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով էլ՝ պետք է կարողանալ ներդրումներին ուղղված քաղաքականություն վարել, որի մեջ մտնում է նաև հարկային քաղաքականությունը։

«Մեր հարկային քաղաքականությունը, մեղմ ասած, նպաստող չեն ներդրումների համար նաև այն դրույքաչափերը, որոնք ունենք։ Բոլոր դեպքերում, մեկ տնտեսական աքսիոմատիկ ճշմարտություն կա, որ, եթե ցանկանում են ներդրումներ ունենալ, ուրեմն պետք է համապատասխան պայմաններ ստեղծել»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը։
Ըստ նրա, եթե որևէ ներդրող որոշի համեմատություն կատարել Հայաստանի ու Վրաստանի միջև՝ ներդրումներ կատարելու համար, հաստատ կընտրի Վրաստանին՝ հարկային քաղաքականության առումով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս